Մատչելիության հղումներ

Անկարան սպառնում է վերջ տալ քուրդ զինյալների ներկայությանը Սիրիայում


Սիրիա - Քրդերի դեմ կռվող՝ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները Հալեպի նահանգի Մանբիջ շրջանում, հունվար, 2025թ.
Սիրիա - Քրդերի դեմ կռվող՝ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները Հալեպի նահանգի Մանբիջ շրջանում, հունվար, 2025թ.

Անկարան սպառնում է վերջ դնել հարևան երկրում քուրդ զինյալների ներկայությանը, որոնց դիրքերը թուլացել են թուրքամետ խմբավորումների կողմից Ասադի երկարամյա ռեժիմի տապալման ֆոնին:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, թե իր երկիրը կարողություն, ուժ և «ամենակարևորը՝ վճռականություն» ունի իր գոյությանը սպառնացող բոլոր վտանգներն արմատախիլ անելու համար՝ նկատի ունենալով Սիրիայում գտնվող քրդական ուժերին, որոնց աջակցում են Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության և Սիրիայում նրա մասնաճյուղերի դեմ պայքարի վերջը երևում է», - ասել է Ֆիդանը:

Ընդ որում, ինչպես ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը, Անկարան այդ հարցով Փարիզի հետ քննարկելու ոչինչ չունի և Սիրիայի հյուսիս-արևելքում զարգացումների հարցը մտադիր է լուծել Վաշինգտոնի հետ:

Այն, որ Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թուրքական իշխանությունները սկսել են ակտիվորեն ուժեր կուտակել սահմանի երկայնքով, անցած օրերին գրել էր ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ նշելով, որ Թուրքիան պատրաստվում է քրդական ուժերի դեմ հարձակման ։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները թերթին հայտնել են, որ Թուրքիայի զինված ուժերի հատուկ նշանակության և հրետանային ստորաբաժանումները, ինչպես նաև Անկարայի աջացությունը վայելող սիրիական խմբավորումների զինյալները մասնավորապես կուտակվում են քրդերի կողմից վերահսկվող Քոբանի քաղաքի մերձակայքում։

Այս հաղորդումների ֆոնին նախօրեին Ռեջեփ Էրդողանը հայտարարեց՝ Թուրքիայի վաղեմի թշնամիների վերջը մոտ է․ -
«Անջատականների և նրանց սիրիական մասնաճյուղի վերջը մոտ է։ Այն բոլոր անհատներին, որոնք կընտրեն բռնությունն ու ահաբեկչությունը, մեկ ճակատագիր է սպասում՝ նրանց թաղելու են իրենց զենքերի հետ միասին»:

Սիրիայի հյուսիս-արևելքում մեծ տարածքներ վերահսկող քուրդ ապստամբների պայքարը զենքի ուժով լռեցնելուց բացի Անկարան, թվում է, մեկ այլ տարբերակ էլ է փորձարկում։ Անցած օրերին հայտնի դարձավ, որ Թուրքիայի քրդամետ DEM կուսակցությունը, որը մեծությամբ երրորդ ուժն է խորհրդարանում, այցելել է Թուրքիայի հյուսիսարևմտյան Իմրալի կղզու բանտում ցմահ ազատազրկման մեջ գտնվող Քրդական աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանին։ Սա վերջին մոտ տասը տարվա ընթացքում այս կուսակցության առաջին հանդիպումն է Օջալանի հետ։ Այցին, որի մանրամասները չեն հրապարակվում, հաջորդեցին բանակցություններ այլ կուսակցությունների՝ այդ թվում Էրդողանի գլխավորած իշխող ուժի հետ; Կողմերը սահմանափակվել են «հանդիպումը դրական է անցել» հայտարարությամբ։

Որոշ մանրամասներ են հայտնում թուրքական՝ այդ թվում իշխանամետ լրատվամիջոցները։

Turkiye թերթը մասնավորապես գրում է, որ Օջալանը պատրասվում է ուղերձով հանդես գալ` Սիրիայի և Իրաքի քրդական ուժերին կոչ անելու վայր դնել զենքերը։ Պարբերականի տեղեկություններով՝ այդ կոչը հնարավոր է լինի ձեռքով գրված նամակի կամ տեսաուղերձի տեսքով:

TGRT հեռուստաընկերությունն, իր հերթին, նշում է, որ Օջալանի հայտարարությունն ակնկալվում է ամենաուշը մինչև փետրվարի կեսեր։

Քրդամետ կուսակցությունները ոչ հերքում, ոչ էլ հաստատում են այս տեղեկությունները, զինված խմբավորումները ևս չեն մեկնաբանում զենքը վայր դնելու հնարավորությունը։ Հստակ չէ՝ ինչ են ստանում հնարավոր այս գործարքի արդյունքում Թուրքիայում տասնամյակներ ի վեր հավասար իրավունքների համար պայքարող քրդամետ քաղաքական ուժերը, որոնց հարյուրավոր աջակիցներ ահաբեկչության մեղադրանքով բանտերում են։

Մինչ այդ, Թուրքիայի իրավապահները շարունակում են ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել քուրդ պաշտոնյաների։ Այսօր բերման է ենթարկվել Թուրքիայի հարավում գտնվող Աքդենիզ համայնքի Մերսին քաղաքի ղեկավար Հոշյար Սարիյըլդըզը, ինչպես նաև քրդամետ DEM կուսակցության ևս հինգ ներկայացուցիչներ,որոնց նկատմամբ, ըստ Anadolu պետական լրատվական գործակալության, հետաքննություն է ընթանում ահաբեկչության գործի շրջանակում:

2023 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո սա արդեն ութերորդ դեպքն է, երբ քուրդ քաղաքապետերն ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվում են, և նրանց այդ պաշտոնում փոխարինում են կառավարության կողմից նշանակված գործիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG