Հայատանի կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածների համար սկսում է առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բացի բնակության և կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական բյուջեից յուրաքանչյուրին կհատկացվի 50 հազարական դրամ: Բացառություն կլինեն այն անձինք և նրանց ընտանիքի անդամները, ովքեր ունեն բանկային հաշիվների որոշակի շեմը գերազանցող մնացորդներ, բնակվում են պետության հատկացրած կացարաններում կամ գտնվում են պետության խնամքի ներքո:
«Առաջիկա օրերին կսկսենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային ապահովման երկարաժամկետ աջակցության հարցերի քննարկումները, որոնք առավելագույնս համադրված կլինեն ՀՀ քաղաքացիների համար նախատեսվող նմանատիպ ծրագրերի հետ», - գրել է վարչապետը Ֆեյսբուքում՝ հույս հայտնելով, որ բռնի տեղահանված քաղաքացիներն առաջիկա երկու ամսվա ընթացքում Հայաստանում աշխատանք կգտնեն:
«Կառավարությունն, իհարկե, հնարավոր միջոցներով այս հարցում ևս կաջակցի նրանց», - վստահեցրել է նա:
Երկու օր առաջվա տվյալներով՝ հարյուր հազար դրամ միանվագ աջակցության ծրագրից օգտվել է ավելի քան 95 հազար 200 անձ։