Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներն այսօր Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նոր առաջնորդի հետ։ Սա Եվրամիության խոշորագույն երկրների առաջին բարձրաստիճան ղեկավարների այցն է Սիրիա իսլամիստ զինյալների իշխանության գալուց ի վեր։
AFP -ի հրապարակած կադրերում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն և նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքն են նախագահական նստավայրում՝ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը: Բանակցություններից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մինչ այդ այցելել են Դամասկոսի մերձակայքում գտնվող տխրահռչակ Սայդնայա բանտ, որը դարձել է Ասադների կեսդարյա ռեժիմի դաժանության խորհրդանիշը։
«Այժմ միջազգային հանրությունը պետք է օգնի արդարադատություն իրականացնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր տառապել են այստեղ՝ այս դժոխքի բանտում», - հայտարարել է Բերբոքը:
«Շատ երկար ժամանակ սիրիացիները զրկված են եղել իրենց երկրից՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի պատճառով, երկիր, որն այս ռեժիմը թալանել է և պատանդ վերցրել: Վաղուց ժամանակն է, որ սիրիացիները նորից հետ վերցնեն այս երկիրը», - իր հերթին ասել է Բարոն։