Մատչելիության հղումներ

Խաղաղության բանակցություններում միմյանցից ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ են ակնկալում Երևանն ու Բաքուն. մեկնաբանություններ


Երևանն ու Բաքուն խաղաղության բանակցություններում միմյանցից ի՞նչ լրացուցիչ երաշխիքներ են ակնկալում, որպեսզի հետագայում իրարից տարածքային պահանջներ չունենան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ կուսակիցների հետ հանդիմանն ասել էր, թե բանակցային գործընթացը վերջին շրջանում հենց այս օրակարգի շուրջ է: Փակագծեր վարչապետն այդ օրը չէր բացել, բայց նրա այդ ու նոր Սահմանադրություն ունենալու մասին հայտարարությունը քաղաքագետներն ու փորձագետները կապեցին միմյանց հետ՝ եզրակացնելով՝ հենց մայր օրենքի փոփոխությունն է Բաքվի ակնկալած լրացուցիչ երաշխիքը:

«Մենք, իհարկե, երկուստեք պետք է միմյանց անվտանգային երաշխիքներ տանք, հետևաբար մենք պետք է ինչ-որ քայլեր անենք, և այդ քայլերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահի տրամաբանությունից», ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

Հարցին, թե օրինակ՝ Սահմանադրությունը կարող է լինել այդ երաշխիքներից մեկը, նա պատասխանեց. - «Հայաստանի Հանրապետությունում որևէ ներքին ներքաղաքական պրոցես միտված է ՀՀ-ին, սա բանակցային գործընթաց է, և բանակցային գործընթացը կապել Հայաստանում քաղաքական գործընթացների հետ, ես ճիշտ չեմ համարում, որովհետև այդպիսի բան չկա»։

Գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա ինչպես Հայաստանի և Արցախի վերամիավորմանն, այնպես էլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի մասին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ սա Ադրբեջանի համար խնդիր է:

«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել, որոնք կողմերը համարել են խնդիրները։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները», - ասել էր նախարարը:

33 տարի առաջ ընդունված Անկախության հռչակագրում խնդիրներ նաև Հայաստանի վարչապետն էր տեսել, երբ այն վերընթերցել էր 44-օրյա պատերազմից հետո: Նիկոլ Փաշինյանը այդ մասին խոստովանել էր ամիսներ առաջ և հավելել, թե դրա բովանդակությունը Հայաստանին կոնֆլիկտի մեջ է պահելու հարևանների հետ: Սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահն է Երևանից հուսալի երաշխիքներ պահանջում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռևանշ չի լինի:

Հայաստանում ռևանշիստական ուժերի ի հայտ գալը կամ չգալը կապված է հենց Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը շեշտում է՝ որքան էլ իշխանական պատգամավորները հերքեն, թե Բաքվի ակնկալած երաշխիքը հենց Սահմանադրությունը փոխելով է Երևանը պատրաստվում ապահովել, արտգործնախարարի երեկվա հայտարարությունից հետո բոլոր կասկածները վերջնականապես հաստատվեցին:

«Նրանք ունեն վախեր, որ Հայաստանում ինչ-որ փուլում տեղի է ունենալու իշխանափոխություն, և տարբեր խմբեր են գալու իշխանության, որոնք նշելու են, որ օրինակ՝ խաղաղության պայմանագիրը, որը կարող է ստորագրվել, հակասահմանադրական է իր բնույթով, և այդ իսկ պատճառով փորձում են նմանատիպ փոփոխությունների հասնել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բայց պարզ է նաև, որ սա բավականին պրիմիտիվ մտածելակերպ է Ադրբեջանի կողմից, որովհետև Հայաստանում ռևանշիստական ուժերի ի հայտ գալը կամ չգալը կապված չէ, իհարկե, Անկախության հռչակագրի հետ, այլ կապված է հենց Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետ», - ասաց նա։

Բաքուն լրացուցիչ երաշխիքներից է խոսում այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը: Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի անկումից հետո չի բարձրաձայնել արցախահայերի վերադարձի, նրանց անվտանգության և իրավունքների ապահովման հարցերը։ Վարչապետն ընդգծում է՝ իր խնդիրը Հայաստանի Հանրապետության ապագան է։

Սրանով հանդերձ Ադրբեջանի պաշտոնյաները մինչև օրս անձամբ չեն հայտարարել կոնկրետ մակերեսով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Դիրքորոշումները տարբեր են նաև սահմանազատման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերում: Քաղաքագետն ասում է՝ անգամ այս սկզբունքների շուրջ կողմերի համաձայնության դեպքում Երևանը չպետք է Բաքվի պարտադրանքով Սահմանադրություն փոխի:

«Դա նշանակում է, որ ընդհանրապես որևէ կարմիր գծեր չունես, և վաղը նորանոր նմանատիպ պահանջներ կարող են ի հայտ գալ, և Հայաստանի իշխանությունների այս պահվածքը կարելի է անվանել պրովոկատիվ և ցուցադրական թուլություն, այսինքն՝ թուլություն, որը դրդում է Ադրբեջանին նորանոր պահանջներ ՀՀ վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տրվելիք երաշխիքներին, պարզ է, որ ոչ մի նմանատիպ երաշխիք չի լինելու», - շեշտեց Տիգրան Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին հայտարարել է, սակայն առայժմ վարչապետն ու թիմակիցները չեն հաստատել, որ մայր օրենքից մտադիր են հանել Անկախության հռչակագրին հղումը:

XS
SM
MD
LG