Ղարաբաղյան հակամարտությունն ու Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանությունը՝ Հայաստանում անցած տարվա գերիշխող իրադարձություններ, HRW-ն (Human Rights Watch) է փաստում երեկ երեկոյան հրապարակած ամենամյա տարեկան զեկույցում:
Իրավապաշտպանները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի ավելի քան հարյուր հազար բնակչությունը լքել է իր տունը Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, ինչին նախորդել է ամիսներ տևած շրջափակումը, որի հետևանքով տեղի բնակչությունը բախվել էր դեղորայքի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ ապրանքների, պարագաների սուր պակասի։
Հեղինակավոր կառույցը փաստում է, որ առհասարակ անցած տարին պատմության մեջ թերևս կնշանավորվի որպես մարդու իրավունքների ամենասուր ճգնաժամերով, որոնք ուղեկցվել են ողբերգական հետևանքներով։ Human Rights Watch-ը պնդում է՝ մեղավոր են համաշխարհային առաջնորդները, որոնք «չկարողացան կամ չցանկացան վճռական դիրքորոշում որդեգրել իրավունքների պաշտպանության հարցում` փոխարենը ներքաշվելով «գործարքային դիվանագիտության մեջ»։
Կազմակերպության ղեկավար Տիրանա Հասանի գնահատմամբ, 2023 թվականը նախորդ տարվա շարունակությունն էր ոչ միայն մարդու իրավունքների ճնշման և պատերազմի վայրագությունների, այլև ընտրովի արձագանքի քաղաքականության, գործարքների դիվանագիտության առումով, ինչի համար թանկ գին են վճարել նրանք, ովքեր հայտնվել էին հերթական «փաթեթում»:
Կազմակերպությունը քննադատում է Միացյալ Նահագների նախագահին, պնդելով, որ Ջո Բայդենը էական շահագրգռվածություն չցուցաբերեց մարդու իրավունքները ոտնահարողներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Կառույցի գնահատմամբ, Եվրամիությունն իր հերթին է երես թեքել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորություններից:
«Միջազգային համակարգը, որի վրա հիմնված է մարդու իրավունքների պաշտպանությունը, վտանգվում է, երբ համաշխարհային առաջնորդները ձևացնում են, թե մտահոգված չեն մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների խախտումներով», - շեշտում է Հասանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը 500 հազար է. վարչապետԻրավիճակը Հայաստանում
Վերլուծելով ներհայաստանյան իրավիճակը`HRW-ը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ ոստիկանական, խոսքի ազատության, դատաիրավական ոլորտներում։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումները փակուղում են, փոխարենը իշխանությունները որոշ բարեփոխումներ են իրականացրել առանձին ոլորտներում՝ դատական, ոստիկանական, կրթական ոլորտներում։ Այդուհանդերձ, ըստ զեկույցի հեղինակների՝ իրավապաշտպան շրջանակների մտահոգությունները, մասնավորապես, դատական բարեփոխումների արդյունավետության և ենթադրյալ իրավախախտումների մեջ կասկածվող դատավորների պատասխանատվության գործընթացի անաչառության վերաբերյալ պահպանվում են, քննադատությունը չի մարում նաև ոստիկանության համապարփակ բարեփոխումների բացակայության առնչությամբ։
HRW-ը տարիներ ի վեր ահազանգում է հայաստանյան կալանավայրերում բռնությունների և վատ վերաբերմունքի դեպքերի մասին՝ նոր զեկույցում էլ ընդգծելով, որ խնդիրը չի կարգավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատավորները դժգոհություններ ունեն ԲԴԽ գործելակերպից ու որոշումներիցՈստիկանության չարաշահումներ և անպատժելիություն
HRW-ը քննադատում է հայաստանյան իրավապահ մարմիններին՝ վատ վերաբերմունքի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության, անհամաչափ ուժ կիրառելու համար։ Զեկույցի հեղինակները փաստում են, որ այդ գործողությունների վերաբերյալ բողոքները լավագույն դեպքում ընթացք ստանալիս էլ քննվում են «պաշտոնեական դիրքի չարաշահման» հանցագործությունների շրջանակներում, ինչը առավել մեղմ պատիժ է ենթադրում։
Իրավապաշտպանները մի շարք աղմկահարույց դեպքեր են թվարկել և փաստել՝ որևէ մեկի դեպքում մեղավորները պատժված չեն։ Օրինակ՝ անցած ապրիլին երևանյան գիշերային ակումբներից մեկը ոստիկանական ներխուժումը, որն ուղեկցվել է ակումբի աշխատակիցների և այցելուների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառմամբ, տուժող է ճանաչվել առնվազն վեց մարդ, մեղավոր՝ առայժմ զրո, ոստիկանական բաժանմունքում երկու փաստաբանների նկատմամբ ֆիզիկական բռնությունները, մեղադրանք առաջադրվել է, հետաքննությունը, սակայն մոտ մեկ տարի է՝ շարունակվում է։ Բարձրաստիճան ոստիկանի կողմից ռեստորանում 17-ամյա պատանուն ծեծելու դեպքը, եթե չլիներ հասարակության բողոքը, թերևս գործը կարճվեր՝ «լիովին զղջացել է» հիմնավորվմամբ, սակայն հանրային կոշտ արձագանքից հետո իրավապահներն ի վերջո վերսկսեցին հետաքննությունները և մեղադրանք առաջադրեցին սպայի նկատմամբ, հիշեցնում են զեկույցի հեղինակները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապաշտպաններն ահազանգում են՝ ծեծն ու բռնությունը շարունակում են խոստովանություն կորզելու միջոց լինելԽոսքի և տեղեկատվության ազատություն
Թեև Հայաստանում զրպարտությունն ապաքրեականացվել է, լրագրողներն ու լրատվամիջոցները, ըստ HRW-ի, շարունակում են թիրախավորվել ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից, որոնք քաղաքացիական հայցերով են մամուլի ներկայացուցիչներին ներքաշում դատական քաշքշուքների մեջ և սպառնում ծանր ֆինանսական տույժերով:
Իրավապաշտպանների տվյալներով՝ անցյալ տարի Հայաստանում լրատվամիջոցների զրպարտության ավելի քան երկու տասնյակ հայց է ներկայացվել։
Կազմակերպությունը քննադատում է նաև խորհրդարանի կողմից ընդունված մի փոփոխություն, որն ինչպես ընդգծվում է «լրացուցիչ հիմքեր է ստեղծում հանրային տեղեկատվության հարցումները մերժելու համար»: «Համաձայն նոր կանոնակարգի՝ գերատեսչությունը կարող է հրաժարվել տեղեկատվություն տրամադրելուց, եթե այն պարունակում է «սահմանափակ տարածման պաշտոնական տեղեկատվություն», անորոշ ձևակերպում, որը դուռ է բացում անհիմն գրաքննության համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վեճ իշխանական պատգամավորի ու լրագրողի միջև. վերջինիս մուտքն Ազգային ժողով արգելվել էԽախտվում են խոցելի խմբերի իրավունքները
Զեկույցի հեղինակները նկատում են, որ Հայաստանում շարունակվել են ընտանեկան բռնության, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականությանն առնչվող խնդիրները, չի դադարել բռնությունն ու խտրականությունը սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հողի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 17-ամյա տղային ինքնասպանության է հանգեցրել «միջավայրի անհանդուրժողականությունը»