Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի վեճից հետո նրա մուտքը խորհրդարան արգելվել է։
Ազգային ժողովի աշխատակազմը քննել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դիմումն ու դադարեցրել Քնար Մանուկյանի հավատարմագրումը։
«Ես էլ մեր լրատվամիջոցի պատիվը չէ՞ պետք է պաշտպանեմ։ Եթե դու կանգնում ես, Ազգային ժողովի թիվ մեկ ամբիոնից հայտարարում ես, նման ծանրագույն մեղադրանքի մեջ ես մեղադրում, ես գալիս եմ և ասում եմ՝ եկեք, գնանք միասին։ Դուք հրաժարվում եք, ասում եք՝ կան այլ մարմիններ», - ասում է Քնար Մանուկյանը։
Լրագրողի ու պատգամավորի միջև վեճը ծագել է դեկտեմբերի 7-ին, երբ խորհրդարանը քննում էր Կոռուպցիայի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի թեկնածության հարցը։ Հենց այդ ժամանակ էր իշխանական պատգամավորը հայտարարել, որ «Ժողովուրդ» օրաթերթը փողով նյութեր է գրում։ Քնար Մանուկյանն էլ հետո մոտեցել էր պատգամավորին, առաջարկել միասին դիմել իրավապահներին՝ հարցը պարզելու։ Հովհաննիսյանը չէր ցանկացել հարցազրույց տալ, ինչին հետևել էլ լրագրողի հարցը։
«Ի վերջո, ասում է՝ լրագրողը հետապնդել է։ Բոլոր այն լրագրողները, ովքեր Ազգային ժողովում են, կհաստատեն ու կփաստեն իմ խոսքերը. պատգամավորներից շատերը իրենց ոչ ցանկալի հարցեր ուղղող լրագրողներից խուսափում են, և դու այլընտրանք չունես, երբ որ պետք է միկրոֆոնը պահես և վազես իրենց հետևից, ստանաս ստանաս քեզ հուզող հարցերիդ պատասխանը», - ասում է նա։
Քնար Մանուկյանին հավատարմագրումից զրկած խորհրդարանում շեշտում են՝ նախ լրագրողը չի գտնվել լրատվամիջոցների համար թույլատրելի տարածքում։ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լաուրա Անտոնյանը վկայակոչում է կարգը, ըստ որի՝ լրագրողի համար թույլատրելի երեք տարածք կա խորհրդարանում, իսկ Մանուկյանը արգելված տարածքում է մոտեցել պատգամավորին։
«Իմ նշած երեք տարբերակները շատ հստակ են՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, որտեղ միշտ ճեպազրույցներն են լինում, օթյակում և Ազգային ժողովի այգում։ Այսինքն՝ ցանկացած այլ տարածք, ըստ մեկ կարգի, համարվում է մասնագիտական գործունեություն չծավալելու վայր, արգելված գոտի, ու քանի որ դա տեղի է ունեցել արգելված գոտում, ու ունենք նաև պատգամավորից ստացված գրություն աշխատակազմի ղեկավարի անունով, այդ պատճառով գործողություններ են ծավալվել», - «Ազատությանն» ասաց Լաուրա Անտոնյանը։
Լրագրողը, սակայն, հակադարձում է՝ նախ, արգելված տարածքում չի եղել, այլ մի վայրում, որտեղ պատգամավորները քվեարկում են տարբեր պաշտոնյաների ընտրելիս. - «Այդ տեղը սահմանված է մեզ համար, այնտեղ անվտանգություն կա, անվտանգությունն ինձ բացարձակ չի մոտեցել, չի անհանգստացրել»։
Խորհրդարանի ներկայացուցիչն ընդունում է՝ այդտեղ նկարահանումներ եղել են, բայց երբ պատգամավորները դեմ չեն եղել հարցազրույց տալուն։ Լաուրա Անտոնյանի խոսքով՝ այս պարագայում Հովհաննիսյանը դեմ է եղել, իսկ լրագրողը նրան հետապնդել է ու հնչեցրել զրպատող ու վիրավորական հարցեր. - «Քանի որ այդ մասում իրականացվում են քվեարկությունները, այդ ժամանակ այդտեղ լրագրողները կարողանում են աշխատանքային գործունեություն ծավալել, ու մենք չենք ունեցել միջադեպ, որտեղ պատգամավորները դիմում-գրություն են ուղարկել աշխատակազմի ղեկավարին և նշել, որ խախտվել է իրենց իրավունքը, կամ լրագրողները չնապատեսված վայրում են հարցազրույց անցկացրել։ Այդ պատճառով քանի որ հիմա ունենք գրություն, հղում ենք անում այդ գրությանը, ու այդ գրության հիման վրա նախազգուշացում է ուղարկվել տվյալ լրատվամիջոցին»։
Երկու կողմից էլ փորձ է կատարվել զրպարտել. Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը երկու կողմին էլ համարում է մեղավոր՝ թե՛ պատգամավորը, թե՛ լրագրողն անցել են սահմանը, ասում է Աշոտ Մելիքյանը։
«Երկու կողմից էլ փորձ է կատարվել զրպարտել, և՛ պատգամավորի կողմից, որովհետև առանց փաստ վկայակոչելու խորհրդարանի ամբիոնից չի կարելի ուղղակի այդպիսի մեղադրանքներ հնչեցնել, դա շատ նման է զրպարտությանը, և՛ իհարկե, անթույլատրելի է, երբ լրագրողը, ակնհայտորեն տեսնելով, որ իր առջև կանգնած է սթափ մարդ, նկատի ունենալով անցյալի ինչ-որ դրվագ, նրան…», - ասաց նա։
Լրագրողի վարքագիծը պատասխան էր պատգամավորի հայտարարությանը, կարծում է փորձագետն ու պնդում՝ բոլոր դեպքերում կողմերը պետք է պահպանեն էթիկայի կանոնները։ Բայց ասում է՝ այս խնդիրը նոր չէ՝ այս գումարման խորհրդարանն է, որ խիստ սահմանափակել է լրագրողների աշխատանքն ու պատճառ դարձել լարված հարաբերությունների։ Հավատարմագրումից զրկելը, սակայն, հազվադեպ է կիրառվում։ Լրագրողական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ այս իշխանության օրոք նման երկու դեպք է եղել։