Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը»․ ըստ Փաշինյանի՝ անհրաժեշտ է ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայություն


Եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը մինչև հիմա փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, ապա հիմա պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կիրակի օրը միջանցքում անցակետ տեղադրելու ադրբեջանական գործողություններին։

Ադրբեջանը ապրիլի 23-ին փակեց Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնեցին, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Փաստացի, Բաքվի այս քայլի հետևանքով Արցախի 4 գյուղեր հայտնվել են լիակատար շրջափակման մեջ։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին ծանուցել է Ադրբեջանի հերթական խախտման մասին։

Փաշինյանը սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև Լեռնային Ղարաբաղում հաստատված հոմանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ որակեց՝ շեշտելով՝ Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում։

Ընդգծելով, որ միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական անցակետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել, որ Ադրբեջանի այս և մի շարք այլ գործողությունների իրական և խորքային նպատակը Լեռնային Ղարաբաղում հայության էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելն է։

«Հենց սա պետք է լինի մեր բոլորիս, միջազգային հանրության ուշադրության առարկան», - նկատեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

«Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի»

Ներկայացնելով իրադրության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը՝ Փաշինյանը հայտարարեց՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախումը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։

Վարչապետի խոսքով՝ բացի Ռուսաստանից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը՝ սա, ինչպես Փաշինյանն ասաց, նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

Գործադիրի ղեկավարը նաև շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնան Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա՝ միջազգային ֆորմատի շրջանակներում։

«Ադրբեջանի ջանքերը, Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն»

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրնեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասաց, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխազնիմների հասկանալի և գործուն համակարգ, հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը և որևէ էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն։

«Մեզնից և միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր ջանքերի գործադրումը և դրան զուգահեռ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով՝ Ադրբեջանի ջանքերը Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում։

«Որպես առաջին քայլ, անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործողումը», - եզրափակեց Փաշինյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG