Մատչելիության հղումներ

Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ խաղաղությանը. Բաքուն՝ Բորելին


Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարություններին։

Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո Բորելն ասել է, որ Եվրամիությունը (ԵՄ) մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով։

Տարեսկզբից Բաքուն կրկին խոսում է «Զանգեզուրի միջանցքի մասին՝ նշելով՝ «եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի»։ Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

ԵՄ բարձր ներկայացուցիչը երեկ ընդգծել է, որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջան- ԵՄ հարաբերությունների համար»։

Բաքուն անհիմն է համարել Բորելի հայտարարությունները՝ կտրականապես մերժելով դրանք ու համարելով «փաստերի բացահայտ խեղաթյուրում, որոնք անտեսում են Ադրբեջանի օրինական շահերը»։

«Նման սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-ԵՄ հարաբերությունները», - ասել է Հաջիզադեն՝ Բորելին մեղադրելով Ադրբեջանի նկատմամբ «ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն հրահրելու» մեջ։

«Չնայած, միջազգային հանրությունը ոչ մի ջանք չի գործադրել՝ համոզելու Հայաստանին գործել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Ագրեսիայի և անջատողականության դեմ Ադրբեջանի ձեռնարկած միջոցները նախադրյալներ են ստեղծում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար»,- եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG