Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստից կոնկրետ ձևակերպում բացահայտեց


«Կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»

Վարչապետ Փաշինյանն այսօր խորհրդարանում առաջին անգամ խաղաղության պայմանագրի տեքստից կոնկրետ ձևակերպում բացահայտեց՝ անդրադառնալով այն պնումներին, թե իշխանությունը Սահմանադրություն է ուզում փոխել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար, այսինքն՝ այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ», - ասաց նա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տարակուսեց՝ ինչո՞ւ է Փաշինյանը խաղաղության պայմանագրի տեքստի այս դրույթը գաղտնազերծում, բայց շեշտեց՝ որևէ միջազգային պայմանագիր չի կարող հակասել Հայաստանի Սահմանադրությանը։

«Եթե ձեր իրավախորհրդատուները պատշաճ լինեին, կասեին, որ չի կարող որևէ միջազգային պայմանագիր անցնի օրինական վավերացման ընթացք, եթե հակասում է ՀՀ Սահմանադրությանը», - նկատեց նա։

«Դուք ասում եք Սահմանադրությանը հակասող՝ նկատի ունենալով 1989թ. Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, բայց հիմա հենց ընդդիմության ներկայացուցիչներն են հայտարարում, որ այդ որոշումը իրավական ուժ վաղուց չունի, որովհետև 1991թ. Խորհրդային Միության սահմանադրական հանձնաժողովն այն ճանաչել է Խորհրդային Միության սահմանադրությանը հակասող, և հետևաբար այդ փաստի բերումով իրավական ուժ չունի», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի մեջբերած դրույթն Ադրբեջանի առաջարկն է. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց խաղաղության պայմանագրի տեքստից Փաշինյանի կատարած գաղտնազերծմանը։ Մանուկյանն, ով հնարավորություն է ունեցել Արտգործնախարարությունում ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին, հայտարարեց՝ եթե չի սխալվում, Փաշինյանի մեջբերած դրույթն Ադրբեջանի առաջարկն է։

«Այսօր Ազգային ժողովում արտառոց բան կատարվեց՝ Նիկոլ Փաշինյանը գաղտնի գրիֆով փաստաղթղթից բառացի մեջբերեց մի կետ, կարծեմ 11 -րդ կետը՝ «Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»։

Ի դեպ, որքան հիշում եմ, ադրբեջանական կողմի առաջարկն է եղել այս դրույթը։ Սա նաև ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետև որևէ սահմանադրական դատարան չի կարող որևէ միջազգային փաստաթուղթ համարել սահմանադրական, որը կհամարվի վեր ՀՀ օրենսդրությունից։ Եվ վերջին օրերին, երբ պարբերաբար կրկնում ենք, որ նոր Սահմանադրության գաղափարը ծնվել է հենց էդ փաստաթղթի պահանջով, հենց այս կետն է, որ նոր Սահմանադրությունով հնարավոր է շրջանցել Սահմանադրական դատարանի եզրակացությունը», - հայտարարեց պատգամավորը։

«Այդ դրույթը Վիեննայի կոնվենցիայի դրույթ է, որը վավերացված է նաև ՀՀ -ի կողմից։ Որ ուշադիր կարդացած լինեիք (խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը), կտեսնեիք, որ Վիեննայի կոնվենցիայի վրա շատ կոնկրետ հղում է արված։ Մենք գիտեինք, որ դուք գնալու եք, կարդաք, հետո դուրս էիք գալու և դա օգտագործելու եք նեղ քաղաքական, ոչ ճշգրիտ նպատակների համար, հիմա ինչքան կարդացել եք, բավական է, երկար ժամանակ էլ չեք կարդա», - արձագանքեց վարչապետը։

Գեղամ Մանուկյանն, իր հերթին, հավելեց. - «Էդ փաստաթղթի նախագծին, որ ծանոթացել եմ, Վիեննայի կոնվենցիայի բոլոր դրույթները Խաղաղության պայմանագրում տեղ չեն գտել, հենց կոնկրետ դա էր տեղ գտել, և կոնկրետ ադրբեջանական կողմի առաջարկով»։

Վարչապետն այսօր կրկնեց՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները։ Փաշինյանի խոսքով՝ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին պետք է մտածել նոր պայմաններում, քանի որ, ըստ նրա, աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է այսօր գործող Սահմանադրության ընդունման պայմաններում։

«Ամենակարևոր խնդիրներից մեկն արտաքին միջավայրում ավելի դիմակայուն և ավելի պաշտպանված դառնալն է։ Ինչպե՞ս, ես վերջին շրջանի իմ ելույթներում ասում եմ, որ մենք անվտանգության կոմպոնենտ ապահովելու առումով ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ բանակ, արտաքին հարաբերություններ, այո, բայց պետք է նաև երրորդ կոմպոնենտն ավելացնել՝ բանակն ու արտաքին հարաբերությունները ի՞նչը պիտի սպասարկեն, պետք է սպասարկեն լեգիտիմ շահերը տվյալ պետության այն տարածքում, որը ճանաչված է միջազգայնորեն։ Սա անվտանգության մակարդակն մի աստիճան բարձրացնելուն ուղղված քայլ է», - ասաց նա։

«Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ չկորցնի կապը մեր ապագայի հետ». վարչապետ

Արդյոք հնարավո՞ր է նոր Սահմանադրության արդյունքում խզվի Հայաստանի կապն իր պատմության հետ, ժողովրդի պատմությունը չարտացոլվի նոր Սահմանադրության մեջ, հարցրեց իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ պատրաստի տեքստ չունեն։

«Եթե ես ունենայի Սահմանադրության տեքստ և բերեի, ասեի, ժողովո՛ւրդ, ես առաջարկում եմ՝ էս գրած լինի, էս գրած լինի... ես ընդամենը ասել եմ, որ կարծում եմ՝ նոր Սահմանադրության կարիք կա, ինչ լինի, ինչը չլինի, էդ Սահմանադրության մեջ դա հետագա քննարկման խնդիր է։ Էնպես չի, որ թաքուն դարակում Սահմանադրություն կա գրած, մենք էլ բոլորից պահում ենք ու ուզում ենք տանել, ուրիշ դռնով ներս մտցնել ու դարձնել Հայաստանի Սահմանադրություն», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Ապա շարունակեց. - «Ես ասում եմ՝ պետք է նոր Սահմանադրություն, քանի որ ես եկել եմ այն եզրակացության, որ շատ կարևոր է, որ ժողովուրդը Սահմանադրությունը իրենը համարի, իր ձայնով ընդունվածը համարի։ Սա մեկ։ Երկրորդ՝ մեր այսօրվա միջավայրը փոխված է, նեքին և արտաքին միջավայրը, մեր բոլոր արտաքին հարաբերություններն էլ են փոխված, ներքինն՝ էլ։ Այն Սահմանադրությունը, որ մենք ունենք, ընդունվել է այլ միջավայրում և այլ պայմաններում։ Եվ Սահմանադրությունը պետք է կրի իր վրա այդ նոր իրադրությունը և կառավարի այդ նոր իրադրությունը»։

Որպես երրորդ կետ՝ վարչապետը նշեց, որ Սահմանադրության նպատակն է պետությունը ավելի մրցունակ դարձնել. - «Ես խնդիրը ձևակերպում եմ հայեցակարգային մակարդակում։ Մնացածը քննարկման խնդիր է»։

Փաշինյանն ասաց, թե չի պատկերացնում՝ ինչ է նշանակում կորցնել կապը պատմության հետ. - «Կամ այսօր մեր Սահմանադրության մեջ ինչ է գրած, որ այդ կապը պահում է պատմության հետ։ Մենք պետք է ունենանք այնպիսի Սահմանադրություն, որ չկորցնի կապը մեր ապագայի հետ»։

«Ես չորրորդ հանրապետության ասելով՝ ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանին վարչապետ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչ նկատի ունի չորրորդ հանրապետություն ասելով. - «Չորրորդ հանրապետություն ասելով ի՞նչ նկատի ունեմ, ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն, որը ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը ընդունում են, նույնիսկ նրանք, ովքեր դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել», - ասաց նա։

Փաշինյանը շեշտեց, որ չպետք է շփոթություն առաջանա, թե նպատակ ունեն ինչ-որ բան ջնջել կամ ստեղծել։ Վարչապետը վստահեցրեց՝ կառավարող քաղաքական ուժը փաթեթ չունի, որ դնի սեղանին և ասի, որ սա են առաջարկում։

«Եվ դա վատ չէ, դա լավ է, որովհետև կարծում եմ, որ նախ՝ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե էս ինչի մասին է, ինչի համար է, որովհետև դրա հետ էլ կապված շատ մեծ քննարկումներ, նույնիսկ շփոթություններ կան,բայց ես կարևոր եմ համարում, որ նախ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է, և դա պետք է անել, հետո անցնել կոնկրետ բովանդակությանը», - շեշտեց նա։

Փաշինյանը նոր քննարկում բացեց՝ հա՞յ ժողովուրդ, թե՞ ՀՀ ժողովուրդ

Փաշինյանն այսօր անդրադարձավ նաև «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու խնդրին, նաև բացեց բոլորովին մի նոր քննարկում՝ հա՞յ ժողովուրդ, թե՞ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։

«Ոչ մեկը չի խանգարում, որ հայ ժողովուրդը լինի Հայաստանի ժողովուրդ, որովհետև Հայաստանում գործում է և շարունակելու է գործել երկքաղաքացիություն։ Ով իրեն նույնականացնում է էդ ինքնության հետ, ոչ մի սահմանափակում չկա, որ դիմի և ստանա ՀՀ քաղաքացի, որպեսզի մենք էդ դիլեմայից էլ ... ասենք՝ այո, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետև այսօր բազմաթիվ սփյուռքահայեր կան, հազարավոր, ովքեր ուրիշ երկրի քաղաքացիություն ունեն, բայց ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, և երբ ասում ենք Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, նկատի ենք ունենում նաև նրանց, այն պարզ արձանագրումով, որ իրենք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG