Մատչելիության հղումներ

Հայտարարություններով Ալիևին զսպել չի լինի, հարկավոր են կոնկրետ պատժամիջոցներ. քաղաքագետ


Ադրբեջանական զինուժը երեկ երեկոյան փորձել է հատել Հայաստանի սահմանը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը՝ ընդգծելով՝ սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո հաստատված հրադադարը Բաքուն արդեն չորրորդ օրն է խախտում։ Չհստակեցնելով տեղանքը՝ ռազմական գերատեսչության խոսնակը փոխանցեց՝ ադրբեջանական դիվերսիայի փորձը սահմանի արևելյան ուղղությամբ էր, հայկական կողմը կորուստներ չունի։ Այսօր արդեն իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

«Սեպտեմբերի 23-ին` ժամը 19:30-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք ներթափանցման փորձ է կատարել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը: {ՀՀ} Զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը շպրտվել է ելման դիրքեր: Հայկական կողմում, փառք Աստծո, զոհեր, վիրավորներ չկան, կորուստներ չկան: Այլ միջադեպեր չեն արձանագրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Թորոսյանը:

Պաշտոնական Բաքուն առավոտյան իր հերթին հաղորդել է, թե «հայկական զինված ուժերն են տարբեր տրամաչափի զենքերից կրակ բացել Քելբաջարի ադրբեջանական զորամիավորումների և այդ շրջանի բնակավայրերի ուղղությամբ», ինչի հետևանքով 3 զինվոր է վիրավորվել, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։

Երևանը հերքում է Բաքվի այս պնդումները. ադրբեջանական կողմի վիրավորների մասին Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Մենք հայտնել ենք, որ հայկական մարտական դիրքերից մեկի թիկունք ներթափանցման փորձ է իրականացվել, և այն կանխվել է զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերեն ու հենակետերը, որի հետևանքով իրենք ունեն վիրավոր երեք զինծառայող, չի համապատասխանում իրականությանը»:

Ղարաբաղյան պատերազմից երկու տարի անց արդեն Հայաստանի տարածքի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն առնվազն 207 զոհված և անհետ կորած ունի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել։ Հայաստանի կառավարությունը դեռ չի հրապարակել զոհերի անունները։

Որոշ բնակավայրեր աստիճանաբար անցնում են բնականոն կյանքի

Սեպտեմբերի 13-ի հարձակման թիրախ դարձած բնակավայրերը աստիճանաբար անցնում են բնականոն կյանքի, կան համայնքներ, սակայն, որոնք դեռ կիսադատարկ են։ Օրինակ` Գեղարքունիքի Կութ գյուղի բնակիչների մի մասը ժամանակավորապես հեռացել է ավելի ապահով վայրեր։

Բնակիչներից մեկն ասաց՝ դեռ վերադառնալ չի կարող մանկահասակ երեխաների պատճառով. «Մենք էլ ենք սպասում, որ վերադառնանք մեր տները: Մեր անասունները, մեր ամեն ինչը էնդեղ թողած»:

Գրեթե նույն պատկերն է Նորաբակում։ Այստեղ էլ հիմնականում տղամարդիկ են մնացել՝ պաշտպանելու իրենց տները, ասաց Թաթուլ Պետրոսյանը. «Տրամադրությունը, որ ասեմ` շատ լավ է, լավ չի, բայց մարտական է: Այս գիշերը խաղաղ է անցել: Ընտանիքներ էլ կան այստեղ, այնպես չէ, որ ամբողջովին դուրս են եկել, բայց հիմնականում երեխաները դուրս են»:

Վարդենիսում արդեն յոթերորդ գիշերն է` նորմալ վիճակ է, ասում է համայնքապետ Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով՝ հեռացածների մի մասը վերադարձել է. «Բնականոն, ժողովուրդն իրենց առօրյա հոգսերով, իրենց գործերով, երևի արդեն մի 7-8 գիշեր է` թեթևակի կրակոցներ եղել են, բայց հիմնականում ծանր հրետանի չի աշխատել»:

Հասանովը պատրաստ լինելու հրաման է տվել

Մինչ Հայաստանի իշխանությունները հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի հարձակման հետևանքով Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել Հայաստանի ինքնիշխան տարածքից, և հնարավոր է ադրբեջանական նոր հարձակում, այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերստին ենթականերին հրամայել է՝ «ցանկացած պահի պատրաստ լինել Հայաստանի զինված ուժերի սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։

Նման մի հրաման Զաքիր Հասանովը արձակել էր նաև սեպտեմբերի 13-ից երեք օր առաջ։

Ալիևին զսպելու համար անհրաժեշտ են կոնկրետ պատժամիջոցներ. քաղաքագետ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ այս վերջին հայտարարությամբ ևս Բաքուն կարծես թե նոր հարձակման հող է նախապատրաստում. «Այդ աշխատանքը տարվում է նաև տեղեկատվական դաշտում, դիվանագիտական դաշտում, և կարծում եմ` շատ մեծ է հավանականությունը, որ մոտակա օրերին կամ միգուցե շաբաթների ընթացքում նոր ագրեսիայի ականատեսն ենք լինելու Ադրբեջանի»:

Քաղաքագետը, անդրադառնալով մի շարք երկրների, այդ թվում` Միացյալ Նահանգների իշխանությունների՝ վերջին ռազմական էսկալացիայի մասին հայտարարություններին՝ ընդգծում է՝ դրանցով Ալիևին զսպել չի լինի, հարկավոր են կոնկրետ պատժամիջոցներ։ Օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է գործի դնել 907 բանաձևը, որը Վաշինգտոնին արգելում է օգնություն ցուցաբերել Բաքվին, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ուժի կիրառումից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ։

«Ամենամինիմալ բանն է, ինչից կարող է սկսել օրինակ` Միացյալ Նահանգները, 907-րդ բանաձևի գործարկումն է, որը վերջին 20 տարվա ընթացքում գիտենք, որ սառեցվում է ամեն տարի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրատեսական է դա, թե ոչ, դե եթե խոսում ենք կոնկրետ պատժամիջոցների մասին, դա այդ մինիմումն է, որ կարելի է ակնկալել: Հիմա չեմ խոսում ադրբեջանական էներգակիրների նկատմամբ վաճառքի նկատմամբ ինչ-որ պատժամիջոցների մասին, որովհետև կարծում եմ, որ դա շատ քիչ հավանական է, բայց նույնիսկ եթե այս պատժամիջոցները չեն էլ կիրառվելու, կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները իրենց շփումներում ադրբեջանական կողմի հետ առնվազն այդ պատժամիջոցների սպառնալիքի լեզվով խոսեն, նույնիսկ եթե չեն կիրառելու», - ասաց Գրիգորյանը:

Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո պետք է զինված ուժերը վերականգներ, սպառազինություն ձեռք բերեր, որ կարողանար նաև դիվանագիտական գործիքներով անվտանգությունն ապահովել, ասում է քաղաքագետն ու ընդգծում՝ այս իրավիճակում, երբ ուժերի հավասարակշռությունը խախտվել է, և Ադբեջանին զսպող որևէ գործոն չկա, դաշնակիցները չեն կատարում պարտավորությունները, միջազգային հանրությունն էլ Բաքվի առջև հստակ պահանջներ չի դնում, դժվար է պատկերացնել, թե ինչը կարող է կանգնեցնել Ալիևին։ Իսկ Ադրբեջանի նկրտումները մեծ են, թվարկում է Գրիգորյանը՝ միջանցք առանց հայկական վերահսկողության, անկլավների վերադարձ, որով էլ հսկողություն կսահմանվի Հայաստանի կարևոր ճանապարհների վրա, և որ ամենակարևորն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում առանց Արցախի որևէ կարգավիճակի։

XS
SM
MD
LG