Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի դրույթի գաղտնազերծումը խորացրել է ընդդիմադիրների կասկածները


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար». - վարչապետի՝ խաղաղության պայմանագրի նախագծի դրույթներից մեկի գաղտնազերծումը ավելի է խորացրել ընդդիմադիրների կասկածները, թե նոր Սահմանադրությունը պարտադրվում է Բաքվից:

«Հայաստանը չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից», - խորհրդարանում առավոտյան հայտարարում էր Դաշնակցությունից Գեղամ Մանուկյանը։ Կարծում է՝ եթե պայմանագիրը ստորագրվի, կհակասի Մայր օրենքին, ու նաև դրա համար է իշխանությունն ուզում մինչ այդ փոխել Սահմանադրությունը, այնտեղից հանել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Անկախության հռչակագրին հղումը։

Ինչպես Մանուկյանն է կարծում, այդ պարագայում Սահմանադրական դատարանը պայմանագրի հակասահմանադրության հարց չի դնի։

«Չէին կարող փոխել Սահմանադրությունը, որովհետև կա Սահմանադրական դատարանի որոշում, որ առաջին հատվածը նույնիսկ, ամեն դեպքում, չի կարող հանրաքվեով փոխվել: Ի՞նչ ենք անում՝ դրա համար բառերի կույտ, 4-րդ հանրապետություն, 148-րդ հանրապետություն, որ մենակ հիմնավորեն՝ նոր Սահմանադրություն», - հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ադրբեջանից կա Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ։ Ինչպես Ալիևն է կարծում, Անկախության հռչակագիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտող ուղղակի կոչեր է պարունակում։ Հայաստանի իշխանությունը հերքում է, թե նոր Սահմանադրության քննարկումները սկսել է Ադրբեջանի պահանջով, բայց խոսում է Անկախության հռչակագրին հղումը պահելու վտանգներից։

Ընդդիմադիրների պնդումներին երեկ հենց վարչապետ Փաշինյանն էր հակադարձել. - «Դուք ասում եք Սահմանադրությանը հակասող՝ նկատի ունենալով 1989թ. Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումը իրավական ուժ վաղուց չունի, որովհետև 1991թ. Խորհրդային Միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային Միության Սահմանադրությանը հակասող, և հետևաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի»։

Ընդդիմադիրներին չէր համոզել վարչապետի բացատրությունը, Արծվիկ Մինասյանը շարունակեց Գեղամ Մանուկյանի սկսած թեման. - «Դուք չեք կարող նման համաձայնեցման դրույթ ունենալ՝ կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց, թե ինչ հարաբերության մեջ, որը կհակասի Հայաստանի Հանրապետության մայր փաստաթղթին: Այո, և դա հանրաքվեով պետք է լուծվի: Ավելին ասեմ՝ վերպետական ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ենթադրել տարածքային փոփոխություն, նա նույնպես հանրաքվեի ենթակա է»:

Իշխանությունից Վլադիմիր Վարդանյանը խոսեց այսօրվա կարգավորումներից։ Հայաստանում միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրվելուց, ՍԴ-ում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելուց և Ազգային ժողովում վավերացվելուց հետո։ Անդրադարձավ միայն խաղաղության պայմանագրի գաղտնազերծված դրույթին ու ընդդիմության պնդումները մանիպուլյացիա որակեց:

«Էդ դրույթը լիներ, չլիներ, եթե նույնիսկ Վիեննայի կոնվենցիայի մեջ՝ 1969 թվականի, այն տեղ չգտներ, այդ դրույթը երկար տարիներ սովորութային միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս էր: Եվ սրա վրա այս կարգի կենտրոնանալը ես համարում եմ փորձ՝ ևս մեկ անգամ կտրվելու միջազգային իրավունքից», - հայտարարեց Վարդանյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը կարծում է՝ վարչապետի նշած կետը պայմանագրում ներառել-չներառելը որևէ ձևով չի ենթադրում, որ Սահմանադրությանը հակասող պայմանագիր կարող է վավերացվել:

«Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունք է այն, որ պետությունը չի կարող իր ներպետական իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրությունը, վկայակոչել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար: Նույնպիսի փաստ է, որ միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, և այդ վավերացումը տեղի չի ունենում, եթե այն հակասում է Սահմանադրությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խզմայանը՝ շարունակելով. - «Իսկ այն՝ արդյոք Սահմանադրությունը փոխում են, որպեսզի հաճոյանան Ադրբեջանի այս կամ այն պահանջին, կարծես թե այո, կարծես թե դրա մասին բացահայտ խոսում են իշխանության ներկայացուցիչները: Բայց դա իմ մասնագիտական ոլորտը չի, քաղաքագետ չեմ, որպեսզի մեկնաբանեմ»:

Չնայած Հայաստանում ծավալվող բուռն քննարկումներին, հայտնի չէ՝ երբ կներկայացվի նոր Սահմանադրության նախագիծը, նույնիսկ մասնագիտական քննարկումների մասին խոսք չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG