Իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ վկայակոչելով արված ուսումնասիրությունները։
«Մենք շարունակում ենք քննարկել, ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթը, որը գոյություն ունի, այդ փաթեթներով որևէ իրավական հիմք չկա անկլավների հարցով։ Հնարավոր է համայնքի ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, կամ սովխոզի [советское хозяйство] ղեկավարն ինչ-որ որոշում է կայացրել, բայց դա իրավական հիմք չունի, իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք գոյություն են ունեցել 20-ական թվականներից մինչև առնվազն 70-ական թվականները։ Այսինքն՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի հարց չկա», - ասաց ԱԽ քարտուղարը։
Ճշտող հարցին, թե հնարավոր սահմանագծումից հետո ինչ կա, էդպես էլ մնալո՞ւ է այդ հատվածներում, Գրիգորյանը պատասխանեց՝ ընդհանուր առմամբ այո։
Գրիգորյանի խոսքով՝ կա Արծվաշենի հարցը և այստեղ հնարավորություն կա քննարկումներ ծավալել։ «Բայց ընդհանուր առմամբ, եթե իրավական տեսանկյունից ենք նայում և նաև քարտեզների մասով, բոլոր քարտեզները՝ 20-ականներից մինչև 70-ականներ ձևավորված քարտեզները, ոչ 100 տոկոսով, բայց շատ մոտ են իրար, որոշ տեղերում փոփոխություններ իհարկե կան, նաև կլիմայի պատճառով, բայց հստակ է, որ մենք հստակ պատկերացնում ենք մեր սահմանը», - ասաց ԱԽ քարտուղարը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև