Մատչելիության հղումներ

Իշխանությունը պատրաստվում է երկու ամսից խաղաղության պայմանագիր կնքել, ընդդիմությունը պնդում է՝ դա նոր կապիտուլյացիա է


Եվրամիության խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.
Եվրամիության խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպումը Պրահայում, 6-ը հոկտեմբերի, 2022թ.

Չնայած առանցքային հարցերի, այդ թվում՝ սահմանազատման քարտեզների, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և Արցախի հարցի շուրջ Երևանի ու Բաքվի հակասություններին, Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով արդեն իսկ հայտարարել են, որ պատրաստվում են երկու ամսից խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև պնդել էր՝ պայմանագիրն ու դելիմիտացիան փոխկապակցված են և պետք է միաժամանակ արվեն։

Որքանո՞վ է իրատեսական, որ մինչև տարեվերջ Հայաստանն ու Ադրբեջանը այս ամբողջ գործընթացը ավարտին կհասցնեն:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ընդգծում է՝ Հայաստանը պատրաստակամ է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Երևանի կառուցողական մոտեցման մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման պայմաններում Հայաստանը շարունակում է բանակցությունները:

«Մենք ունենք մեր միջազգային գործընկերների աջակցությունը այս հարցում և ամեն ինչ անելու ենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը, այո, ստորագրվի: Բայց երաշխավորել ոչինչ հնարավոր չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը՝ շարունակելով. - «Բնականաբար, սա երկկողմանի գործընթաց է, եթե կախված լիներ միայն Հայաստանից, այս դեպքում ես կկարողանայի մեր կողմից որևէ բան երաշխավորել»:

«Ամեն դեպքում, Հայաստանին ոչինչ ետ չի պահում, որպեսզի մինչև տարեվերջ ստորագրի այդ համաձայնագիրը, և եթե լինեն խոչընդոտներ, ապա դա միայն Ադրբեջանի կողմից է հնարավոր», - «Ազատության» այս դիտարկմանը Գրիգորյանն արձագանքեց. - «Ես կարծում եմ՝ մենք պետք է այսպես ձևակերպենք. Հայաստանի Հանրապետությունը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի խաղաղության գործընթացը տեղի ունենա, այն լինի անխափան: Եվ անգամ չնայած այն հանգամանքին, որ մենք փաստում ենք և արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետություն են ներխուժել ադրբեջանական զորքեր, դրանք գտնվում են այստեղ և պիտի լքեն տարածքը, Հայաստանի Հանրապետությունը չի խուսափում բանակցությունները շարունակելուց»:

Հարցին էլ՝ «Ճի՞շտ հասկացա, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը որպես նախապայման չի դիտարկում Հայաստանը այդ խաղաղության պայմանագիրը կնքելու համար», իշխող կուսակցության պատգամավորը պատասխանեց. - «Ես ձևակերպումը նորից կրկնեմ. Հայաստանի Հանրապետությունը արձանագրում է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքը օկուպացրել ենև այդ զորքերը պետք է անհապաղ դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքներից, և սա ոչ միայն Հայաստանն է ասում, այլև՝ մեր միջազգային գործընկերները: Սա՝ մեկ: Ինչ վերաբերում է խաղաղության բանակցություններին՝ ոչ, մենք չենք դադարելու խաղաղության բանակցությունները շարունակելը, հայկական կողմը շարունակելու է բանակցությունները»:

«Հայաստանը նոր կապիտուլյացիայի տանելով՝ Փաշինյանը երկիրը կանգնեցնելու է նոր պատերազմի առաջ»

Ընդդիմությունը, մինչդեռ, կարծում է, որ խաղաղության պայմանագրի անվան տակ Հայաստանը նոր կապիտուլյացիայի է գնում։ Ընդդիմադիր «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համոզված է՝ Հայաստանը նոր կապիտուլյացիայի տանելով՝ Նիկոլ Փաշինյանը երկիրը կանգնեցնելու է նոր պատերազմի առաջ։

Իշխան Սաղաթեյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ, արխիվ
Իշխան Սաղաթեյանը ընդդիմության հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Հարևան թշնամի երկրները խաղաղություն չեն ուզում, այլ ուզում են Հայաստանի կործանումը, ուզում են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, իսկ դա խաղաղություն չի: Ի՞նչ պետք է անենք մենք՝ մենք ունենք մեկ ճանապարհ. գործող իշխանությունը, որը ձախողել է և երկիրը հասցրել այս իրավիճակին, պետք է հեռանա, պետք է բեկում մտցվի երկրի և՛ պաշտպանության ոլորտում, և՛ արտաքին քաղաքականության», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սաղաթելյանը:

Դիտարկմանը՝ «բայց հիմա արդեն հայտարարվում է, որ մինչև տարեվերջ պետք է կնքվի այդ պայմանագիրը», դաշնակցական գործիչն արձագանքեց. - «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից չունի մանդատ երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու: Այդ հայտարարելը շատ քիչ է: Իր ցանկացած նման որոշում առոչինչ է և ոչ-լեգիտիմ»:

Հռիփսիեմ Գրիգորյանը հակադարձում է՝ իշխանությունը բազմիցս է ասել, որ խաղաղության պամանագիրը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար և տարածաշրջանում կապահովի անվտանգություն։

Ընդդիմությունը պատրաստվում է կանխել այդ պայմանագրի ստորագրումը,կապիտուլյացիայի տանող պայմանագրի ստորագրումը, բայց թե ի՞նչ քայլերով՝ Իշխան Սաղաթելյանը փակագծեր չբացեց, բայց նաև չբացառեց փողոցային պայքարի տարբերակը. - «Մենք առաջիկայում մեր քայլերի, գործողությունների մասին կխոսենք: Մենք ամեն ինչ անելու ենք երկրի նոր կապիտուլյացիան կանխելու համար»:

«Ընդդիմությունը, կարող ենք արձանագրել, որ քայլեր է ձեռնարկելու՝ թույլ չտալու այս պայմաններով խաղաղության պայմանագրի կնքումը», - այս դիտարկմանն էլ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. - «Դա խաղաղության պայմանագիր չի՝ կապիտուլյացիա է, դա շատ հստակ պետք է արձանագրվի, իսկ ընդդիմությունը չի կարող ձեռքերը ծալած նստի՝ տեսնի ոնց են մի խումբ մարդիկ երկիրը տանում դեպի կործանման: Իհարկե պետք է քայլեր ձեռնարկենք և անելու ենք»:

Իսկ թե ե՞րբ առարկայական կտեսնի հանրությունը ընդդիմության քայլերը՝ առայժմ կարծես ոչինչ տեղի չի ունենում, այս կապակցությամբ էլ ընդդիմադիր գործիչն ասաց. - «Այնպես չի, որ ոչինչ տեղի չի ունենում՝ փողոցային գործողություններ տեղի չեն ունենում, ես հույս ունեմ, որ առաջիկայում դա ևս կտեսնենք: Տարբեր ձևերով, տարբեր ֆորմատներով ամեն ինչ պետք է արվի՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու»:

Հայաստանի փորձագիտական հանրությունը քիչ հավանական է համարում, որ մինչև տարեվերջ հաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել։ Ավելին, քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ՝ Հայաստանին շարունակում է սպառնալ նոր հարձակում։

«Նրանք, որոնք ակնկալում են շուտափույթ ստորագրում, կտրված են իրականությունից», - «Ազատության» հետ զրույցում ասել է Կիրակոսյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG