Ստեփանակերտում երեկ օրվա երկրորդ կեսից վերսկսվեց հրթիռակոծությունը, որը շարունակվել է ողջ գիշերվա ընթացքում։ Պարբերաբար հնչում էին օդային տագնապի ազդանշանները, որին հաջորդում էին գնդակոծության, պայթյունի ձայներ։ Վնասների մասին դեռ հստակ տեղեկություններ չկան։
Երկու օր առաջ ադրբեջանական կողմը «Սմերչ» հրթիռով գրեթե ամբողջությամբ ավիրել է Շուշիի Մշակույթի տունը։
«Վերևից խփալ ա էդ ռումբը, արգելված ռումբ ա դա, փխել պադվալը ծակել ա, մտել պադվալը։ Պադվալուն կնանիք, էրեխեք են եղել, զոհ ա եղել, վիրավոր ա եղել», - պատմեց ականատեսներից մեկը։
Նա ասաց, որ Մշակույթի տանը հիմնականում երեխաներ են լինում, թատերական, երաժշտական խմբակներ կան․ - «Իրանք հատուկ, իմանալով՝ կրակել են էրեխոց վրա»։
«Մինչև վերջին կինը, էրեխան, մարդը մնալու ենք ստեղ։ Մենք գնալու տեղ չունենք, ատամներով էլ լինի, պահելու ենք», - հայտարարեց նա։
Մշակույթի տունը հանդիսավորությամբ բացվել էր 2017 թվականին։ Նորակառույց այս շենքում էր վերջերս տեղի ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունը։