Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ ՀՀ Սահմանադրության հարցը բարձրացրել են հենց սկզբից, Երևանից հակադարձում են՝ Մայր օրենքի փոփոխությունը ՀՀ ներքին գործն է


Բաքուն հորդորում է վերջ դնել Հայաստանի Սահմանադրությամբ, օրենքներով, որոշումներով իր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններին։ Արդյոք այս առումով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ուղիղ պահանջ դրվել է հայ-ադրբեջանական բանակցություններում։ Պաշտոնական Երևանը հավաստիացնում է՝ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն, այդուհանդերձ, երեկ Հանրայինի հետ զրույցում հստակ չհերքեց, որ Բաքվից նման պահանջ դրվել է.

Հարցին, թե Ալիևը Սահմանադրություն փոխելու պահանջ ներկայացրե՞լ է, Կոստանյանը պատասխանեց․ - «Սահմանադրական փոփոխությունները մեր ներքին խնդիրն են, և յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է, և, կարծում եմ, էստեղ զուգահեռներ փորձել գտնել անմիստ է»։

Նոր Սահմանադրություն ունենալու մասին վարչապետ Փաշինյանը խոսեց հունվարի 19-ին՝ պնդելով․ - «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

Թե տարածաշրջանի կոնկրետ ո՞ր փոփոխությունների պատճառով պետք է նոր Սահմանադրություն ընդունվի, Փաշինյանը չէր մանրամասնել։

Այս հայտարարությունից մոտ տասն օր անց Բաքուն պնդեց՝ խաղաղության համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին կոչ է արել «վերջ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններին, որոնք առկա են Սահմանադրությունում, տարբեր օրենքներում և որոշումներում»:

Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին։

«Այնքան են լկտիացել, որ Հայաստանին արդեն պարտադրում են, թե ինչ որոշումներ կայացնի»

Ընդդիմությունը համոզված է, որ Բաքուն Երևանից պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել հենց այդ դրույթը։

Սահմանադրությունից բացի, սակայն, երեկ պաշտոնական Բաքուն խոսեց նաև Հայաստանի տարբեր օրենքներ և որոշումների վերաբերյալ։ Ի՞նչ որոշման մասին է խոսում Բաքուն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ, Բաքուն նկատի ունի Հայաստանի գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը, համաձայն որի, «Հայաստանի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

«Այնքան են լկտիացել, որ Հայաստանի Հանրապետությանն արդեն պարտադրում են, թե ինչ որոշումներ կայացնի։ Նման իրավունք իրենց վերապահում են հաղթական պետությունները՝ կապիտուլյացիայի ենթարկած պետության նկատմամբ։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին 1991 թվականի սահմանադրական ակտով իրեն հռչակեց մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը, մուսաֆաթական Ադրբեջանը հավակնություններ ուներ Հայաստանի Հանրապետության տարածքի առնվազն կեսի նկատմամբ՝ Տավուշի արևելք, Գեղարքունիքի արևելք, Վայց Ձորի մի հատվածը, ամբողջ Սյունիքը։ Հայաստանը պետք է հայելային պահանջ ներկայացնի՝ դե դուք էլ փոխեք ձեր պետականության հիմքերը։ Բայց քանի որ Փաշինյանն ինքը պարտված է, ինքը որևէ պահանջ, որևէ խնդրանք էլ չի կարողանում ներկայացնի», - ասաց Խաչատրյանը։

Իշխանությունը կեղծ է որակում Բաքվի պահանջով Սահմանադրություն փոխելու դիսկուրսը

Իշխանությունը, սակայն, կեղծ է որակում Բաքվի պահանջով Սահմանադրություն փոխելու դիսկուրսը։ Դիտարկմանը, որ այդ մասին արդեն ուղիղ խոսում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պարզաբանում է՝ Բաքուն իր հայտարարություններով փորձում է լարել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։

«Ադրբեջանը շատ բան կարող է հայտարարել, Ադրբեջանն ամեն պահի սպասում է Հայաստանում ներքին խժդժություններ կազմակերպելու համար լավ առիթ գտնել ու կրակի վրա յուղ լցնել և այլն», - ասաց Ջուլհակյանը:

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն էլ բացառում է, թե վարչապետը կարող է Բաքվի կամ Թուրքիայի պահանջով Սահմանադրություն փոխել։

«Բայց ո՞վ է ասում, որ ինքը պետք է պահանջի, մենք էլ փոխենք։ Հիմա Ալիևը տեսնում է՝ մենք ինչ գործողություններ ենք կատարում, ու ինքն էն ձևի խորամանկ է, որ միանգամից հենց դրան անդրադառնում է ու մերոնք ասում են՝ «Ալիևի պահանջներն են կատարում», էդպես չէ։ Ես բացառում եմ, որ դա Ալիևի պահանջն է: Ալիևն էս ասեց, տո ջհանդամ ասեց, գլուխն էլ քարին տվեց: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է [տարածել], գլուխը քարին է տվել, մենք երկիր ենք, պիտի էդ բոլորի դեմ հակադարձենք ու պատրաստ լինենք ամեն ինչի», - ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Միաժամանակ Մելքոնյանը դեռ չի պատկերացում, թե ինչո՞ւ է վարչապետը ցանկանում նոր Սահմանադրություն ունենալ։

«Կգա ժամանակ, երբ որ ամեն ինչը կպարզվի, կբացատրվի ժողովրդին, թե ինչի համար ենք Սահմանադրություն փոխում։ Համբերենք, սպասենք, մինչև էդ պատասխանները կլինեն», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարն «Ազատության» հետ զրույց անձամբ էր հաստատել՝ Բաքուն խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրում և այդ հարցը բարձրացել է հայկական կողմի հետ քննարկումներում։ Միաժամանակ Միրզոյանը վստահեցրել էր՝ Հայաստանն էլ նույն կերպ խնդրահարույց է համարել Ադրբեջանի Սահմանադրության մեջ ամրագրված ձևակերպումները։ Սակայն Ադրբեջանի մայր օրենքի հնարավոր փոփոխությունների մասին Բաքվում այս պահին որևէ քննարկում չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG