Իշխանությունը կոշտ քննադատության է ենթարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ զգուշացնելով, Հայաստանում կա մեկ ընտրված իշխանություն և Երևանում ստորագրված` Ղարաբաղին վերաբերվող որևէ փաստաթուղթ ոչ մի իրավական ուժ չունի։
Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Արցախը հունվարի 1-ից լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, և դրա համար հիմք է հանդիսացել Շահրամանյանի մեկ այլ՝ Երևանում հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագիրը, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:
«Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024-ի հունվարի 1-ից հետո ևս շարունակելու են իրենց գործունեությունը», - ասել էր Շահրամանյանի խորհրդականը։
Գրիգորյանի այս հայտարարությունից ժամեր անց Արցախի տեղեկատվական շտաբը Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների մասնակցությամբ մի լուսանկար տարածեց՝ հաղորդելով, որ Սամվել Շահրամանյանը հանդիպել է հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ և քննարկել արցախցիները խնդիրները։
Անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին՝ Շահրամանյանն ընդգծել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:
Այս հայտարարություններին հետևեցին իշխանական շրջանակաների կոշտ արձագանքները՝ ընդհուպ իրավական հետևանքների մասին զգուշացումներով։
«Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երևանում հրամանագիր ստորագրի: Հայաստանում կա մեկ իշխանություն: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս և արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից: Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները` խստագույնս պատժվելու են»,- Ֆեյսբուքում գրել է Հոհաննիսյանը։
ՔՊ մեկ էլ այլ պատգամավոր՝ Լիլիթ Մինասյանն էլ պնդել է. - «Ղարաբաղի կապիտուլացիան ստորագրած անձինք պետք է քաջ գիտակցեն, որ Երևանում ստորագրված`Ղարաբաղին վերաբերվող որևէ փաստաթուղթ ոչ մի իրավական ուժ չունի: Նմանատիպ ցանկացած «օրենք», ցանկացած «որոշում» առոչինչ է։ Բացի սադրանք լինելուց, դրանք ոչ մի օգտակար արժեք չեն ներկայացնում: Իսկ Հայաստանի անվտանգության դեմ ցանկացած սադրանք պետք է ստանա կոշտ իրավական արձագանք իրավապահ մարմինների կողմից»:
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ այսօր է թեմային անդրադարձել. - «Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, Հայաստանում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա ՝ դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն»։
Իշխանական շրջանականերից հնչեցին նաև գնահատականներ, որ եթե Արցախի պետական մարմինները իսկապես գործում են, ապա նրանք էլ պետք է իրենց վրա վերցնեն Հայաստանի բանկերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 300 միլիարդ դրամի պարտքը, որը ստիպված իր վրա է վերցրել Հայաստանի կառավարությունը։
Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ «Հայաստանի ներսում պետություն մոդելավորելու փորձերը» որևէ արդյունք չեն տալու, փոխարենը Հայաստանի համար նոր վտանգներ են ստեղծելու։
«Ինչ-որ մի պահի վտա՞նգ է վերացել։ Ինձ համար ակնհայտ է, որ նման հնարավորություն առնվազն կա», - ասաց Ալեքսանյանը։
Սամվել Շահրամանյանի խորհրդականը «Ազատության»-ը տված հարցազրույցից ժամեր անց հեռացել է պաշտոնից
Արցախի նախագահի հասեցին իշխանության կոշտ քննադատություններից ու զգուշացումներից հետո, «Ազատության»-ը երեկ տված հարցազրույցից ժամեր անց, պաշտոնից հեռացավ Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Ֆեյսբույքան իր էջում Գրիգորյանը պատճառների մասին ոչինչ չի նշել, միայն գրել է, որ իր հարցազրույցը տարատեսակ շահարկումների տեղիք է տվել։
«Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը, որն այս պահին չի արտահայտում որևէ պաշտոնական դիրքորոշում։ Տեղեկացնում եմ նաև, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական», - գրել է Գրիգորյանը։
Այսօր «Ազատության» հետ զրույցում Վլադիմիր Գրիգորյանը իր պաշտոնանկության պատճառների մասին խոսել չցանկացավ՝ խոստանալով մեկնաբանություններ տալ մի քանի օրից: