Մատչելիության հղումներ

Ըստ իմ տեսած գաղտնի փաստաթղթի՝ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի. Արթուր Խաչատրյան


Ըստ իմ տեսած գաղտնի փաստաթղթի՝ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի, «Ազատության» հեր զրուցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Հակադարձելով այդ թվում և Ձեր պնդմանը, որ Ալիևի պահանջով է փոխվում Սահմանադրությունը, վարչապետն ասում է՝ հակառակը՝ Ադրբեջանն օգտվում է իրավիճակից, փորձում է նման տպավորություն ստեղծել, այդ թվում՝ ընդդիմությունն էլ ջուր է լցնում ջրաղացին, որ խանգարի գործընթացին:

Խաչատրյան. - Ադրբեջանը փորձում է խոչընդոտել Հայաստանում սահմանադրական «բարեփոխումների՞ն», բա էդ դեպքում ինչի՞ է պահանջում Սահմանադրության փոփոխություն: Այս իշխանությունները դեռևս 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին, քովիդի օրերին սահմանադրական փոփոխությունների արշավ սկսեցին ու մի նպատակ էր հետապնդում՝ փոխել Սահմանադրական դատարանի ձևավորումը, որպեսզի իրենց ցանկալի մարդկանց նշանակեին Սահմանադրական դատարանի անդամներ: Այնուհետև, կարծում եմ, 2022 թվականին, եթե ոչ՝ 21, ձևավորվեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը նույնպես Սահմանադրության փոփոխության առաջարկություններ էր մշակում: Այդ հանձնաժողովի ներկայացրած հայեցակարգում բացարձակապես որևէ խոսք չի եղել անկախության մասին հռչակագիրը փոխելու վերաբերյալ, ու հանկարծ Ալիևը սկսում է հոխորտալ, որ պարտադրում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը, ու սենց երջանիկ պատահականությամբ հանկարծ Հայաստանի իշխանությունները նույնպես որոշում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը, հանել հենց այն կետերը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը, իսկ ավելի վաղ Թուրքիան ունեցել են վերապահումներ, իսկ պատերազմից հետո անմիջական նաև ճնշումներ: Հիմա՝ ի՞նչ մանիպուլյացիա է, սա ի՞նչ դեմագոգիա է, մենք մեղք չունենք, մենք ինքներս ենք ուզում անենք, ընդդիմությունը դեմ է, քանի որ Ալիևը դեմ է, նաև ընդդիմությունը Ալիևի հետ համահունչ է աշխատո՞ւմ: Ալիևն ինքն է պարտադրում, Ալիևը դեմ չի:

«Ազատություն». - Ասում է՝ տրամաբանությունը սա է՝ իրականում Ալիևը չի ուզում, որովհետև եթե փոխվի Սահմանադրությունը, Հայաստանը ուժեղանալու է, իսկ իրեն թույլ Հայաստան է պետք, իրեն հակառակը՝ ագրեսիայի պատճառներ են պետք, որն այդ Սահմանադրությունը տալիս է:

Խաչատրյան. - Այդ նույն հեքիաթն այս իշխանությունները պատմում էին 20 թվականի վերջում, ասում էին՝ պատերազմ սկսվեց, որովհետև Ալիևը տեսավ, որ մենք հզորանում ենք և փորձեց պատերազմով կանխել մեր հզորացումը, իսկ մինչև 20 թվականը չէր հարձակվում, որովհետև մենք թույլ էինք: Ոչ, հարձակվում են թույլ պետության վրա, ուժեղ պետությունից վախենում են: Հիմա էլ նույն խնդիրն է. Ալիևը և Փաշինյանը համարյա նույն ժամանակ մի քանի րոպեի տարբերությամբ նույն պահանջներն են ներկայացնում Հայաստանի ժողովրդին ու ակնհայտ է, որ սրանով Ալիևն ուղղակի պարտադրում է Փաշինյանին գնալ զիջումների, հակառակը ուղղակի արդեն բարձրակարգ էլ չէ, միջին մակարդակի մանիպուլյացիաներ են:

«Ազատություն». - Դուք խաղաղության պայմանագրի նախագծին ծանոթացել եք, կա՞ այնտեղ այնպիսի հիշատակում, որից եզրակացնեիք, որ սա Ադրբեջանի պահանջն է:

Խաչատրյան. - Գաղտնիությամբ կաշկանդված եմ, չեմ կարող ասել՝ այնտեղ ինչ կա, ինչ չկա, բայց կարող եմ վերահաստատել մեր պնդումը, մեր հայտարարությունը, որ այն երկիրը, որը մեզ նման փաստաթուղթ, նման առաջարկություններ է ներկայացրել, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքելու որևէ ցանկություն, որևէ մտադրություն չունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG