Մատչելիության հղումներ

Պատմաբանները կարծում են, որ անկլավների հարցն ընդհանրապես չպետք է սահմանազատման գործընթացում թեմա դառնա


Համո Սուքիասյան
Համո Սուքիասյան

Հայ-ադրբեջանական տարածքային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ Համո Սուքիասյանը հայկական արխիվներում անկլավների վերաբերյալ որևէ իրավական հիմնավորում չի գտել, նույնը, ասում է, Ադրբեջանում է. - «Ինչքան ծանոթ եմ ադրբեջանցի գործընկերների հրատարակած փաստաթղթերին, ուսումնասիրություններին, որևէ արխիվային փաստաթուղթ չունեն շրջանառած այս բնակավայրերի անկլավային կարգավիճակ դառնալու վերաբերյալ»։

Պաշտոնական Երևանն ու Բաքուն այս ամսին անկլավների վերաբերյալ մի քանի հայտարարություններ հնչեցրին։ Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարեց, թե Տավուշի 7 գյուղերն ու Արարատի Տիգրանաշենն Ադրբեջանին վերադարձնելու հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման ընթացքում։

«Սպասում ենք իրավական հիմքերի», - արձագանքում է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը. - «Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր այդ անկլավների մասով։ Մինչդեռ հայկական կողմը ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների մասով»։

«Ուղղակի փաստաթուղթը ինձ չի հանդիպել, բայց իրադարձությունների ծավալումից տեսնում ենք, որ գործընթացը ինչպես էր տեղի ունենում», - ասում է Սուքիասյանը։

Նա ընդգծում է, որ ադրբեջանական անկլավների վերաբերյալ քննարկումներ 1920-ականներից են եղել, Տավուշի 7 ադրբեջանաբնակ գյուղերը Արծվաշենի հետ փոխանակելու առաջարկ է եղել 1925-ին։ Որոշել են բնակիչների կարծիքը հաշվի առնել. Տավուշի մահմեդականները գերադասել են տեղում մնալ ՝ նույնը` արծվաշենցիները. - «Բնակչությունը չցանկացավ, որ այդ տարածքը Խորհրդային Ադրբեջանի մաս կազմի։ Նույն սկզբունքով էլ Սոֆուլու, Բարխուդարլուի, Վերին Ոսկեպարի բնակչությունը, որ էլի մուսուլմաններ էին, իրենք էլ չցանկացան, որ Խորհրդային Հայաստանի կազմը մտնեն կամ բնակչության տեղափոխություն տեղի ունենա։ Դրա համար էլ խնդիրը առկախված մնաց»։

Բաշքյանդը Կարմիր գեղի շրջանում։ Դա Արծվաշենն է Խորհրդային Հայաստանի բնակավայրերի ցուցակում, որը տպագրվել է 1923 ին մարդահամարից մեկ տարի անց։ 4 հազար հայ բնակիչներով գյուղ էր, տարածքով համարյա նույնը, ինչ ադրբեջանական բոլոր անկլավները միասին։

Աշոտ Մելքոնյան
Աշոտ Մելքոնյան

«Գերագույն խորհուրդների մակարդակով փաստաթուղթ, որ տեղի է ունեցել այդ անկլավների անցում Ադրբեջանին, մենք չունենք դրա հիմքերը, որը որ հիմք է տալիս ենթադրելու, որ դա ուղղակի փոխադարձ համաձայնությամբ է իրականացվել», - ասում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Նրա խոսքով, դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում անկլավների վերաբերյալ իրավական հիմք կարող էին լինել միայն Անդրդաշնության կենտրոնական գործկոմի որոշումները, 20-30 ականներին սա է եղել իշխանության բարձրագույն մարմինը։

Անկլավների վերաբերյալ որևէ որոշում չի եղել, քանի որ դա միութենական եղբայրական համարվող հանրապետությունների համար երկրորդական՝ կոլտնտեսությունների մակարդակի հարց է եղել։

Ակադեմիկոս պատմաբանը շեշտում է, որ այժմ դելիմիտացիայի գործընթացում կարող են քարտեզները հիմք դառնալ, բայց` եթե կան լրացնող նկարագրություններ, քարտեզն առանց դրա իրավական հիմք չի կարող համարվել. - «Առանց դրա նկարագրության, քարտեզը ուժ չունի։ Ցանկացած պայմանագիր, որը վերաբերում է սահմաններին, սկզբից իր մեջ պարունակում է նկարագրություն, ապա նաև հավելվածի տեսքով արդեն կոնկրետ նշվում է, որ այս բլուրը, այս առուն, այս ձորակը անցնում է ա՞ջ, թե՞ ձախ»։

Պատմաբաններն այն կարծիքին են, որ անկլավների հարցն ընդհանրապես չպետք է սահմանազատման գործընթացում թեմա դառնա։ Ամեն ինչ պետք է թողնել այնպես, ինչպես կա։

Մելքոնյանն ասաց, որ ամիսներ առաջ մի քանի անգամ հրավիրվել է արտգործնախարարություն, փոխվարչապետի գրասենյակ՝ քննարկումների. - «Ես բավական թվով քարտեզներ եմ նաև հայտնաբերել, հավաքել, որոնք որ Գլխավոր շտաբի կնիքներն ունեն իրենց վրա։ Դրանց ֆոտոպատճենները կան, և դրանք մի մասը փոխանցել ենք նաև մեր իշխանություններին, որպեսզի դրանք օգտագործեն»։

Պատմության ինստիտոտի տնօրենի խոսքով, այժմ հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձանաժողովի աշխատանքներին պատմաբանները չեն մասնակցում։

Պատմաբանները կարծում են, որ անկլավների հարցն ընդհանրապես չպետք է սահմանազատման գործընթացում թեմա դառնա
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

XS
SM
MD
LG