ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը՝ շեշտելով՝ «իրավիճակի կարգավորման համար խաղաղության պայմանագիր է անհրաժեշտ»։
«Որոշ պետությունների կողմից Հարավային Կովկասում դիրքերն ամրապնդելու, Կասպից ծովի ավազանի ռեսուրսներից օգտվելու, դեպի Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու փորձեր են արձանագրվում», - ասել է Սերդյուկովը՝ նշելով, թե այդ նպատակին հասնելու համար ակտիվորեն օգտագործվում է նաև հայ-ադրբեջանական սահմանի բարձր կոնֆլիկտի հավանականությունը։
Նա Արևմուտքին մեղադրել է Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար։
«Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ դրսից փորձերը շարունակում են՝ ազդելու հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- նշել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, թե պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդները եռակողմ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հավանաբար Արևմուտքն է խանգարում։ Լավրովն ասել էր, թե Արևմուտքն ուզում է Ռուսաստանը դուրս մղել Հարավային Կովկասից։ Պաշտոնական Երևանը բազմիցս է հակադարձել, թե հենց Ռուսաստանն է դրժել ու դրժում իր պարտավորությունները։