Հունվարի 7-ից Դամասկոսի գլխավոր օդանավակայանը կվերսկսի միջազգային թռիչքները, հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Քաղավիացիայի և օդային տրանսպորտի վարչության ղեկավար Աշհադ ալ-Սալիբիի հայտարարությունը։ Պաշտոնյան նաև հավաստիացրել է, որ ներկայում կառավարությունը «գործընկերների օգնությամբ» զբաղվում է Դամասկոսի և Հալեպի օդանավակայանների վերականգնմամբ։
Սիրիական օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը անցած ամիս երկրում տեղի ունեցած իշխանափոխության ֆոնին։
Այդուհանդերձ, անցած օրերին մարդասիրական օգնություն և օտարերկրյա դիվանագիտական պատվիրակություններ տեղափոխող մի շարք օդանավեր են վայրէջք կատարել Սիրիայում, վերսկսվել են նաև ներքին չվերթները։
Հինգշաբթի օրը Qatar Airways-ը հայտարարել է, որ 13 տարվա դադարից հետո վերսկսում է թռիչքները դեպի Սիրիայի մայրաքաղաք: