Մատչելիության հղումներ

Ադրբեջանին առաջարկել ենք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագիր. վարչապետ


Հայաստանը նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով է գնում, այսօր Բանակի կազմավորմանը նվիրված միջոցառմանն ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել:

«Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից և իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում», - ասել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունն ապահովող կարևորագույն գործոններից է, բայց անվտանգության տեսակետից երկու այլ գործոն էլ է թվարկել՝ արտաքին հարաբերություններ և վարվող քաղաքականությունների լեգիտիմություն՝ միջազգային իրավունքի տեսակետից:

«Լեգիտիմությունն, ըստ այդմ, Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն պիտի լինի: <> Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը», - հայտարարել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Բաքվի հայտարարություններին՝ կապված Հայոց բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ:

«Ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը, կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը», - ասել է նա:

Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից բացի, որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, ապա հավելել՝ որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի որևէ տարածքի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը, որ ավելի վաղ էլ էր խոսել երաշխիքներ տալու պատրաստակամության մասին, այսօր էլ է կրկնել դա. - «Մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից»:

Ադրբեջանի նախագահն անցած ամիս էր հայտարարել՝ Բաքվին հուսալի երաշխիքներ են պետք, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ չեն լինի: Իլհամ Ալիևը, սակայն, լրացուցիչ երաշխիքներից է խոսում այն դեպքում, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, իսկ իրենք՝ Ադրբեջանի պաշտոնյաները մինչև օրս չեն հայտարարել կոնկրետ մակերեսով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Դիրքորոշումները տարբեր են նաև սահմանազատման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերում:

Երևանը անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ է առաջարկել Ադրբեջանին: Օրինակ՝ զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ:

«Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները Հայաստանի վերահսկողության ներքո», - այսօրվա ելույթում ասել է վարչապետ Փաշինյանը՝ շարունակելով, - «Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»:

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից, նշել է նա։

Սպառազինությունների վերահսկման պայմանագիր ստորագրելու առաջարկ վարչապետն ավելի վաղ էլ էր արել, սակայն Ադրբեջանից հրապարակավ չեն արձագանքել:

XS
SM
MD
LG