«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար», - խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց վարչապետը։
Այս հարցին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ՝ պատասխանելով պնդումներին, թե իշխանությունը Սահմանադրություն է ուզում փոխել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Վարչապետը կրկնեց՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները։ Փաշինյանի խոսքով՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին պետք է մտածել նոր պայմաններում, քանի որ, ըստ նրա, աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ որ եղել է այսօր գործող Սահմանադրության ընդունման պայմաններում։
Ամենակարևոր խնդիրներից մեկն արտաքին միջավայրում ավելի պաշտպանված դառնալն է, ասաց նա. - «Մենք անվտանգության կոմպոնենտ ապահվելու համար ասում ենք բանակ, արտաքին հարաբերություններ, բայց պետք է նաև 3-րդն ավելացնել, բանակը և արտաքին հարաբերությունները պետք է սպասարկեն լեգիտիմ շահերը տվյալ պետության այն տարածքում, որը ճանաչված է միջազգայնորեն։ Սա անվտանգության մակարդակը մի աստիճան բարձրացնելուն ուղղված քայլ է»։
Ի դեպ, Փաշինյանը խաղաղության պայմանագրի տեքստից առաջին անգամ կոնկրետ ձևակերպում բացահայտեց։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տարակուսեց, թե ինչու է Փաշինյանը խաղաղության պայմանագրի տեքստի վերոհիշյալ դրույթը գաղտնազերծում, բայց շեշտեց՝ չի կարող որևէ միջազգային պայմանագիր հակասել Հայաստանի Սահմանադրությանը։
«Եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին, որ չի կարող որևէ միջազգային պայմանագիր անցնել օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը», - նշեց նա։