Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատում է Նիկոլ Փաշինյանի ուղերձը Փարիզի Խաղաղության համաժողովում


Ադրբեջանի ԱԳՆ շենքը, արխիվ, Բաքու:
Ադրբեջանի ԱԳՆ շենքը, արխիվ, Բաքու:

Պաշտոնական Բաքուն քննադատել է Հայաստանի վարչապետի ելույթը նոյեմբերի 10-ին Փարիզում կայացած Խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում։

«Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ Երևանը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի նոյեմբերի 10-ին հրապարակած հայտարարությունան մեջ, ըստ որի, Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչները «էթնիկ զտումների» են ենթարկվել»:

ԱԳՆ-ն ընդգծում է, թե Փաշինյանը քաջատեղյակ է, որ հայ բնակիչների՝ Ղարաբաղից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»։

Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանից բռնի տեղահանված ու էթնիկ զտումների հետևանքով փախստական դարձած հայերի թիվը հասնում է 500 հազարի։ Նրանցից մոտ 360 հազարը բռնի տեղահանվել են Ադրբեջանից 90-ականների սկզբից՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերի և հայատյացության հետևանքով, հավելելով, որ այդ ժամանակից ի վեր հայատյացությունն Ադրբեջանում պետական քաղաքականություն է։

26 հազար մարդ 44-օրյա պատերազմի հետևանքով է հեռացել Լեռնային Ղարաբաղից, իսկ լայնածավալ վերջին հարձակման և էթնիկ զտումների հետևանքով մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 105 հազար հայեր ստիպված են եղել լքել տները, նշել է նա։

«Հայաստանի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հասցեին նման անհիմն մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին»,- նշում է գերատեսչությունը:

ԱԳՆ-ն նաև կոչ է արել Երևանին «դադարեցնել Ադրբեջանի դեմ ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը, ինչպես նաև դադարեցնել խաղաղ գործընթացին վնասող հայտարարությունները»։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը մոտ ապագայում համարժեք պատասխան կտա հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի կոչերին»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Վարչապետ Փաշինյանը նաև շեշտել է, որ Բաքվի քարոզած «Արևմտյան Ադրբեջան»-ի հայեցակարգը Հայաստանի դեմ նոր պատերազմի նախապատրաստություն է։ Փաշինյանը համաժողովի մասնակիցներին զգուշացրել էր՝ թեև Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց լուրջ հարցեր են առաջացել Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ։

«Բայց դա չի սասանում մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին, և մենք հույս ունենք, որ առաջիկա ամիսներին կստորագրենք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ», - ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG