Ասադների կեսդարյա ռեժիմի տապալումից ուղիղ մեկ ամիս է անցել. Սիրիան 31-րդ օրն է՝ նոր առաջնորդ ունի՝ Ահմեդ ալ-Շարաան:
Ալ-Շարաան կամ Ալ-Ջուլանին Ասադի դեմ պայքարում էր ավելի քան տասը տարի, բայց երկրի ղեկը վերցրեց անակնկալ, մի քանի օրում՝ մի շարք նոր հարցեր առաջացնելով: Ի՞նչ եղավ այս մեկ ամսում ու ինչպե՞ս են արևմտյան առաջնորդներն այսօր սեղմում մեկի ձեռքը, ում երեկ ահաբեկիչ էին համարում։
ԱՄՆ-ն արդեն հրաժարվել է Ալ-Շարաայի գլխի համար խոստացված 10 մլն պարգևից. ամերիկացի դիվանագետները «դրական ազդակներ» են ստացել Դամասկոսում կայացած հանդիպումից:
Արևմտյան դիվանագիտությունն առաջին, զգուշավոր քայլերն է անում, աջակցել խոստանում, բայց հիշեցնում՝ չեն մոռացել՝ որտեղից է գալիս Ալ-Շարաան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կթուլացնի Սիրիային տրամադրվող օգնության սահմանափակումները. WSJՆրա ղեկավարած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը շարունակում է ահաբեկչական համարվել:
Ալ-Շարաան հանդիպել է նաև Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարներին:
Գերմանիայի արտաքին քաղաքականության ղեկավարը մինչ Դամասկոս այցը նշել էր՝ իր այցը հստակ ազդանշան է Սիրիայի հետ հարաբերություններում նոր ճանապարհ բացելու պատրաստակամության համար: Բերբոքը փոխաբերությամբ էր խոսել՝ Դամասկոս է գնում «մեկնած ձեռքով»: Այդ ձեռքը, բայց, Ալ-Շաարան չսեղմեց, և այստեղ ոչ մի փոխաբերություն ու տողատակ չկա. Գերմանիայի ԱԳ նախարարը կին է, կնոջ հետ ձեռքսեղմումը մերժելու պատճառը՝ կրոնական:
Սիրիայի փաստացի ղեկավարն այս ընթացքում նաև արաբական աշխարհի հետ է երկխոսել, հանդիպել Թուրքիայի ղեկավարներին, որոնց աջակցությամբ էլ իշխանության եկավ:
Մեկ ամսում հանդիպումներ են եղել նաև Կատարի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ներկայացուցիչների հետ: Սիրիան հարևաններից միայն Իսրայելի հետ է, որ որևէ երկխոսության դեռ չի գնացել, ավելին՝ այս ընթացքում Թել-Ավիվից հարվածներ է ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թվաց, թե երկրաշարժ էր». ըստ Սիրիայի՝ Իսրայելը հրթիռակոծել է Հալեպի արվարձանըԱսադի նախկին հովանավորներ Իրանի ու Ռուսաստանի մասին խոսելիս Ալ-Շարաան դիվանագիտական լեզու է բանեցնում. նա հորդորել է Թեհրանին «վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը», պնդել, թե ՌԴ-ն պետք է դուրս բերի ուժերը Սիրիայից, բայց այնպես, որ «երկու երկրների հարաբերությունները չտուժեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալ-Շարաան ցանկանում է պահպանել «հարգալից» կապեր Իրանի և Ռուսաստանի հետ
Կյանքը Սիրիայում
Ալ-Շարաան խոստանում է հարգել երկրում ապրող փոքրամասնությունների իրավունքներն ու անձնական ազատությունները, չի ընդունում աֆղանական «Թալիբանի» հետ համեմատությունն ու խոսում է կանանց կրթության իրավունքի մասին: Բայց, օրինակ, չի պատասխանում հարցին՝ կարելի կլինի՞ արդյոք «նոր Սիրիայում» ալկոհոլ օգտագործել. ասում է՝ այդ հարցին պատասխանելու իրավունքը չունի, կորոշվի, երբ Սահմանադրություն կգրվի:
Ալ-Շարաան կանխատեսում է՝ Սիրիայի նոր սահմանադրության համար 3, իսկ ընտրությունների համար 4 տարի գուցե կպահանջվի:
Մինչ այդ Դամասկոսում որոշ փաբեր «զգուշավոր լավատեսությամբ» բացել են արդեն դռներն ու ալկոհոլի շշերը:
Ալ-Շարաան անցած մեկ ամսում հաջողեց փոխել մոտ 10 տարվա «իմիջը». Երբեմնի զինյալ ահաբեկիչը հիմա արևմտյան լրագրողների ու քաղաքական գործիչների է ընդունում, Սիրիայի «զարգացման նոր քարտեզը գծում», դրսում նկարվում սիրիացիների հետ, միայն թե կանանց խնդրելով՝ իր հետ լուսանկարվելիս գլխաշոր գցել: