Ներքին Հանդում փետրվարի 13-ին տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով չորս զոհերի հարազատներին։
Հիշեցնելով, որ հայկական կողմը հետաքննում է Բաքվից հնչող տեղեկությունը, թե Հայաստանի զինված ուժերի կրակից ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել՝ Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմն այդուհանդերձ հաջորդ առավոտյան զանգվածային կրակ բացեց ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ, ինչ հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ։
«Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը. ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը շարունակում է վարել՝ «այն, ինչ ուզում եմ, տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում, ես այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը
Ընդգծելով, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, «4 գյուղերի տարածքների մասին»՝ Փաշինյանը նկատեց՝ Բաքուն միևնույն ժամանակ հրաժարվում է ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի դիրքրոշումը խիստ կառուցողական է։
«Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը և երկու երկրի զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից ետ չգնա։
Վարչապետը սա ոչ կառուցողական դիրքորոշում որակեց՝ վերահաստատելով կոնկրետ լուծումների գնալու Հայաստանի պատրաստակամությունը, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են։
Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը
Փաշինյանը կրկին շեշտեց 1991-ի Ալմաթիի հռչակագիրը՝ նշելով այդ հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։
«Սա նշանակում է, որ մեզ մնացել է տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վերհանելու միջոցով և լուծել հարցը։ Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև էքսկլավ-անկլավների հարցը։ Ասենք՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը», - ասաց Փաշինյանն՝ ընդծելով, որ Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։
Վարչպետը հայտարարեց՝ Հայաստանը համաձայն է անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրելով սահմանը՝ իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին։
Գործադիրի ղեկավարը մանրամասնեց՝ երկու տարբերակ կա՝ կա՛մ ամբողջ սահմանագծով իրականցվում է սահմանագծում և իրագործվում, կա՛մ սահմանը բաժանվում է կտորների և կտոր-կտոր սահմանագծվում։ Հայաստանի համար, ըստ վարչապետի, երկու տարբերակներն էլ ընդունելի են՝ վերը նշված սկզբունքների շրջանակում, իսկ Բաքուն, Փաշինյանի խոսքով՝ խուսափում է նաև այս տարբերակից։
«Սրա համար կարող է լինել մեկ պատճառ, օրինակ, ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում՝ հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում», - ասաց Փաշինյանը։
«Դրանք միջամտություն են մեր երկրի ներքին գործերին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ իր երդմնակալությանը հաջորդած ելույթում կրկին Հայաստանին ուղղված սպառնալիքներ էր հնչեցրել՝ հայտարարելով՝ «եթե Հայաստանն իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»։
Այսօր Փաշինյանն Ալիևի այս հայտարարությունները Հայաստանի ինքնիշխանության խախտում որակեց՝ դրանք համարելով միջամտություն երկրի ներքին գործերին։
«Փորձերը մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն։ Ինչպես ասել եմ՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների շուրջ համաձայնության գալ և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար։ Հետևաբար ՀՀ-ի օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա, և սա ոչ միայն քաղաքական այլև փորձագիտական գնահատական է», - հայտարարեց գործադիրի ղեկավարը։
Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և պայմանավորված սկզբունքների շրջանակներում լուծումների գնալու՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանազատում և սահմանագծում իրականացնելու Հայաստանի պատրաստակամությունը։
«Բացի վերը նշվածից, պետք է ընդգծեմ նաև տարածաշրջանային կոմունիկացիաները՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ։ Համոզված եմ, որ այս նախագծի իրագործումը մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը նոր խթան կտա»,- եզրափակեց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել