Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է որոշ դեպքերում պատժից ազատել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողներին


Կառավարությունը մտադիր է քրեական պատասխանատվությունից ազատել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվողներին, եթե նրանք առաջին անգամ են հանցանք կատարում, զղջում են ու համագործակցում իրավապահների հետ։

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց այս փոփոխությունը, նախագիծը ներկայացնում էր արդարադատության նախարարը։ Գրիգոր Մինասյանը պարզաբանեց, թե սրանով կթեթևանան առանց այն էլ ծանաբեռնված դատական ու քննչական մարմինները։

«Բեռնաթափելու ենք և՛ դատական, և՛ քննչական համակարգը, կարծում եմ, լավ նախագիծ է», - ասաց Մինասյանը։

Գրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան

Մինչդեռ, ինչպես խորհրդարանի ամբիոնից դժգոհում էր «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, այս նախագծին անգամ կողմ չեն ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդը, ո՛չ Ներքին գործերի նախարարությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը։

Ընդդիմադիր պատգամավոր Մինասյանը հայտարարեց՝ սրանով կխաթարվի դատարանների գործառույթը և դատարանների փոխարեն արդարադատություն կիրականացնեն քննչական մարմինները։

«Սա հստակ հակասում է քրեական արդարադատության հիմնարար սկզբունքներին։ Այս փոփոխությունը ոչնչացնում է քրեական արդարադատության մեջ կարևոր համարվող արագացված վարույթի, համագործակցության վարույթի, համաձայնեցման վարույթի օրենսգրքերով ամրագրված մոտեցումներին», - հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Գրիգոր Մինասյանը, սակայն, հակադարձում էր՝ այս հարցում տարբեր կարծիքներ կան։

«Տարբեր գերատեսչություններ, տարբեր նախագծերի հետ կապված ունենում են և՛ բացասական, և՛ դրական դիրքորոշումներ, և, ինքներդ գիտեք, եթե իրավաբանություն է, չորս իրավաբան չորս տարբեր կարծիք են ունենում», - ասաց նախարարը։

Արծվիկ Մինասյանը պնդեց՝ այս նախագիծը քաղաքական նպատակ ունի։

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

«Հատկապես այն հատվածում, երբ խոսվում է, այսպես կոչված, դիզերտիրների կամ դասալիքների չհիմնավորված թիվը հայտարարելը մաքրելու մոտեցումով, որովհետև նաև մամուլում տարածված լուրջ հիմնավորումներ կան այն մասին, որ այս գրեթե բոլոր գործերով, մեծամասնության գործերով գործերը դատարաններում կա՛մ կոտրվում են, փշրվում են, որովհետև բավարար ապացույցներ չկան, կա՛մ չեն հասնում գործերն էնտեղ, որովհետև նախաքննական մարմինն ինքը չի կարողանում ապահովել», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նախագծով օրենսդրական այս փոփոխության դեպքում քրեական հետապնդման մարմինները կառաջնորդվեն մարդասիրության սկզբունքից ելնելով և այս նորմը կկիրառեն բացառիկ դեպքերում՝ հաշվի առնելով բացառիկ հանգամանքները։ Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը, գրված է նախագծում։

Արդարադատության նախարարը նաև պարազաբանել է, թե սա տուժողի իրավունքների խախտում չէ, քանի որ տուժողը միշտ էլ կարող է այդ որոշումը բողոքարկել դատարաններում։

Արդարադատության նախարարը նաև հայտարարեց՝ նման փորձ ունեն մի շարք երկրեն՝ Ուզբեկստանը, Ֆրանսիան, Լիտվան։

Օրինագիծը, սակայն, քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն չի տալիս մի շարք հանցագործությունների դեպքում՝ ցեղասպանության, պատերազմի հանցագործության, վարձկանության, դիակապտության, ահաբեկչության, դիվերսիայի և այլնի դեպքում։ Նման հնարավորություն չի տրվելու նաև այնպիսի հանցանքի դեպքում, երբ տուժողը 14 տարին չլրացած անձ է, կամ հոգեկան առողջության խնդիրներ ունի, կամ էլ այնպիսի արարքների համար, որոնցով նախատեսված է ցմահ ազատազրկում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG