Մատչելիության հղումներ

Գեներալ Վոլկովի մասնակցությամբ շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները


Ռուսական խաղաղապահները զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ շարունակում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ Բաքվի, և՛ Ստեփանակերտի հետ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել. - «Ընթացքը գնում է, բայց որևէ արդյունք չկա»:

«Ազատության» հարցին՝ բանակցությունները երկկո՞ղմ են, թե՞ արցախյան կողմից էլ կան մասնակիցներ, Հարությունյանը պատասխանեց. - «Եռակողմ չկա, առանձին-առանձին քննարկումները տեղի են ունենում»:

Առայժմ պաշտոնական Ստեփանակերտը ընթացող բանակցությունների մասին որևէ մանրամասն չի հրապարակում։ Արցախի նախագահի խոսնակն «Ազատությանը» միայն փոխանցեց, որ «խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող քայլերի վերաբերյալ տեղեկությունները կհաղորդվեն իրավիճակի զարգացմանը զուգահեռ»։

Մինչ այդ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում հաջողվել է որոշակիորեն վերականգնել հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից:

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էր այսօր ավելի վաղ հրավիրված խորհրդակցության ժամանակ խոսել այս մասին՝ նշելով. «Ինչ վերաբերում է հումանիտար բեռնափոխադրումներին, ապա վերջին օրերին կրկին խափանվել է բեռների, այդ թվում՝ վառելիքի ու պարենի ներկրումը, սակայն որոշակի դրական միտում կա, որ այսօրվանից կարող ենք վերականգնել ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները նոր ռեժիմով ու ծավալով: Այս և նախընթաց դժվարությունները և լրացուցիչ սահմանափակումները Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության, արդյունքում չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից: Երրորդ օրն է՝ հումանիտար բեռնափոխադրումներ չեն կատարվում նաև Կարմիր խաչի միջազգային կազմակերպության արցախյան ներկայացուցչության կողմից»:

Նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Ադրբեջանը կիրակի օրը փակեց Լաչինի միջանցքը ճիշտ այն հատվածում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Ինչո՞ւ խաղաղապահ զորակազմը չկանխեց Ադրբեջանի կողմից բեռնատարների և ռազմական մեքենաների միջոցով Հակարիի կամրջի փակումը։ Առայժմ որևէ պաշտոնական բացատրություն չի հնչել։

Անցակետի տեղադրումից ավելի քան 24 ժամ անց Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միայն մեկ հայտարարություն է տարածել. «Միակողմանի և չհամաձայնեցված գործողությունների հետևանքով ադրբեջանական կողմը արգելափակել է Լաչինի միջանցքով երթևեկությունը ռուս խաղաղապահների համար մեկ անցակետի մոտ։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»։

Արցախի ընդդիմությունը հնարավոր չի համարում ճանապարհի բացումը

Արցախի խորհրդարանական ընդդիմությունը մինչդեռ կարծում է, որ չնայած ընթացող բանակցություններին, ադրբեջանցիները ճանապարհը չեն բացելու։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունը Արցախի շահերը չի պաշտպանում, ռուսները ինչո՞ւ պետք է դա անեն։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, առանց փաստաթուղթ ստորագրելու այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում սահմանազատում, և Բաքուն Հակարիի կամրջի վրա անցակետ դնելով արձանագրում է իր սահմանը։

«Ցավալի է, բայց փաստ է, որ այս իշխանությունները 120 հազար հայի թողնում են մեն-մենակ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ՝ հույսները դնելով, որ ռուս խաղաղապահները միայն պետք է խոսեն դրա մասին: Ես համոզված եմ, որ Ադրբեջանի դեմ հարց դնելուց առաջ ռուսների կողմից, ադրբեջանցիք ծածանելու են դրոշը որպես հիմք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը դա 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, և իրենք ֆիքսում են իրենց սահմանը», - ասաց Գալստյանը:

Պաշտոնական Երևանը նախօրեին խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը։ Ի պատասխան, Բաքուն հակադարձել էր՝ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Մինչ Արցախում անհանգիստ սպասում են խնդրի հանգուցալուծմանը, Հայաստանում իշխանական օրենսդիրները հանգստության կոչեր են հնչեցնում։

«Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են և բաց ճանապարհները, երբ որ չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են», - նշեց Հայաստանի խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պաշտոնական աղբյուրները չեն հաստատում Վոլկովի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը

Մինչ Ղարաբաղում բանակցությունները շարունակվում են` առայժմ անարդյունք, թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են, թե ռուսական կողմը պատրաստվում է պաշտոնանկ անել խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ Վոլկովին: Պաշտոնական աղբյուրները, սակայն, այս լուրերը առայժմ չեն հաստատում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG