Մատչելիության հղումներ

«Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել


Ո՛չ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ո՛չ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հարցերի չպատասխանեցին՝ անմիջապես հեռանալով «Նոր իրողություններ - խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում բացման խոսքից հետո: «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերը մնացին առանց մեկնաբանության՝ պաշտոնյաները մնացին վերելակի փակվող դռների հետևում:

Կոնֆերանսում, որին մասնակցում էին օտարերկրյա և հայաստանյան փորձագետներ, Իրանի և Հնդկաստանի դեսպանները, ներկայացվեց «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին տեսահոլովակը: Դրանում ցուցադրվում է, թե ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ ու երկաթուղիներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել, որոնք սահմանները բացվելու պարագայում կարող են կապել Սև ծովը Պարսից ծոցին, Միջերկրականը Կասպից ծովին:

Ըստ կառավարության՝ Հայաստանը պատրաստ է 7 անցակետ տեղադրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա սահմանների մոտ. 5-ը՝ Ադրբեջանի հետ սահմաններին՝ Կայանում, Սոթքում, Երասխում, Անգեղակոթի ու Քարահունջի մոտ, երկուսը՝ Ախուրիկում և Մարգարայում՝ Թուրքիայի հետ սահմանին:

Կառավարությունը նշում է նաև Հայաստանի հիմնական սկզբունքները՝ բոլորը ճանապարհները, ենթակառուցվածքներն ու մալուխները այն երկրի իրավասության տակ պետք է լինեն, որ երկրի տարածքով անցնում են, երկրները կարող են օգտագործել ենթակառուցվածքները թե՛ միջազգային, թե՛ ներքին փոխադրումների համար, պետք է գործի հավասարության և փոխադարձության սկզբունքը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու փոխարտգործնախարարն իրենց ելույթներում նշեցին՝ Հայաստանը պատմականորեն մշտապես եղել է հյուսիսը-հարավին, արևմուտքը-արևելքին կապող խաչմերուկում, այսօր ևս Հայաստանը պատրաստ է ստանձնել կապող օղակի դերը, նաև որպես ԵԱՏՄ անդամ:

«Այսօր ևս ելնելով իր աշխարհագրական դիրքից Հայաստանը պատրաստ է ծառայել որպես հանգույց նման փոխգործակցության համար», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Բայց թե որքանո՞վ է իրատեսական «Խաղաղության խաչմերուկ»-ը, երբ արտգործնախարարը օրերս ԵԱՀԿ ամբիոնից զգուշացրեց, որ Բաքուն Ղարաբաղով չի սահմանափակվել և թիրախավորում է Հայաստանի ողջ տարածքը, երբ ԵԱՏՄ անդամ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև վերջերս լարվածություն է նկատվում, կամ արդյոք կառավարությունը հաշվարկել է՝ որքան ներդրում է անհրաժեշտ այս ծրագիրն իրագործելու համար, և արդյոք ինչ-որ գործնական քայլեր կատարվում են: Այս հարցերը ոչ ելույթներում շոշափվեցին, ոչ էլ պաշտոնյաները հնարավորություն տվեցին իրենց ուղղել:

Կոնֆերանսին ներկա էին և ելույթ ունեցան «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին առնչվող երկրներից՝ Իրանի և Հնդկաստանի դեսպանները: Երկուսն էլ շեշտեցին Հայաստանի հետ պատմական հարաբերությունները, դարավոր կապերը:

Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերահաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցությունը և խոսեց «Հյուսիս-հարավ» գլոբալ նախագծից, որ Հնդկաստանը պիտի կապի Ռուսաստանի և Եվրոպայի հետ:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության նոր քայլերն ուղղված խաղաղությանն և անվտանգությանը: Մենք Աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Աջակցում ենք տարածաշրջանում տևական խաղաղությանը: Կարծում ենք, որ հաղորդակցության միջանցքը Հնդկաստանից դեպի Իրանի Չաբահար նավահանգիստ, ապա դեպի Հայաստան և հյուսիս՝ Սև ծով վստահելի ճանապարհ է՝ ապրանքներ փոխադրելու համար դեպի հյուսիս, ինչպես նաև դեպի Եվրոպա: Այս ճանապարհի զարգացումը մեր երկրները կպաշտպանի արտաքին վնասներից», - հայտարարեց Իրանի դեսպանը:

Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան ևս խոսեց հարավն ու հյուսիսը կապող գլոբալ նախագծից, նշեց, որ ողջունում են ծրագրի մասնակից դառնալու Հայաստանի որոշումը և կփորձեն դյուրացնել դրա օգտագործման հնարավորությունը, նաև ասաց՝ հնդկական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ:

«Հայաստանը զարգացնում է իր ենթակառուցվածքային և լոգիստիկ հզորությունները Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման: Հնդկական որոշ ընկերություններ հետաքրքրված են այս նախագծով: Մենք պատրաստ ենք մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը», - ասաց հնդկաստանի դեսպանը:

Այս տարվա ապրիլին Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի արտգործնախարարներն էին հանդիպել, իսկ մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել էր միջազգային բեռնափոխադրումների գործարկման և Չաբահար նավահանգստում օպերատորական կետի բացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Արդեն լրագրողների հետ զրույցում Հնդկաստանի դեսպանը նշեց, որ Հայաստանի հետ կշարունակեն համագործակցությունը նաև պաշտպանության բնագավառում:

«Հնդկաստանի և Հայաստանի միջև ունենք համագործակցություն պաշտպանության ոլորտում, և դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաև կարողությունների զարգացման, և մենք կշարունակենք այդ համագործակցությունը», - ասաց Նիլակշի Սահա Սինհան:

Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարեց՝ Երևանը գնահատում է Իրանի հստակ սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, բարձր է գնահատում նաև միջազգային հարթակներում Հայաստանի հարցերի վերաբերյալ Հնդկաստանի հնչեցրած դիրքորոշումները:

Իրատեսակա՞ն է «Խաղաղության խաչմերուկը». հարցեր ՝ առանց մեկնաբանության
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00

XS
SM
MD
LG