«Ազատության» հյուրն է կանադացի պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը, նա մասնակցում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։
«Ազատություն». - Ձեր այցը Հայաստան դժվար ժամանակներում է, տեսնո՞ւմ եք իրատեսական հնարավորություն խաղաղության համաձայնագրի համար։
Լեո Հուսակոս. - Հույս ունեմ, բայց ես լավատես չեմ այն ամենից հետո, ինչ տեսել ենք վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ։ Պետք է շատ թերահավատ վերաբերվել խաղաղության հնարավորությանը, քանի որ խաղաղության հասնելու համար պահանջվում է խաղաղություն ցանկացող երկու ժողովուրդ:
«Ազատություն». - Պարոն Սենատոր, ընդամենը մեկ ամիս առաջ Երևանում էր Կանադայի արտգործնախարարը: Նա հայտարարեց, թե Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը սեղանին է: Տեղյա՞կ եք ինչի մասին է խոսքը:
Հուսակոս. - Խոսքը ընդամենը Թրյուդոյի կառավարության մանր քաղաքականության մասին է։ Նրանք միշտ տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ բան են անում, այն դեպքում, երբ իրականում դա չեն անում: Իրականությունն այն է, որ լավ նորություն է, որ մենք բացել ենք Կանադայի դեսպանատունը Երևանում: Ու ես ողջունում եմ դա: Դա իսկապես պահանջված էր ինչպես կանադահայերի, այնպես էլ, իհարկե, Հայաստանում՝ հայ բարեկամների կողմից: Բայց եկեք այստեղ պարզ լինենք, Կանադայի կառավարությունը՝ Թրյուդոյի իշխանությունն էր, որ 2020 թվականին Էրդողանի և իմ Կանադայի վարչապետի հեռախոսազրույցից հետո, ու ես դա ասում եմ տխրությամբ, մենք կանաչ լույս վառեցինք և թույլ տվեցինք, որ lr3Harris կանադական տեխնոլոգիան վաճառվի Թուրքիային։
Մենք Կանադայում ունեինք քաղաքականություն, որը թույլ չէր տալիս մեր կառավարությանը վաճառել ռազմական արտադրանք, որը կարող էր օգտագործվել ընդդեմ ժողովրդի: Բայց Թուրքիան գնեց lr3 տեխնոլոգիան։ Կանադայի կառավարությունը պետք է դա իմանար: Իրենց անօդաչուների վրա դրել են, տվել են ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները դա օգտագործել են Արցախում հայ տղամարդկանց, կանանց ու երեխաներին սպանելու համար։ Եվ իրականությունն այն է, որ իմ վարչապետի և իմ կառավարության ձեռքերն արյունոտ են, երբ նրանք նման գործունեություն են ծավալում։ Այնպես որ, հայ ժողովուրդը չպետք է մոռանա սա։ Դեսպանատները լավ քայլ առաջ են։ Եվ իրադարձությունները դիտարկելը ևս հաճելի է: Բայց դա այն է, ինչ տեղի է ունենում արևմտյան ժողովրդավարությունների հետ: Ամեն անգամ, երբ տեղի է ունենում ճգնաժամ, ողբերգություն և էթնիկ զտում, մենք դիտարկում ենք։ Գործելու ժամանակն է։ Դադարեք խոսել: Սկսենք գործել։
«Ազատություն». - Եթե չեմ սխալվում, Դուք ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող նախաձեռնություն ունեիք:
Հուսակոս. - Ես Կանադայի Սենատում ունեի մի օրինագիծ, որը կոչ էր անում ճանաչել Արցախը, ինչը, իհարկե, արևմտյան ժողովրդավարական երկրներից քչերն են համարձակություն ունեցել անելու: Որովհետև ի վերջո ես չեմ հասկանում, թե որն է դժվարությունը։ Մենք բոլորս գիտենք, որ հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը բնիկ է Արցախի տարածաշրջանում։ Դադարեք անվանել այն Լեռնային Ղարաբաղ։ Եկեք սկսենք կոչել այն, ինչ կա, և դադարենք օգտագործել նման բառապաշար, այն, ինչ ես անվանում եմ փափուկ դիվանագիտություն, հանգստացնել բռնակալներին, երբ գիտենք, որ նրանք օրինական պահանջ չունեն:
Հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձը երազ է. Լեո Հուսակոս
«Ազատություն». - Պարոն սենատոր, ինչո՞ւ միջազգային հանրությունը՝ նկատի ունեմ հատկապես արևմտյան դերակատարները հանդուրժեցին Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանումը:
Հուսակոս. - Դա լավ հարց է: Կարծում եմ մենք արևմտյան ժողովրդավարական երկրներում շեղվել ենք մեր ճանապարհը: Մենք պատմությունից դասեր չենք քաղել։ Եվ մենք կրկնում ենք նույն սխալները 100 տարի անց: Հայոց ցեղասպանությունից, Հոլոքոստից և այլ էթնիկ զտումների ողբերգություններից ավելի քան հարյուր տարի անց մենք միշտ ասում ենք, որ դա երբեք չի կրկնվի, բայց շարունակում ենք կրկնել նույն սխալները։ Մեզ անհրաժեշտ են դեմոկրատիաներ, որպեսզի սկսենք, ինչպես ասացի, գործել: Մենք պետք է փոխենք մեր արտաքին քաղաքականությունը՝ տնտեսական շահերի նկատառումներից անցնենք հիմնականում արժեքային արտաքին քաղաքականության։ Մենք պետք է հասնենք նրան, որ արևմտյան ժողովրդավարությունները սկսեն կրկին տնտեսապես աճել: Մենք պետք է սկսենք երկարաժամկետ մտածել մեր էներգետիկ անվտանգության մասին և դադարենք պատանդ լինել ավտորիտար ռեժիմների, դաժան վարչակարգերի ձեռքում, ինչպիսին են Ադրբեջանը, Թուրքիան, որոնք մեզ զենքի տակ են պահում, քանի որ մենք մեր տնային աշխատանքը չենք արել: Եթե այսօր արևմտյան ժողովրդավարությունները չունեն էներգետիկ անվտանգություն, դրա համար մեղավոր չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Կատարը, ո՛չ «Համաս»-ը կամ որևէ այլ մեկը: Դա մեր մեղքով է: Մենք՝ որպես խորհրդարանականներ, և կառավարություններ, մեր աշխատանքը չենք արել։
«Ազատություն». - Այդ դեպքում հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի ի՞նչ հնարավորություն եք տեսնում:
Հուսակոս. - Դա երազ է, բայց հույս ունեմ։ Ես շատ հոռետես եմ մեր տեսածի պատճառով: Այս մարդիկ հեռացվել են իրենց հայրենիքից։ Նրանք հենց հիմա փախստականներ են։ Իհարկե, փառք Աստծո, Հայաստանը հենց կողքին է և ընդունում է նրանց: Բայց այս մարդկանց հեռացրել են իրենց հողից: Եվ տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք, թե որքան հայեր հեռացվել են Արցախից: Ես վիրավորվում եմ, երբ այն անվանում ենք Լեռնային Ղարաբաղ։ Դա Արցախն է։ Դա նրանց հողն է: Դա հայ ժողովրդի հողն է։ Կվերադառնա՞ն մի օր արդյոք։ Ես դա չգիտեմ։ Մենք տեսնում ենք այն հակամարտությունները, որոնք շարունակվում են ամբողջ աշխարհում։ Իսկ ժողովրդավարությունն անկում է ապրում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հեռավոր, Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում: Եվ, իհարկե, Արցախում։ Ես երբեք չեմ տեսել ժողովրդավարությունը վերջին հարյուր տարվա ընթացքում այսպիսի վտանգված վիճակում, որում այն այսօր է: Իսկ մենք՝ արևմտյան ժողովրդավարական երկրներում, պետք է գործենք։ Մենք պատմության հրատապ պահին և վայրում ենք:
«Ազատություն». - Ես նկատի ունեմ՝ կարո՞ղ է այդ վերադարձը տեղի ունենալ Ադրբեջանի դրոշի ներքո:
Հուսակոս. - Վերադարձ Ադրբեջանի դրոշի տա՞կ։ Չկա որևէ բան, որ ես տեսել եմ որպես հեռավոր երկրի քաղաքական գործիչ, որը կվկայի, որ Ադրբեջանի կառավարությունը բարյացակամ կլինի Արցախում փոքրամասնություն կազմող հայերի նկատմամբ:
«Կանադան դիտորդական օգնություն կառաջարկի Եվրամիությանը»
«Ազատություն». - Հաղորդվել է, որ Կանադան միանալու է հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը: Տեղյա՞կ եք, թե ինչ ձևաչափի մասին է խոսքը:
Հուսակոս. - Կանադան, իհարկե, դիտորդական օգնություն կառաջարկի Եվրամիության այդ նախաձեռնությանը: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր՝ Կանադայի կառավարությունը հայտարարել է զգալի օգնության գումարի մասին, որը պատրաստվում է տրամադրել փախստականներին: Բայց նորից սա ևս մեկ օրինակ է, թե որտեղ են արևմտյան ժողովրդավարությունները, ինչպիսիք են Կանադան և մյուսները… Մենք գործում ենք, երբ արդեն ուշ է: Մենք գործում ենք, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել։ Մենք նման կերպ ենք գործել Ուկրաինայում։ Հիմա դա անում ենք Արցախի պարագայում։ Մարդուն սպանելուց հետո արդեն ուշ է։ Ոչինչ չես կարող անել նրան փողով փոխհատուցելով: Մենք պետք է միջոցներ և քայլեր ձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ ավտորիտար ռեժիմները, որոնք ոտնձգություն են գործում ժողովրդավարության դեմ, զսպված լինեն նախքան հանցագործություն կատարելը: Եվ դա այն է, ինչ Կանադան պետք է անի: Դա այն է, ինչ պետք է անեն մյուս արևմտյան ժողովրդավարությունները: Ատամներով պաշտպանվենք, քաղաքական գործողություններ ձեռնարկենք, որպեսզի աշխարհի պուտինները, ալիևները, էրդողանները և սիծինպինները հասկանան, որ արևմտյան ժողովրդավարությունները պատրաստ են ամեն գնով պաշտպանել մեր ազատությունն ու ժողովրդավարությունը: Ժամանակին այս ժողովրդավարությունները, որոնք մենք այսօր վայելում ենք, պաշտպանվել են մարդկանց կյանքերի գնով։
«Ազատություն». - Արդյո՞ք Կանադան նաև Հայաստանին զենք վաճառելու պոտենցիալ ունի:
Հուսակոս. - Մենք դա անելու կարողություն ունենք, եթե դա անելու քաղաքական կամք լիներ: Ինչպես ասացի, Կանադան և արևմտյան ժողովրդավարական այլ երկրները հակամարտությունների միջև ընկած ժամանակահատվածներում կարծես մի կողմ քաշվեն ու սպասեն: Ինձ համար դա ծիծաղելի է, քանի որ ագրեսորը ագրեսոր է: Ադրբեջանն ու Հայաստանը հակամարտություն չունեն։ Ադրբեջանն է ագրեսորը։ Եվ մենք պետք է պահանջենք երկրներից, օրինական, արդար հասարակություններից ագրեսորին իր անունով կոչել, երբ նա ագրեսիա է իրականացնում: Երբ դուք նստում եք ցանկապատին ու սպասում, միակ բանը, որ կարող է պատահել, այն է, որ դուք ձեր շալվարը կպատռեք: Դուք պետք է ընտրեք մի կողմ և պետք է լինեք պատմության ճիշտ կողմում: Պետք է նայել պատմական, աշխարհաքաղաքական փաստերին։ Եվ մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունները: Հայաստանը երիտասարդ, զարգացող ժողովրդավարություն է, որը շրջապատված է ավտորիտար օլիգարխիաներով և ավտորիտար ռեժիմներով: Եթե մենք այս տարածաշրջանում չաջակցենք Հայաստանին, ինչպե՞ս է գոյատևելու ժողովրդավարությունը։
«Ազատություն». - Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ձեռքբերումները ժողովրդավարության ուղղությամբ։
Հուսակոս. - Հրաշալի է։ Ես շատ հպարտ եմ այն ամենով, ինչ արվում է այստեղ՝ Հայաստանում: Եվ ես տեսնում եմ հայ ժողովրդի պատրաստակամությունը՝ ընդունելու ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը: Բայց եթե հայ ժողովուրդը փորձում է դա անել, երբ կայացած արևմտյան ժողովրդավարությունները իրական քաղաքականություն՝ այսպես կոչված «ռեալ պոլիտիկ» ու տնտեսական նպատակահարմարության քաղաքականություն են վարում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի գերակայության հաշվին, մարդիկ կզայրանան։ Իսկ դա այն է, ինչ կատարվում է հենց հիմա: Մարդիկ, որոնք աջակցում են ժողովրդավարությանը իրենց ոգով, բայց նաև իրենց հարկերով ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին: Բայց երբ տեսնում են, որ ժողովրդավարությունը անկում է ապրում, ավտորիտար ռեժիմները սկսում են ավելի շատ տեղ գրավել, մարդիկ կորցնում են հավատը այս կազմակերպությունների նկատմամբ, կորցնում են հավատը նաև ազատության և ժողովրդավարության ոգու նկատմամբ:
«Ես շատ անհանգստացած եմ Հայաստանի տարածքային ամբողջականության համար»
«Ազատություն». - Դուք տեսնու՞մ եք Հայաստանի վրա նոր հարձակման վտանգ: Երևանը պարբերաբար բարձրաձայնում է դա:
Հուսակոս. - Ես պարբերաբար ահազանգում եմ դրա մասին, քանի որ, ինչպես ասացի, եթե այս կռվարարներին մի մատնաչափ տեղ տաս, նրանք մեկ մղոն կուզեն: Մենք տեսնում ենք, թե ինչ է արել Ադրբեջանը հիմա Արցախում։ Իհարկե, եթե լսում ես Բաքվից եկող հռետորաբանությունը, Էրդողանի հռետորաբանությունը, հասկանում ես, որ նրանք նպատակ ունեն։ Եվ այդ նպատակն արդեն դարեր շարունակ եղել է հայ ժողովրդին արմատախիլ անելը, ինչպես Իսրայելում «Համաս»-ի նպատակն է արմատախիլ անել հրեա ժողովրդին: Այսպիսով, երբ մենք մի կողմ ենք քաշվում որպես ժողովրդավարական երկրներ, որպես քաղաքական գործիչներ, որպես համաշխարհային առաջնորդներ և թույլ ենք տալիս, որ այս հռետորաբանությունն իշխի:
Սա միայն Ադրբեջանում չէ։ Դա հնչում է ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից, որը շանտաժի է ենթարկում ՆԱՏՕ-ին։ Եվ մենք դա հանդուրժում ենք: Եթե չսկսենք ասել «ոչ», «հերիք է», ի՞նչ կանեն։ Նրանք կշարունակեն ուզել ավելին ու ավելին։ Եվ, այո՛, ես շատ անհանգստացած եմ Հայաստանի տարածքային ամբողջականության համար, մենք բոլորս պետք է անհանգստացած լինենք: Եվ հիմա մենք պետք է քայլեր ձեռնարկենք, քանի դեռ նման մաշտաբի հերթական խոշոր ճգնաժամը տեղի չի ունեցել։ Մենք հիմա պետք է քայլեր ձեռնարկենք՝ ուղերձ հղելու, որ գիծ ենք քաշում: Բավական է։
«Մենք պետք է նաև նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի դեմ»
«Ազատություն». - Պարոն սենատոր, Կանադան դեսպանատուն բացեց Երևանում, ինչպես Դուք էլ նշեցիք: Սակայն հայաստանցիների համար դեռ բարդ է Ձեր երկրի վիզա ստանալը: Դյուրացման հնարավորություն կա՞:
Հուսակոս. - Դա կլինի կառավարության որոշումը, երբ, հուսով եմ, մի քանի տարուց հետո մենք կունենանք նոր՝ պահպանողական կառավարություն, քանի որ, ինչպես ասացի, ես որպես սենատոր այնքան էլ հպարտ չեմ որոշ բաներով, որ արել է Թրյուդոյի կառավարությունը։ Դեսպանատները լավ բան են, բայց, ինչպես դուք ասացիք, մենք չունենք ավելի ազատ վիզաներ, ավելի ազատ մուտք, մարդկանց միջև շփումներ, առևտուր, գործարար շփումներ։ Սա Ադրբեջանին մեսիջ ուղարկելու միջոցներից ընդամենը մեկն է, որ մենք լինելու ենք Հայաստանի կողքին: Ոչ միայն խոսքով, այլև գործով: Այսպիսով, այո, մենք պետք է անենք այս բաները: Երկրորդ՝ մենք պետք է նաև նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանենք Ադրբեջանի դեմ։ Մենք պետք է օգտագործենք Կանադայում գործող օրենսդրությունը, ինչպես օրինակ Մագնիտսկու ակտը, որպեսզի կարողանանք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի պաշտոնյաներին Արցախում նրանց կատարած վայրագությունների համար: Այսպիսով, սրանք բաներ են, որ Կանադայի նման երկրից պետք է քաղաքական պատրաստակամություն լինի՝ դադարեցնելու փափուկ դիվանագիտություն խաղալը, դադարեցնելու փորձերը ասելու, որ սա հակամարտություն է երկու լեգիտիմ երկրների և պետությունների միջև: Ոչ: Մեկը ոչ լեգիտիմ է, ավտորիտար ռեժիմ է, որը չի հարգում օրենքի գերակայությունը և անընդունելի մակարդակի ագրեսիվ է: Այնպես որ, իմ կառավարությանը պետք է քաղաքական կամք ունենա՝ դեսպանատուն բացելու լավ քայլից բացի: Դա փոքր քայլ է, դրան պետք է հետևեն կոնկրետ գործողություններ:
«Ազատություն». - Եվ Ձեր երևանյան օրակարագի մասին։
Հուսակոս. - Մենք, իհարկե, վերջին օրերն անցկացրել ենք ԵԱՀԿ-ի քննարկումներում: Շատ հուսահատեցնող է այն, ինչ կատարվում է Ուկրաինայում և այն, ինչ կատարվում է այստեղ՝ այս տարածաշրջանում: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն, այսպես է բացվում ԵԱՀԿ հապավումը, բայց դատելով, թե ինչպես են ընթանում գործերը, մենք ստիպված կլինենք փոխել այս անվանումը՝ դարձնելով Եվրոպայում և ամբողջ աշխարհում պատերազմի ու հակամարտության կազմակերպություն: Եվ ինչպես արդեն ասացի, նման կազմակերպությունները հարկատուների գումարներ են ստանում եվրոպական բոլոր երկրներից, Հյուսիսային Ամերիկայի երկրներից՝ աշխատանք կատարելու համար: Սակայն մենք ձախողվում ենք: ՆԱՏՕ-ն ձախողվում է։ ՄԱԿ-ը ձախողվում է։ Եթե մենք ունենք 120 հազար տեղահանված հայ, դա նրանից է, որ այդ կազմակերպությունները ոչ անվտանգություն են ապահովել, ոչ էլ համագործակցություն։ Եվ կրկին, մենք պետք է մտածենք և նայենք, ու դրա մասին երևանյան մեր քննարկումներում խոսվել է, թե որտե՞ղ ենք մենք ձախողվում, ինչու՞ ենք ձախողվում: Իմ համոզմամբ, մենք ձախողվում ենք, որովհետև բավարար չէ միայն գեղեցիկ խոսքեր ու կենացներ ասելը: Մեզ անհրաժեշտ են գործողություններ, պատժամիջոցներ, համախոհ ժողովրդավարական երկրների համագործակցությունը՝ միասին աշխատելու համար։ Ոչ միայն դիվանագիտական համաժողովներում, այլև ռազմական, տնտեսական, պատժամիջոցների առումով։ Սրանք միակ բաներն են, որ հասկանում են ավտորիտար ռեժիմներն ու այն ռեժիմները, որոնք ցանկանում են կայսրություն կառուցողներ դառնալ: