Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ խորհրդակցությունները եռակողմ ձևաչափով են՝ ՌԴ արտգործնախարարի մասնակցությամբ, և դրանք մեկնարկելու են Մոսկվայի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամով՝ ժամը 16:00-ին):
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ այսօր Մոսկվա մեկնելու մասին «Ազատությանն» ավելի վաղ հայտնել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Երեկ երեկոյան պատերազմող կողմերին հատուկ կոչով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կեսգիշերին մոտ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահի կոչը՝ մարդասիրական նպատակներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հայտարարել՝ գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար: Պաշտոնական Մոսկվան չի օգտագործում բանակցություններ տերմինը՝ դրանք կոչելով խորհրդակցություններ:
ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ֆրանսիայի նախագահի վարչակազմը հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կարող են պայմանավորվել հրադադարի մասին արդեն այսօր երեկոյան կամ վաղը: