Մատչելիության հղումներ

Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման․ Արցախի ՄԻՊ


Լաչինի միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հույս հայտնելով, որ հենց այս հարցի շուրջ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ բանակցությունները։

Անցակետի առկայությունը միջանցքի վրա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Ստեփանյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, մասնավորապես, ինչի՞ շուրջ են արդեն երկրորդ օրը շարունակվող բանակցությունները խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիների հետ։

Ստեփանյան․ - Հիմնական պահանջը, որ ներկայացվում է, այն է, որ միջանցքում բացի ռուսական խաղաղապահների անցակետից, որևէ այլ անցակետ տեղակայելն անընդունելի է։ Եվ գիտեք, սա նաև բազմիցս բարձրաձայնվել է հենց Ռուսաստանի քաղաքական, դիվանագիտական շրջանակների կողմից, և սա, կարծես թե, ռուսական կողմի համար կարմիր գիծ է եղել միշտ, և ես ենթադրում և հույս ունեմ, որ այսօր ընթացող բանակցությունները հենց այս հարցի շուրջ են, որ որևէ ձևով թույլ չտրվի միջանցքի վրա ադրբեջանական անցակետի ներկայությունը, որովհետև ռուսական խաղաղապահները, կարծում եմ, իրենք ևս հասկանում են, որ անցակետի առկայությունը միջանցքի վրա Արցախի ժողովրդի համար անընդունելի է և դա հավասարազոր է Արցախի ամբողջական և վերջնական էթնիկ զտման։

«Ազատություն»․ - Պարոն Ստեփանյան, Ձեր լավատեսությունն ինչո՞վ է պայմանավորված, եթե հենց նրանց ներկայությամբ են բերել այս անցակետը տեղադրել և չեն միջամտել, փաստորեն։

Ստեփանյան․ - Լավատեսություն չէի ասի, ուղղակի հույս արտահայտեցի։ Իհարկե, չենք կարող ասել, թե ինչպիսի հանգուցալուծում կլինի։ Ես կարող եմ ասել, թե մենք ինչ հանգուցալուծում ենք տեսնում, իսկ մեզ համար այդ հանգուցալուծումը պետք է լինի եռակողմ հայտարարության շրջանակներում, ըստ որի, այսպես կոչված, Լաչինի միջանցքը, որը որ 5 միլոմետր լայնություն ունի և ամբողջությամբ պետք է լինի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։

Իրավացի եք, որ նրանց ներկայությամբ է կատարվել դա, և մեր ակնկալիքն էլ հենց նրանցից է, քանի որ հարցն առաջացել է հենց նրանց ներկայությամբ և հարցը գտնվում է անմիջական նրանց տիրույթում, ուստի և հենց հարցի լուծումը պետք է գտնեն ռուսական խաղաղապահները՝ բանակցելով կամ այլ մեխանիզմներով։ Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանի կողմից անկհայտ և առանց որևէ խոչընդոտի խախտվում է եռակողմ հայտարարությունը, որի երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, 2023-ի ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։

Գեղամ Ստեփանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG