Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը` պատերազմի ու հրադադարի մասին


Ստեփանակերտ, 7 հոկտեմբերի, 2020թ.
Ստեփանակերտ, 7 հոկտեմբերի, 2020թ.

Ընդամենը չորս կետից բաղկացած համաձայնագրում շատ բան մնում էր անորոշ

New York Times-ն անդրադառնում է հրադադարի շուրջ նախօրեին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությանը: Ընդամենը չորս կետից բաղկացած համաձայնագրում շատ բան մնում էր անորոշ, այդ թվում` հստակ չէր` արդյոք Կարմիր խաչն է ղեկավարելու գերիների փոխանակման ու զոհվածների աճյունների դուրսբերման գործընթացը: Ավելին, մինչ կողմերը կտարածեին համատեղ հայտարարությունը, խաղաղ համաձայնագրի հեռանկարներն առավել մշուշոտ դարձան, երբ Ադրբեջանի նախագահը իր տեսուղերձում հայտարարեց, թե ուզում է բանակցել, բայց պատրաստ չէ փոխզիջումների գնալ:

Ըստ Ալիևի` Թուրքիան պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում

«Թուրքիան պետք է ավելի մեծ դեր խաղա Հարավային Կովկասում, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում», - ասել է Ադրբեջանի նախագահը ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում: Ըստ Ալիևի, Անկարան կայունացնող դեր ունի, և արևմուտքի, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահների հորդորները երրորդ երկրներին` հակամարտությանը չմիջամտելու վերաբերյալ, ամենևին էլ Թուրքիային չեն ուղղված:

«Թուրքիան իր շահն է հետապնդում, իր կյանքով ապրելու իրավունքը: Նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան դադարել է լինել արևմուտքի խոնարհ դաշնակիցը, նա պայմաններ է թելադրում տարածաշրջանում և աշխարհում: Դա է արևմուտքի ճնշումների պատճառը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ալիևը պնդել է, թե հենց Թուրքիան է կանխել երրորդ երկրների միջամտությունն այս հարցին, թե հատկապես ում և ինչպես, Ադրբեջանի առաջնորդը չի հստակեցրել:

Վերլուծաբանի համոզմամբ` այս անգամ Էրդողանի նկրտումները շատ ավելի հեռուն են գնում

Քարնեգի կենտրոնի վերլուծաբանն իր հերթին նկատում է` Թուրքիան, բնականաբար, ղարաբաղյան հարցում միշտ էլ իր դերն ունեցել է. - «Զենքի վաճառքը Բաքվին, ադրբեջանցի զինվորականների վերապատրաստումներն ու մշտական դիվանագիտական աջակցությունը շարունակվում են արդեն երկար տարիներ: Սակայն, այս անգամ Էրդողանի նկրտումները շատ ավելի հեռուն են գնում, նա ուղիղ տեքստով հայտարարում է, որ ուզում է կոտրել հին կարգերն ու նորը հաստատել, որպեսզի Թուրքիան ներկա լինի տարածաշրջանում sahada ve masada, ինչը թարգմանաբար նշանակում է` և՛ ռազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ: Այս դարձվածքը Թուրքիայի արտգործնախարարը վերջին օրերին կրկնում էր գրեթե յուրաքանչյուր ելույթի ժամանակ», - փաստում է Քարնեգի կենտրոնը: Ըստ վերլուծաբանի, Էրդողանը փորձում է Պուտինին ներքաշել ղարաբաղյան խնդրի շուրջ երկկողմ բանակցությունների, որպիսիք նրանք վարում են Լիբիայի կամ Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:

Ողբերգության մյուս կողմերը ևս չկարողացան պատասխանատու քայլեր ձեռնարկել, գրում է Guardian-ը

Guardian-ի խմբագրականը ևս արձանագրում է, որ Թուրքիայի միջամտությունն այս հարցում ամեևին օգտակար չէր: «Բայց այս ողբերգության մյուս կողմերը ևս չկարողացան պատասխանատու քայլեր ձեռնարկել», - նկատում է բրիտանական պարբերականը, մանրամասնելով` անգամ Ֆրանսիան` որպես Մինսկի խմբում Եվրամիության ներկայացուցիչ, սահմանափակ լծակներ ունի: Միացյալ Նահանգները կարող էր ավելին անել, բայց Թրամփի վարչակազմը, ինչպես Բելառուսում և Ուկրաինայում, այստեղ էլ չի ուզում մարտահրավեր նետել Ռուսաստանի նախագահին: «Խճճված այս հարաբերությունների ու աշխարհաքաղաքական բախումների ֆոնին` տեղում մարդիկ են տուժում», - արձանագրում է Guardian-ի խմբագրականը, եզրափակելով` եթե միջազգային հանրությունը հիմա էլ նպատակաուղղված ու շարունակական ճնշում չբանեցնի` խնդրի ամբողջական ու համապարփակ լուծմանը հասնելու համար, ղարաբաղյան դանդաղ գործողության ռումբի ժամացույցը կշարունակի տկտկալ:

The Hill-ը գրում է Թրամփի լռության ու ամերիկահայերի ցույցերի մասին

«Թրամփի լռությունը Ղարաբաղում շաբաթներ շարունակվող ռազմական գործողությունների շուրջ վրդովվեցնում է Ամերկայում ապրող մեկուկես միլիոն հայ ընտրողներին», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող The Hill-ը` պատմելով նրանց վերջին բողոքի ցույցերի մասին: «Թրամփի կողմից նույնիսկ Թվիթերում մի գրառում չի եղել խաղաղության կոչով, էլ չենք խոսում այս պահին Հայաստանի կողքին կանգնելու մասին», - ասել է ցույցի կազմակերպիչներից Արսեն Խառատյանը: Ցուցարարներից շատերն էլ ընդգծել են, որ այս հարցում նախագահության թեկնածուների դիրքորոշումը ամենավճռորոշն է լինելու ամերիկահայերի համար նոյեմբերին կայանալիք ընտրություններում:

Վերջ չունեցող պատերազմը...

«Ամերիկայի ձայն»-ի թղթակիցն այցելել է Ստեփանակերտ: «Ռմբակոծման մասին ազդարարող տագնապի` ավելի քան մեկուկես ժամ չդադարող ձայնի տակ մի տղամարդ խոսում էր հայրենասիրության, և իր համոզմամբ` վերջ չունեցող պատերազմի մասին», - պատմում է թղթակիցը, մանրամասնելով`. - «Նա կռվել էր 1990-ականներին, հիմա նրա տղաներն էին պատերազմում, և հստակ չէ` արդյոք թոռները ևս ստիպված չեն լինելու կռվի դաշտ մեկնել»:

Անհապաղ բանակցություններ սկսելու կոչեր

«Կիև թայմս»-ը պատմում է պատերազմը դադարեցնելու, խաղաղություն հաստատելու նախաձեռնության մասին, որին միացել են տասնյակ մարդիկ Ադրբեջանից, Հայաստանից ու Թուրքիայից: «Այս պահին, երբ դուք կարդում եք մեր ուղերձը, մարդիկ են մահանում Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում. երիտասարդներ, տղաներ ու հասուն տղամարդիկ սպանում են միմյանց, և որևէ լուծում հեռանկարում չի երևում: Այս պատերազմը հաղթողներ չունի, այն միայն ողբերգություն, մահ, աղքատություն ու անկախության կորուստ է բերում մեր տարածաշրջանին», - հայտարարել են ակցիայի մասնակիցները` կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել և բանակցություններ սկսել հայկական ու ադրբեջանական բոլոր կողմերի մասնակցությամբ:

XS
SM
MD
LG