Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավար Մելանի Ժոլին նախօրեին հրապարակել է հատուկ հայտարարություն, որով քննադատել է Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից նոր վիճահարույց անցակետի տեղակայումը:
«Կանադան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղը և շրջակայքը կապող միակ ցամաքային ճանապարհին Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայմամբ: Դա ակնհայտորեն խաթարում է խաղաղության գործընթացը և կայունությունը ողջ տարածաշրջանում», - ասվում է Ժոլիի հայտարարությունում:
Կանադան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերացնել Լաչինի ճանապարհի արգելափակումը:
«Այն պետք է բաց լինի և ապահովի մարդկանց ու բեռների անարգել փոխադրումը», - նշվում է հայտարարությունում:
Կանադան նաև կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հետագա լարվածությունից ու սահմանին թշնամական գործողություններից:
Արձագանքելով Մելանի Ժոլիի հայտարարությանը` պաշտոնական Բաքուն այն «չհիմնավորված» է որակել:
«Սեփական տարածքում անցակետ տեղակայելու որոշումն Ադրբեջանի օրինական իրավունքն է: Տվյալ որոշումն ընդունվել է Հայաստանի կողմից ռազմական սադրանքները շարունակելու պայմաններում ազգային անվտանգությունն ապահովելու համար», - ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության այսօրվա հայտարարությունում: