Արցախի մայրաքաղաքում «Ազատության» թղթակիցը զրուցել է երեկվա հրթիռակոծություններից վնասված շենքերի բնակիչների հետ։ Հոկտեմբերի 7-ի երեկոյան՝ 20։30-ից սկսած մինչև լուսաբաց որոշակի ընդմիջումներով Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանն, ինչը նշանակում է, որ երկնքում ոչ միայն անօդաչու թռչող սարք կա, այլ նաև, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում այն չեզոքացնելու ուղղությամբ։
«Ոչ ոք էլ տանը չի լինում, իզուր թող չչարչարվեն։ Ոչ ոք էլ չի տուժում», - ասում է բնակիչներից Վարդան Աբրահամյանը, ում բնակարանը շոշափելի վնասներ է կրել։ - «Ապաստարանում էինք։ Դե ժամանակ առ ժամանակ այցելում էինք տուն, տեսանք, որ մերն էլ ա վնասվել։ Բայց ոչինչ, կսարքենք։ Իմ տղաները գտնվում են ռազմաճակատում, դիրքերում են, ասում են՝ ամեն ինչ լավ ա լինելու, մի քիչ էլ դիմացեք, ու ամեն ինչ կավարտվի»։
Մեկ այլ ստեփանակերտցի՝ Ռոբերտ Պետրոսյանը, «Ազատության» հարցին, թե արդյոք չի ուզում ժամանակավորապես Երևան տեղափոխվել, պատասխանեց․ - «Երևան գնալու մասին չեմ էլ մտածել ոչ մի ժամանակ, չեմ էլ մտածի։ Ո՛չ էն ժամանակ եմ գնացել, ո՛չ էլ հիմա կգնամ։ Նույնիսկ էն ժամանակ ես վեց տարեկան աղջիկ էրեխա եմ կորցրել․․․ Առավել ևս հիմա ո՞նց կարաս թողնես քո հայրենիքի, քո քրտնքով սարքած տունը ու գնաս։ Քանի դար ա մեր ազգը էս տարածաշրջանում ապրում, որ հիմա թողնենք գնանք։ Կա՛մ չպիտի ապրենք, կա՛մ էլ, եթե ապրում ենք, պիտի մեր հողի վրա, մեր քրտնքած երկրում ապրենք»։