Տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ մտքեր են փոխանակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այսօր Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերություններն ունեն ակտիվ բնույթ, ու կարևորել է օրերս տեղի ունեցած ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը: Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ հայ-բրիտանական համագործակցությունն ունի մեծ ներուժ, և բարձր մակարդակի փոխայցերը կնպաստեն դրա լիարժեք իրացմանը:
Դոքերթին շեշտել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` օրերս Միացյալ Թագավորություն կատարած պաշտոնական այցը, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը: Եվրոպայի հարցերով նախարարը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու ՄԹ շահագրգռվածությունը:
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչությամբ շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը, կարևորվել է միջազգային հանրության կողմից հումանիտար աջակցությունը ԼՂ բնակչությանը, ասված է Կառավարության լրատվական վարչության հաղորդագրությունում:
Բրիտանացի նախարարն այցելելու է նաև Բաքու և Թբիլիսի, սա Դոքերթիի տարածաշրջանային երրորդ այցն է այս տարվա ընթացքում: