Մատչելիության հղումներ

Դատավորները դժգոհություններ ունեն ԲԴԽ գործելակերպից ու որոշումներից


Դատավորների միությունում մտահոգված են՝ ինչո՞ւ է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) աշխատակազմը միայն մարզերի դատավորներին ծանուցել խորհրդի տասներորդ անդամի ընտրության մասին։ Սրա հետևանքով մարզային երեք դատավոր է մասնակցելու հայտ ներկայացրել, իսկ Երևանի առաջին և վերադաս ատյանների դատարանները զրկվել են այս հնարավորությունից, այսօր բողոքում էին դատավորները։

ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող սահմանադրական կառույց է, որը նաև կազմակերպում ու կարգավորում է դատավորների աշխատանքը, բողոքների դեպքում պատասխանատվության ենթարկում նրանց՝ ընդհուպ ազատելով դատավորի պաշտոնից։

Այսօր մեկնարկած դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Բարձրագույն դատական խորհրդի տասներորդ անդամին։ Նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ դատավորների մեծամասնությունը դեմ արտահայտվեց այս օրակարգին։

Դատավոր Դավիթ Բալայանը ԲԴԽ-ի՝ միայն մարզային դատավորներին ծանուցելու որոշումը բողոքարկել է դատարանում. - «Իմ կարծիքով՝ դատական դեպարտամենտը ինքը կանխորոշել է այն դատավորների շրջանակը, ովքեր իրավունքն ունեն առաջադրվելու։ Ես գտնում եմ, որ այդպես չի կարող լինել»։

ԲԴԽ-ից ավելի ուշ «Ազատությանը» պարզաբանեցին, թե Խորհրդի կազմում մարզային դատավոր չկա, և այս է պատճառը, որ միայն նրանց են ծանուցել։ Գործող կարգով մրցույթին կարող են մասնակցել միայն ծանուցված դատավորները։

Որոշ դատավորներն այսօր դժգոհում էին նաև նաև Բարձրագույն դատական խորհրդի վերջին որոշումներից, երբ մեկ օրում դադարեցվեցին չորս դատավորների լիազորությունները։ Առաջին ատյանի դատավոր Արման Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում այս մոտեցումը. - «Օրինակ՝ ինձ համար մտահոգիչ է այսքան կարգապահական վարույթների հարուցումը, ինձ համար շատ մտահոգիչ է՝ ոնց կարելի է մեկ օրում, ընդ որում ի սկզբանե ասում եմ՝ ես Բարձրագույն դատական խորհրդի որոշումները չեմ կարդացել, չեմ քննադատում այդ որոշումները, բայց մտահոգիչ է, թե ինչու պետք է մեկ օրում չորս դատավորի լիազորություն կարողանա դադարեցնել»։

Վերջերս Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության նախարարությանն ու ԲԴԽ-ին ուղղված քննադատության համար դադարեցրել էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։

Նրա գործընկերներ Դավիթ Բալայանն ու Արման Հովհաննիսյանը տարակուսած են։

«Ես գտնում եմ, որ պարոն Հարությունյանը անարդար կերպով է հեռացվել դատական համակարգից», - նկատեց Բալայանը։

«Այո, ես կարող եմ կանգնել, խոսել այն ամենը, ինչ որ ես իրականում մտածում եմ, բայց դա իմ կարծիքով՝ խելամտություն չի լինի՝ հասկանալով, թե ինչեր տեղի ունեցան, երբ որ որոշ դատավորներ փորձեցին իրենց կարծիքը արտահայտել, իրենց դիրքորոշումը արտահայտել, և նրանց հետ, տեսանք, որ Բարձրագույն դատական խորհրդում ինչ գործընթացներ սկսվեցին։ Հիմա ես չեմ ուզում այդ հնարավորությունը տալ որևէ մեկին, որ այդ գործընթացը սկսվի, ինչքան էլ մեծ ցանկություն ունենամ որոշ հանգամանքներին ճիշտ գնահատական տալու համար», - նշեց Հովհաննիսյանը։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ հարցնում էր՝ եթե իրենք չխոսեն իրենց խնդիրներից, ո՞վ կխոսի։ Ռշտունուն ևս մտահոգել է մեկ օրում չորս դատավորների լիազորությունների դադարեցումը, բայց խուսափեց այդ որոշումները գնահատելուց՝ օրինական են, թե՝ ոչ, որ իր դեմ էլ վարույթ չհարուցեն։ Չբացառեց, որ մի օր կարգապահական վարույթն իր դուռն էլ կթակի։

«Բարձրագույն դատական խորհուրդը սրբավայր չէ, և Բարձրագույն դատական խորհրդում աշխատողներն էլ սուրբ մարդիկ չեն, միգուցե լինեն մեջները սուրբ մարդիկ, ամեն դեպքում մենք չենք ընկալում իրենց այդպիսին, մենք հասկանում ենք որպես Բարձրագույն խորհրդի անդամներ։ Ո՞վ է գնահատական տալու, ի վերջո, Բարձրագույն դատական խորհրդի գործունեությանը, չխոսենք որպես դատարան, որպես առանձին անձինք, գործունեությանն ո՞վ է գնահատական տալու, ի վերջո», - ասաց նա։

Վճռաբեկ դատարանի դատավոր Գևորգ Գյոզալյանը ևս կարծում է, որ համակարգում քիչ չեն խնդիրները, բայց, ի տարբերություն գործընկերների՝ չի կարծում, որ դրանք պետք է բարձաձայնվեն լրատվամիջոցներով։ Խնդիրների մասին պետք է խոսվի դատավորների ժողովներում, ասաց Գյոզալյանը, որը դատավորի կարիերան սկսել է 2022 թվականից, մինչ այդ որպես փաստաբան դատարաններում ներկայացնում էր վարչապետ Փաշինյանի շահերը։

«Մեր խնդիրները մամուլի միջոցով չէ, որովհետև դատավորներն ունեն սահմանափակումներ։ Ես իմ փաստաբանական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ հանդես եմ եկել, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով։ Հիմա մեր խնդիրները լուծելու միակ հարթակն ընդհանուր ժողովն է», - շեշտեց նա։

Բարձրագույն դատական խորհրդի որոշ որոշումները մտահոգիչ որակող դատավորները մտադիր են օրենսդրական փոփոխություններ առաջարկել, որ հնարավորություն ունենան հետ կանչել իրենց ընտրած ԲԴԽ այն անդամներին, որոնք իրենց որոշումներով փորձում են ճնշումներ բանեցնել դատավորների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG