Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն հակադարձում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին


Ադրբեջանն այսօր հակադարձել է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման առթիվ Փարիզից հնչող հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն անհիմն է որակել Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աննա-Կլեր Լեժանդրի նախօրեին հնչեցրած քննադատական պնդումները։

«Լեժանդրի հայտարարությունները, որ վերաբերում էին Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին անցակետ տեղադրելուն, միանգամայն անհիմն են։ Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում հսկիչ-անցագրային կետ տեղադրելու լեգիտիմ իրավունք ունի։ Որևէ հիմք չկա պնդելու, թե այդ քայլը հակասում է եռակողմ հայտարարությանը, որևէ միջազգային փաստաթղթի դրույթներին կամ էլ դատարանի որոշմանը», - հայտարարել է Հաջիզադեն։

Ադրբեջանցիները երեկ փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:

Փարիզը Բաքվին կոչ է արել կատարել միջազգային պարտավորությունները, մասնավորապես իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր են։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացը։

XS
SM
MD
LG