Ալիևը Մակրոնի հետ զրույցում կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Մակրոն-Ալիև հանդիպում Փարիզում, 20-ը հուլիսի, 2018թ․

Ադրբեջանի նախագահը տարածքային նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին`Ֆրանսիայի նախագահի հետ երեկ կայացած հեռախոսազրույցում:

Ըստ Բաքվի պաշտոնական հաղորդագրության, մասնավորապես, Ալիևը պնդել է, թե «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել ադրբեջանական ութ գյուղեր», չհստակեցնելով, թե կոնկրետ որ բնակավայրերիի մասին է խոսքը:

Ալիևի պաշտոնական կայքի հայ-ադբեջանական հակամարտության մասին տեղեկագրում, սակայն, նշված է, թե ղարաբաղյան առաջին պատերազմից հետո հայկական կողմը օկուպացրել է «Ղազախի շրջանի յոթ գյուղերն ու մեկ գյուղ` Նախիջանի Սադարակի շրջանում»:

Ադրբեջանական կողմի հայտարարություններից դատելով`խոսքը Տավուշի մարզի Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Ղըզըլհաջըլը գյուղերի և Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենի՝ նախկին Քյարքիի մասին է:

Որ Բաքուն այս տարածքների նկատմամբ հավակնություն ունի`անցած տարի խորհրդարանական ընտությունների ժամանակ հավաստեց նաև Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով՝ Ադրբեջանը դեռ նոյեմբերի 9-ի բանակցություններում է այս հարցը բարձրացրել, բայց իրենք այն ընդհանրապես հանել են:

Տիգրանաշեն

«Երբ պիտի ստորագրվեր, էնտեղ, իրոք, հարց է եղել, այսպես կոչված, անկլավների հետ։ Այստեղ մարդիկ կան, որ էդ խոսակցություններին ներկա են եղել։ Այսօր շատ է տարածվում այն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել էդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են այդ տարբերակը և այլն։ Ճշմարտությունը ճիշտ հակառակն է՝ կային մարդիկ, ովքեր ասում էին, որ հենց էդ տարբերակով էդ թուղթը պետք է ստորագրել։ Բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք արտահայտել և այդ կետն ընդհանրապես հանվել է», - ասաց Փաշինյանը։

Արդեն այս տարի, երբ ընդդիմությունը կրկին փողոց դուրս եկավ ու մեղադրեց իշխանություններին անկլավները հանձնելու մտադրության համար, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդեց՝ նման թեմա բանակցություններում ընդհանրապես չկա։

«Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել, մեր հույսը այն է՝ հնարավոր լուծման տարբերակը այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին», - ասել էր Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյան

Գրիգորյանի այս հայտարարությունից օրեր անց, սակայն, պարզվեց՝ հայկական կողմի հույսերը սին են: «Այդ հողերը Ադրբեջանի տարածք են», - հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարարն, ընդգծելով՝ իրենք թեմայից չեն հրաժարվել, պարզապես ծրագրում են հարցը լուծել սահմանազատման միջոցով:

Մի քանի օր անց Հայաստանի վարչապետը խորհրդարանի ամբիոնից արձագանքեց, թե դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան:

«Մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյան

Սակայն, հայկական կողմի այս կտրուկ ու միանշանակ պնդումներից հետո էլ Ադրբեջանը շարունակեց բարձրացնել հարցը:

Անցած հոկտեմբերին, մասնավորապես, նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պատմել էր, թե Վաշինգտոնում իր, Հայաստանի անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանի ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի բանակցություններում ադրբեջանական կողմը նաև այս ութ գյուղերի հարցն է բարձրացրել։ «Դրանք շարունակում են մնալ հայկական օկուպացիայի տակ», - ասել էր Ալիևի օգնականը:

Գրիգորյան-Սալիվան-Հաջիև հանդիպում Վաշինգտոնում, սեպտեմբեր, 2022թ․

Մեկ ամիս անց էլ Ադրբեջանի արտգործնախարարությունն էր հիշել «օկուպացված այդ գյուղերի» մասին՝ պաշտոնական հայտարարություններից մեկում:

Բաքվից առավել հաճախակի դարձած այս պնդումների ֆոնին՝ անցած ամիս, վարչապետ Փաշինյանը հրապարակավ փաստեց՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դուրս գա որոշ տարածքներից:

«Ադրբեջանն ասում է՝ «Հայաստանը, օրինակ, հյուսիս-արևելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ», նշանակում է՝ նա նկատի ունի, որ այդտեղ, ուրեմն, ինչ-որ տարածքային բաժանում կա, սահման կա, գիծ կա: Ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք քարտեզը, ցույց տվեք սահմանի գիծը և ցույց տվեք, թե այդ սահմանի՝ ձեր ցույց տված գիծն ինչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում նաև մենք պատրաստ ենք, ինչպես ասել եմ իմ վերջին հարցազրույցներից մեկում, իրադրությունը զարգացնել մինչև ամբողջ սահմանի երկայնքով, որ ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայաստանյան օկուպացված տարածքներ չլինեն: Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին և ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել ինձ վրա», - ասաց Հայաստանի վարչապետը:

Ընդ որում, Փաշինյանը պնդեց, թե խոսքը ոչ թե տարածք հանձնելու, այլ Հայաստանի 29 հազար 800 կմ-ը պահելու մասին է: Թե ինչպես է Բաքուն արձագանքում այս հեռանկարին, հստակ չէ:

Սահմանագծման ու սահմանազտաման հանձնաժողովների հանդիպումներն անցնում են դռնփակ, բովանդակությունը չի հրապարակվում: Միայն օրերս Փաշինյանը բացահայտեց, որ հայկական կողմը դեռ ամիսներ առաջ առաջարկներ է փոխանցել, սակայն դեռ սպասում է պատասխանի: Առաջարկների բովանդակության մասին Փաշինյանը խոսեց միայն ընդհանուր գծերով։

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան և նրա զորքերը պետք է ետ քաշվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից»։

Փաստացի, Ադրբեջանն էլ շարունակում է իրենը պնդել, և եթե մինչ օրս ութ գյուղերի օկուպացիայի մասին Բաքվում հրապարակավ խոսում էին բարձրաստիճան դիվանագետները, ապա այժմ արդեն նախագահ Ալիևն է այդ մասին բարձրաձայնում՝ Մինսկի խմբի անդամ, Պրահայի քառակողմ հայտարարությունը ստորագրած երկրի՝ Ֆրանսիանի նախագահի հետ հեռախոսազրույցում:

Երեկ էլ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր ասել, թե 2020-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել», սակայն, չի կատարել այդ պայմանավորվածությունը:

Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ հայկական կողմը ոչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։

«Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով՝ փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։