Սիրիայում ընտրությունների անցկացումը կարող է տևել մի քանի տարի, իսկ մինչ այդ պետք է փոխել Սահմանադրությունը, երկրում իշխանության եկած իսլամիստական «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավարն ասել է Al Arabiya-ին կիրակի տված հարցազրույցում: Դեկտեմբերի սկզբին Բաշար ալ-Ասադի տապալումից հետո սա ընտրությունների հնարավոր ժամանակացույցի վերաբերյալ Ահմեդ ալ-Շարաայի առաջին մեկնաբանությունն է:
«Սիրիայում նախընտրական ենթակառուցվածքն այս պահին վատ վիճակում է։ Այն վերակառուցման կարիք ունի։ Այսօր գործ ունենք Սիրիայից ավելի քան 15 միլիոն մարդու տեղահանման հետ՝ ներքին տեղահանվածներ և փախստականներ։ Շատերը մշտական գրանցում չունեն: Ոչ ոք չգիտի, թե այսօր որքան է Սիրիայի բնակչությունը», - հայտարարել է ալ-Շարաան:
Միացյալ Նահանգների և Եվրոպական միության կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպության ղեկավարը նշել է, որ նոր սահմանադրության մշակման համար փորձագետներից երկար ժամանակ կպահանջվի, գուցե երկու-երեք տարի: Ալ-Շարաան վստահեցրել է, որ երկիրը չեն ղեկավարելու կազմակերպության միջոցով՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը կլուծարվի ազգային երկխոսության նպատակով անցկացվելիք համաժողովի ժամանակ:
«Երկիրը չի կարող ղեկավարվել խմբերի և խմբավորումների մտածելակերպով: Երբ մենք Իդլիբում էինք, այդ պահից ի վեր հոգեբանորեն և բարոյապես արդեն պատրաստ էինք դրան … Մենք պետություն ենք կառուցելու, այլ ոչ թե հեղափոխություն ենք արտահանելու: Ես ասել եմ, որ այս փուլն ուզում ենք կառավարել ոչ թե հեղափոխական, այլ պետական մտածելակերպով», - ասել է նա:
Անդրադառնալով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակին՝ ալ-Շարաան հայտնել է, որ բանակցություններ են վարում բոլոր կողմերի հետ մնացած վեճերը լուծելու համար, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կազմակերպության հետ:
Սիրիայի դե ֆակտո ղեկավարը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը կվերացնի Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Ավելի վաղ Դամասկոս այցելած ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները հայտարարել էին, որ Վաշինգտոնը որոշել է վերացնել ալ-Շարաայի գլխի համար սահմանված 10 միլիոն դոլար պարգևը:
Ալ-Շարաան և անցումային կառավարության այլ պաշտոնյաներ բազմիցս խոստացել են պաշտպանել Սիրիայում բնակվող բազմաթիվ փոքրամասնությունների շահերը, թեև օրեր առաջ Համա քաղաքի մերձակայքում դիմակավորված զինյալներն այրել էին Սուրբ Ծննդյան տոնածառը, ինչից հետո հազարավոր քաղաքացիներ մի շարք քաղաքներում փողոց էին դուրս եկել՝ պահանջելով պաշտպանել քրիստոնյաների իրավունքները:
Սիրիայի նոր իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ համաձայնության են եկել երկրով մեկ սփռված զինյալ խմբավորումների հետ՝ նրանց կազմալուծման և կանոնավոր բանակին ինտեգրվելու վերաբերյալ: Նրանք նաև հայտնել էին, որ արդեն մի քանի երկրներ, այդ թվում՝ Հորդանանն ու Քաթարը, խոստացել են ներդրումներ անել Սիրիայում՝ զարգացնելու տնտեսությունը, որը մեծապես տուժել է Բաշար ալ-Ասադի իշխանության տարիներին, որը դեկտեմբերի 8-ին փախուստի դիմեց երկրից և ապաստան գտավ Ռուսաստանում: