Ե՛վ միջազգային հանրությունում, և՛ Բաքվում ըմբռնում կա, որ խաղաղության բանակցությունները պետք է սկսվեն «5+6» օրակարգով, երբ Բաքվի առաջարկած կետերին ավելանում են Երևանի առաջ քաշած 6 կետերը, այսօր հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը 3 օր առաջ Բրյուսելում հանդիպել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին։
«Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել և բանակցություններ սկսել, ըմբռնում կա: Այդ ըմբռնումը կա ադրբեջանական կողմում, այդ ըմբռնումը կա մնացած մեր բոլոր միջազգային գործընկերների մոտ: Այսինքն «5+6» կետերի շուրջ խաղաղության բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, և մենք տեսել ենք փոխըմբռնում», - հայտարարեց Գրիգորյանը:
6 կետերի շուրջ այլ մանրամասներ Գրիգորյանը չհայտնեց։ Մարտին 12-ին Բաքուն հայտարարել էր, որ խաղաղության բանակցությունների 5 կետանոց առաջարկ է ներկայացրել Երևանին։ Չէր ուշացել Հայաստանի պատասխանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը դրա բովանդակությունը ներկայացրեց «Արմենպրեսի» հետ հարցազրույցում, ինչպես նաև խորհրդարանում։ Միրզոյանը Բաքվի 5 կետերին գումարվող Հայաստանի առաջարկած փաթեթը կետ առ կետ չբացահայտեց, սակայն, դատելով նրա հարցազրույցից, Երևանի առաջարկած օրակարգի առանցքում արցախահայության իրավունքների և ազատությունների երաշխավորումն է և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը։
«Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները, «5+6» կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի նաև մենք երկարաժամկետ գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը», - նշեց Գրիգորյանը:
Խաղաղության բանակցությունների մեկնարկի մասին առայժմ նորություն չկա, թեև իրենց վերջին հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը «հանձնարարել էին արտգործնախարարներին նախապատրաստել խաղաղության ապագա պայմանագիրը»։
Բաքվի հետ հաջորդ շփումն արդեն Գրիգորյան-Հաջիև հանդիպումն էր, որից հետո հաղորդագրություն չի տարածվել, սակայն հանդիպումից առաջ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ պատրաստվում էին քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր, որոնցից և կախված էր արդեն երկրների առաջնորդների հաջորդ հանդիպումը։
«Հարցեր կան, որոնց պատասխանից հետո միայն մենք կսկսենք քննարկել երկրի ղեկավարների հնարավոր հանդիպումը: Մենք դեռ քննարկումները շարունակում ենք, և երբ որ քննարկումները հասնեն ինչ-որ փուլի և նախանշվի հնարավոր հանդիպումը, ապա հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի», - ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Փաշինյանի և Ալիևի վերջին բրյուսելյան հանդիպումից հետո դեռ չի ստեղծվել Դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հանձնաժողով, բայց պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այն պետք է ստեղծվեր մինչև ապրիլի վերջ։ Գրիգորյանի խոսքով՝ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։
«Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել: Մոտեցումների շուրջ են, ընդհանուր առմամբ աշխատանքային խմբի և այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել, հենց գտնենք պատասխանը, հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի ու նաև հանդիպում կլինի», - ասաց ԱԽ քարտուղարը:
Անվտանգության քարտուղարն արձագանքեց նաև ընդդիմությունից հնչող այն համոզմունքին, թե իշխանությունները պատրաստվում են հանձնել անկլավները, նման պնդում էր արել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Արարատի մարզի անկլավ համարվող Տիգրանաշեն գյուղից քայլերթի ընթացքում։ Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել, ասաց Գրիգորյանը։
«Կարելի է ասել, որ երկու կողմից էլ, քանի որ անկլավ կա, Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են: Երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին», - նշեց Գրիգորյանը:
Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ հայտարարել է, թե Զանգեզուրի միջանցքն «արդեն իրականություն է», նա մանրամասնել էր, թե և՛ երկաթգիծը, և՛ Զանգելանի շրջանի տարածքով անցնող մայրուղին կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Գրիգորյանն ասաց, թե Սյունիքում ոչինչ չի փոխվել, հետևաբար դժվարանում է հասկանալ ինչ է նկատի ունեցել Ալիևը «իրականություն» ասելով։
«Եթե նա ի նկատի ունի այս պահին գոյություն ունեցող իրավիճակը և դրանով կարողանում է պնդում անել, որ այլևս իրականություն է, ապա դա մեր համար ամբողջովին ընդունելի է և մենք ընդունում ենք այս իրավիճակն ու իրականությունը», - ընդգծեց ԱԽ քարտուղարը:
Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին Բաքվի հայտարարություններին ի պատասխան Երևանը մշտապես շեշտել է, որ եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։