Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարը պարզաբանում է, թե ինչ ասել է «շրջանակային պայմանագիր»


Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյան
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյան

«Շրջանակային պայմանագիրն այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները», - լրագրողների հետ զրույցում պարզաբանեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը։

Նիկոլ Փաշինյանը, երեկ խորհրդարանում, ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում կարող են դժվարություններ ունենալ։

Թե պաշտոնական Երևանը ի՞նչ սկզբունքների շուրջ է առաջարկում Բաքվին շրջանակային համաձայնագիր կնքել, վարչապետը չմանրամասնեց։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանն այսօր միայն նշեց, որ այդ սկզբունքները ընդգրկում են նաև երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը. - «Բանակցում է հիմնական սկզբունքները, որի շուրջ պետք է կառուցվեն երկու հարևան երկրների հարաբերությունները, որը իհարկե ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, ինչով երկու երկրները ճանաչել են իրանց անկախությունը և տարածքային ամբողջականությունը Ալմա Աթիի արձանագրության և հռչակագրի հիման վրա»։

Արթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան

Արդյո՞ք Հայաստանի կողմից Ադրբեջանին առաջարկված շրջանակային պայմանագրով Երևանը պահանջում է Բաքվից դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, թե շրջանակային համաձայնագիրը ֆիքսելու է այն կարմիր գծերը, որոնց հիման վրա էլ պետք է առաջ շարժվեն։ Իսկ Հայաստանի կարմիր գիծը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքն է:

«Դուք նշեցիք, որ այնտեղ պետք է կետ լինի, որ ադրբեջանական զորքերը դուրս գան։ Ըստ էության, մենք ֆիքսում ենք, որ սուվերեն տարածքը կարմիր գիծ է, դա ինքնին արդեն նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության այս պահին սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր՝ ընդհուպ մայիսի 11-ից սկսած նախորդ տարվա։ Մենք նման առաջարկով հանդես ենք եկել, բայց սա ամենևին դեռ չի նշանակում, որ այս ճանապարհով գնալու ենք։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ», - ասաց Հովհաննիսյանը։

Գեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի համար պարզ չէ, թե ինչ կա Հայաստանի կողմից առաջարկած շրջանակային պայմանագրում, Փաշինյանը պետք է մանրամասներ ներկայացնի:

«Դրա մեջ ի՞նչ ի նկատի ունի։ Ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ետ քաշե՞լը, թե՞ ասում է դա թողնում ենք հետո։ Կտորագրենք պայմանագիր, Սև լճում, Սոտքում, Ներքին Հանդում թշնամին կմնա, ու մենք դա կկոչենք խաղաղության դարաշրջան։ Ինչպես երկու տարի խաբեց հասարակությանը խաղաղության դարաշրջանով, թշնամին նստած է մեր քթի տակ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, դեռ Արցախի մասին չեմ ասում», - ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորը չի պատկերացնում, թե ինչպես է իշխանությունը խոսում է խաղաղության պայմանագրի մասին, երբ մինչև օրս սեպտեմբերի 13-ին զոհված որոշ հայ զինծառայողների աճյուններ չեն հանվել չեզոք գոտուց. - «Ինչ պայմանագիր կարող է ստորագրվել, երբ քո երկրի սուվերեն տարածքները օկուպացված են, մեր զոհված զինվորների աճյունները մինչև հիմա չեն հանվել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե ի պատասխան զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս բերելու իրենց պահանջին, Բաքուն էլ իր հերթին է պահանջում Հայաստանից դուրս բերել զորքերը ադրբեջանական տարածքներից։ Փաշինյանը չկոնկրետացրեց, թե Ադրբեջանի պահանջը որ տարածքներին է վերաբերում, և արդյոք խոսքը այսպես կոչված անկլավների մասին է, միայն ասաց, թե պատրաստ են այդ հարցը քննարկել։

Իշխող «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորներին հարցրեցինք՝ արդյոք հնարավոր է, որ Փաշինյանի մատնանշած գործընթացի արդյունքում Հայաստանը տարածքներ զիջի Ադրբեջանին։ Գևորգ Պապոյանն ասաց, թե Հայաստանը չի կարող զիջել որևէ տարածք, որը միջազգային իրավունքով և պայմանագրերով պատկանում է Հայաստանին, Հայաստանը հենց 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի սահմաններով է անդամակցել ՄԱԿ -ին, մնացածը դեմարկացիայի և դելիմտիացյիայի հետ կապված հարցեր են։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հավելեց՝ եթե անկլավների հետ կապված գործընթացում կլինեն իրավական հիմքեր, ապա հարցը կքննարկեն. - «Եթե լինեն իրավական հիմքեր, ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում և հակառակը, եթե կլինեն իրավական հիմքեր, կլինի նաև քննարկում, չկան իրավական հիմքեր, չկա նաև քննարկում»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Փաշինյանն ինքն է հայ հանրությանը ադրբեջանական թեզեր հրամցնում։ Մանուկյանի համոզմամբ՝ պատահական չէ, որ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է շեշտում 29 800 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, նկատի ունենալով խորհրդային Հայաստանի, այսինքն, մինչև 1990 թվականի սահմաները։

«Մինչև 1990-91 թվականների Սովետական Հայաստանի քարտեզի մասին է խոսքը, չի խոսում չէ՞ Արծվաշենի մասին, չէ, չի խոսում: Ինքը շրջանառության մեջ է դնում ադրբեջանական թեզերը, ինչպես ադրբեջանական թեզեր է շրջանառության մեջ դրել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, սահմանները ճանաչել ենք, Արցախն Ադրբեջանի կազմում ենք ճանաչել», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Այս տարվա մայիսին, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ իրենց ուսումնասիրություններով դե յուրե Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան, հակառակը իրենք արձանագրել են, որ գրավված Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է։

XS
SM
MD
LG