Մատչելիության հղումներ

Ըստ Amnesty International-ի, Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով


Լեռնային Ղարաբաղ -- Հրթիռակոծության հետևանքով ավերված շենք Ստեփանակերտում, 5-ը հոկտեմբերի, 2020թ.
Լեռնային Ղարաբաղ -- Հրթիռակոծության հետևանքով ավերված շենք Ստեփանակերտում, 5-ը հոկտեմբերի, 2020թ.

Հեղինակավոր Amnesty International-ը հայտարարում է՝ կազմակերպության փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։

Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։

Հայկական կողմը արդեն մի քանի օր շարունակ պնդում է, որ Ադրբեջանը ավելի քան 100 երկրի կողմից արգելված զինատեսակ է օգտագործում։ Ավելին, դա կիրառում է խաղաղ բնակչության նկատմամբ։

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը երեկ երեկոյան հայտարարեց՝ զոհերի ճնշող մասը սպանվել է դիտավորյալ թիրախավորման հետևանքով։ «Անօդաչու թռչող սարքի միջոցով կարելի է ասել գործնականում հավանական չէ, որ նրանք կարող են շեղվել, և օրինակ՝ Հադրութ քաղաքում հենց բնակելի տան վրա է հարվածել անօդաչու թռչող սարքը», - նշեց Բեգլարյանը:

Մինչև հոկտեմբերի 4-ը Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 խաղաղ բնակիչ։ Մեծ մասը վիրավորվել են սեփական տների բակերում և հանրային վայրերում։

Սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաև Հայաստանի Վարդենիս քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Վարդենիսի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորման հետևանքով 2 քաղաքացիական անձ է սպանվել։

Արգելված կասետային զինամթերքը լայն տարածքի վրա արձակում է հարյուրավոր ռումբեր։ Այն բարակ պատեր ունեցող ավիառումբի տեսքով, տարբեր նշանակության կասետային մարտական տարրերով մինչև 10 կգ զանգվածով լիցքավորված զենք է։ Ռումբերի 5-20 տոկոսը չի պայթում և հետագայում կարող է սպառնալիք դառնալ խաղաղ բնակչության համար։ Մեկ կասետի մեջ կարող է տեղակայվել 100 ռումբ։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նաև շեշտում է՝ թեև Ադրբեջանը հաղորդել է իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին, և չնայած իրավապաշտպան կազմակերպության փորձագետները հաստատել են, որ 300 միլիմետր տրամաչափի «Սմերչ» հրթիռային համակարգերը իսկապես օգտագործվել են հայկական ուժերի կողմից, Ադրբեջանի ներկայացրած ֆոտո և վիդեոապացույցները դեռևս թույլ չեն տալիս եզրակացություն անել հատուկ թիրախավորման, ինչպես նաև այն մասին, թե հրթիռային մարտագլխիկներում կա արդյոք կասետային զինամթերք, թե ոչ։

Amnesty International-ի հաղորդագրությունից հետո Ադրբեջանը քննադատեց միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը՝ այն անվանելով «միակողմանի, կաշառված, երկակի ստանդարտներ կիրառող հայամետ մի կազմակերպություն, որն անկախ է միայն թղթի վրա»։

«Հենց Հայաստանն է կասետային զենք կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիմկեդ Հաջիևը՝ ընդգծելով՝ այս կեղծ կազմակերպությունը չի տեսնում, որ Հայաստանը հրթիռակոծել է Գյանջան, Մինգեչաուր քաղաքները, որտեղ տեղակայված են ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Ըստ ադրբեջանական կողմի, սեպտեմբերի 27-ից սկսած հայկական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է 27 քաղաքացիական անձ, 141-ը վիրավորվել է։

Կասետային ռումբերի և այլ խախտումների մասին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի ներկայացուցիչը։ Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ Ստրասբուրգ կուղարկի նաև Amnesty International-ի եզրահանգումը։ Դեռ անցած շաբաթ Հայաստանի դիմումի հիման վրա դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել Ադրբեջանի դեմ։

«Անկախ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից տրված գնահատականով միանշանակ դրանք շատ ավելի վստահելի և հիմնավոր են իրենց բնույթով», - ասաց Կիրակոսյանը:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակն այսօր ևս ՄԻԵԴ է ուղարկել փաստեր, որ հայկական կողմը խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները չի թիրախավորում։

Անցած շաբաթ Կիրակոսյանը Ստրասբուրգի դատարանին ահազանգել էր Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց թիրախավորելու մասին՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ ՄԻԵԴ-ն իր հերթին կողմերին կոչ է արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։

Կիրակոսյանն ասաց՝ ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել։ Եթե պատասխան չստացվի, այս հարցը կքննարկվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։ «Այդ դեպքում Նախարարների կոմիտեն պետք է քննարկի և արդեն կենտրոնանա հարցի վրա, կողմերից պահանջեն բացատրություններ ներկայացնել, այսինքն ավելի ուշադրության կենտրոնում է լինելու հարցը», - ասաց նա:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը միջանկյալ միջոց է կիրառել Հայաստանի դիմումի հիման վրա, որով հայկական կողմը ՄԻԵԴ-ին էր դիմել ընդդեմ Թուրքիայի՝ պնդելով, որ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան։

Կիրակոսյանը փաստեր է ներկայացրել այդ երկրի ներգրավվածության մասին՝ թուրքական զենք զինամթերք, վարձկաններ և այլ փաստեր. «Քանի որ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին, որպես ռազմական աջակցություն, նաև խորհրդատրվություն, վստահաբար նաև թուրքական զինված ուժերի ներգրավվածությունը Ադրբեջանում, վարձկաններ բերելը Սիրայից և Լիբիայից, ինչպես նաև որոշ տվյալներով նաև ահաբեկչական կազմակերպության անդամներին վարձելը և բերելը ադրբեջանի տարածք, որպեսզի նրանք կռվեն ղարաբաղյան գոտում»:

XS
SM
MD
LG