«Հայաստանի արտաքին քաղաքականության բարձրագույն նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ապահովելը և երաշխավորելն է»,- երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն այցելության ժամանակ։
Վարչապետին է ներկայացվել նախարարության 2023-ի գործունեության հաշվետվությունը։
Փաշինյանն ընդգծել է նաև արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առավելագույնս օգտագործման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:
Օրակարգում, ըստ վարչապետի գրասենյակի, 2023-ի ընթացքում, մասնավորապես, տարեսկզբից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության պայմաններում, սեպտեմբերին ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակում Հայաստանի իրականացրած քայլերն էին, ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության իրավունքների և կարիքների հասցեագրման աշխատանքները և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ գործակցության հարցերը։
Արտգործնախարարությունից ընդգծել են, որ ՀՀ ԱԳՆ ջանքերը միտված են եղել սերտացնել փոխգործակցությունը ինչպես հարևան և այն պետությունների հետ, որոնց պարագայում արդեն իսկ ձևավորվել են բարեկամական կապեր, այնպես էլ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցության զարգացումն ունի շոշափելի ներուժ թե՛ տնտեսական, թե՛ այլ ոլորտներում:
Նշվել է, որ 2023-ին կայացել է 34 բարձրաստիճան այց Հայաստանի Հանրապետություն, իսկ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն իրականացրել են 68 այց, որից 40-ը՝ արտգործնախարարը։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանում, ինչպես նաև արտերկրում Հայաստանի նոր դիվանագիտական և հյուպատոսական հիմնարկների բացմանն առնչվող հարցերի, տեղեկացնում է վարչապետի գրասենյակը։
Վերջին շրջանում պաշտոնական Երևանը հայտարարում է իր արտաքին հարաբերությունները, պաշտպանության և անվտանգության ոլորտում իր քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու մասին։