Հայաստանցի քարտեզագիրներն ու պատմաբանները պնդում են՝ 1919-20 թվականների քարտեզները որևէ իրավական հիմք չունեն, և դրանց հիման վրա դեմարկացիա ու դելիմիտացիա սկսել պարզապես հնարավոր չէ։
«Ամբողջ Հայաստանի էս մասը իրենք ասում են՝ չէ, սա մերն է՝ Մեղրի, Վայոց ձոր, Գեղարքունիք, Սևանա լիճն էլ մեջտեղից, բայց սա ընդհանրապես հիմք չունի, ինչպես որ հիմա տանը մի հատ քարտեզ գծեք, տարեք, ասեք՝ սա միջազգային քարտեզ է:
Ոչ մի հիմք չունի, իր ժողովրդին է ուզում ուրախացնել, տեսեք՝ Հայաստանի կեսն էլ մերն է», - ասում է քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը:
Երկու երկրների խորհրդայնացմանը նախորդած շրջանում և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը իրենց պատկերացրած քարտեզներն են գծել, ներկայացրել տարբեր հարթակներից, բայց դրանցից և ոչ մեկը իրավական հիմք չունի, պարզաբանում է քարտեզագիրը։ Նրա խոսքով՝ այդ տարիներին տպված տարբերակները պարզապես ցանկությունների մասին են եղել:
«Ես ձեզ ցույց կտամ Ադրբեջանի քարտեզը, որ Ադրբեջանը գծել է՝ պահանջելով, որ սա է Հայաստանի տարածքը, ես էլ ցույց կտամ այս քարտեզը և կասեմ՝ չէ, Սևրի դաշնագրին մենք ներկայացրել ենք այս քարտեզը, էս ա սահմանը», - նշեց նա:
Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ մի հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացված են Ադրբեջանի պահանջները հայկական կողմին։ Կետերից մեկը հենց սահմանագծմանն է վերաբերում։ Ըստ այս հրապարակման՝ Բաքուն գործընթացը ցանկանում է իրականացնել 1919-20 թվականների քարտեզներով:
«Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի առաջին հանրապետությունների շրջանում վերջնական սահմանագծումներ չեն եղել երեք հանրապետությունների միջև, և ըստ այդմ էլ եղած քարտեզներ կոչվածն իրականում քարտեզների տարբերակներն են, այսինքն՝ յուրաքանչյուր կողմի, այս դեպքում կլինի Ադրբեջանը կամ Հայաստանը, կամ Վրաստանը, իրենց ցանկացած մաքսիմալը, որ իրենք ներկայացրել են հաշտության վեհաժողովներին», - նկատեց պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիների, այդ թվում՝ սահմանային հարցերի վերաբերյալ գիտական աշխատանքների հեղինակ Համո Սուքիասյանը:
Նա ասաց՝ այդ քարտեզները իրենց՝ պատմաբանների համար հետաքրքիր են, բայց միայն այդքանը. «Նույն սկբունքով ինչպես Ադրբեջանն առաջ է քաշում 1919-20 թվականների իրենց կողմից հավանաբար Փարիզի հաշտության վեհաժողով ներկայացված քարտեզները, որով ամբողջ Սյունիքն է նաև վիճելի համարվում, Սյունիքը, Արցախը, այդ տարածքները, նույն սկզբունքով էլ Հայաստանը նույն ժամանակահատվածում Փարիզի հաշտության վեհաժողով էր ներկայացրել նաև միացյալ և անկախ Հայաստանի սահմանների իր տարբերակը, որը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև հետագայի Աղդամի տարածաշրջանը։ Այսինքն՝ սրանք ոչնչի չտանող, ոչնչի չհանգեցնող առաջարկներ և որոշումներ կարող են լինել»:
44-օրյա պատերազմից հետո երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելը բանակցությունների առանցքային հարցերից է։ Այս գարնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծվեց, որը գլխավորում են երկու երկրների փոխվարչապետերը։ Բայց նրանց սակավաթիվ հանդիպումներից շատ քիչ բան է հայտնի, մասնավորապես, պարզ չէ, թե կոնկրետ ինչ քարտեզներ են սեղանին։
«Քանի դեռ սկզբունքն ընտրված չէ, 100 տոկոսանոց խոսել որևիցե քարտեզի մասին ճիշտ չի լինի, մինչև ընտրված չէ աշխատանքների իրականացման սկզբունքը, այսինքն՝ որ սկզբունքով են իրականացվել սահմանազատման, սահմանագծման աշխատանքները, ապա ոչ մի քարտեզի մասին խոսել վաղ է», - ասաց քարտեզագիր Շահեն Շահինյանը:
Նա ընդգծում է՝ քանի դեռ պաշտոնապես հրապարակված չէ, թե կոնկրետ ինչ քարտեզների մասին է խոսքը, միանշանակ պնդումներ անել չի կարելի, բայց նա ևս շեշտում է՝ այդ տարիներին երկու կողմերի ներկայացված քարտեզները հիմք լինել չեն կարող, քանզի դրանց տակ կողմերը չեն ստորագրել. «1918 թվականին ոչ մի քարտեզ չկա վավերացված Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ ինչպես հիմա, այն ժամանակ էլ գտնվում էինք պատերազմական իրավիճակում, ընդհուպ բանակցություններ, ըստ էության, արդյունավետ բանակցություններ տեղի չեն ունեցել»:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի սահմանային բախումներից հետո հայտարարեց՝ պետք է հենվել այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա։
Ըստ պաշտոնական Երևանի՝ իրավական հիմք ունեն Խորհրդային Միության քարտեզները, որ թվականինը՝ չի հստակեցվում։ Մեկ տարի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր՝ անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։