Մատչելիության հղումներ

Երևանի և Բաքվի առաջարկած փաթեթները պետք է միացնել և սկսել բանակցություններ․ ԱԽ քարտուղար


Երևանի մոտեցումն այն է, որ հայկական ու ադրբեջանական կողմերի ներկայացրած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ, հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մենք այս հարցը Բրյուսելում, բնականաբար, բարձրացրել էինք, և մեր ընդհանուր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք, բայց վերջին շրջանում նաև կա հրապարակային հայտարարություն այս մասով: Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել», - ասաց Գրիգորյան:

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանը նաև առձեռն Բաքվին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը

Երեկ Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, Հայստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը։ Մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց Բրյուսելում, Հայաստանի ու Ադբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։

Անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովների աշխատանքային հանդիպմանը ԱԽ քարտուղարը հայտնեց, որ այն տեղի չի ունեցել «տեխնիկական համաձայնությունը չունենալու պատճառներով»: «Հույս ունենք, որ մոտ ապագայում գոյություն ունեցող տեխնիկական հարցերին լուծում կտրվի և աշխատանքային խումբը կհանդիպի», - ընդգծեց նա:

Անցած ամիս Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Բրյուսելում պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով։ Կողմերը հայտարարել էին, որ համաձայնեցրել են հանձնաժողովի կառուցվածքը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե երկկողմ այդ հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա այս շաբաթ Մոսկվայում, այն, սակայն, տեղի չունեցավ։

Ինչ վերաբերում է անկլավներին, ԱԽ քարտուղարն ասաց, որ Ադրբեջանը դեռևս չի ներկայացել իրավական հիմքեր այդ անկլավների մասով՝ շարունակելով «Մինչևդեռ հայկական կողմն ունի իրավական հիմնավորումներ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով ու այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ, որ մենք ակնկալում ենք, որպեսզի Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում, եթե նրանք այդպիսի հարցեր են բարձրացնում»:

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։

XS
SM
MD
LG