Մատչելիության հղումներ

«Ալիևը ինչ ուզում ա, անում ա...» Կոռնիձորի բնակիչ


Հակարիի կամուրջը
Հակարիի կամուրջը

Հակարիի կամրջի վրա Ադրբեջանն արդեն իր դրոշն է բարձրացրել, տեղադրել տնակներ, տարածքում նաև զորք են շարել։ Ու այս ամենը ռուսական անցակետից մի քանի մետրի վրա։

Այս կամուրջը Լաչինի նոր միջանցքում է՝ Հայաստան - Արցախ սահմանագծին, Կոռնիձոր գյուղի տակ։ Երեկ կեսօրից ադրբեջանական կողմը փակեց կամուրջը, թե՝ հսկիչ անցակետ են տեղակայում։

Կոռնիձորցի Վաղինակ Արզումանյանը արդեն չի զարմանում. - «Ալիևը ինչ ուզում ա, անում ա... Ալիևը ի՞նչ ա ուզում, որ չի արել, Ալիևը ի՞նչ տարածք ա վերցրել, որ մետր հետ ա գնացել...»

Մինչև երեկ այդտեղով շրջափակված Արցախ հումանիտար բեռ էր տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտից էլ ծանր հիվանդների էին Երևան բերում ՝ Կարմիր խաչի մեքենաներով։

«Կամուրջը փակ է, ինչ են անելու Արցախում», - ինքն իրեն հարցնում է կոռնիձորցի Էլվիրա Սուքիասյանը։ - «Երևի հայի վերջը եկալ ա... Դե, տեսնում չե՞ս, Ստեփանակերտը էնդեղ են փակալ... դե լյավ, էս հայը բա հի՞նչ պիտի անի»։

«Մի տեսակ չեմ հասկանում դրանց պերեգավորից». Դավիթ Ղուլունց

Լաչինի միջանցը և այդտեղ Հակարիի կամուրջը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում են։ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը երեկ տեղեկացրել էր, որ ռուսներն ու ադրբեջանցիները բանակցում են, իրեն կամրջին մոտենալ թույլ չեն տալիս։ Այսօր էլ լսել է, որ դեռ բանակցում են, իսկ ադրբեջանական կողմն ավարտին է հասցնում անցակետի գործը;

Դավիթ Ղուլունց
Դավիթ Ղուլունց

«Միգուցե իրար տըհենց են ցույց տալի... ես ոչ մի բան դրանից գլուխ չեմ հանում, չեմ կարա։ Որովհետև եթե չեն թողնում, խի՞ են դնում, կամ եթե դնում են, խի՞ չեն իրար հետ պարզած... Այ սենց մի տեսակ չեմ հասկանում դրանց պերեգավորից», - ասաց Ղուլունցը։

Մինչև անցակետ տեղադրելու մասին հայտարարելը պաշտոնական Բաքուն մի քանի օր դարձյալ խոսում էր, թե հայկական կողմը ռազմական բեռներ է տեղափոխում այդ ճանապարհով։ Նախօրեին էլ ականի պայթյունից վիրավորում էին ստացել երեք ադրբեջանցիներ, ու Բաքուն սա էլ էր հայկական կողմին վերագրել։

Զենքի փոխադրման, ականների տեղադրման մեղադրանքները հայկական կողմը հերքել էր։ Բաքուն անցակետի տեղադրման մի թարմ հիմնավորում էլ ունի՝ հայկական կողմն ավելի վաղ է այդտեղ անցակետ տեղադրել՝ առանց համաձայնեցման։

Կամրջի ամենաընդարձակ ու ընդհանուր տեսարաններում անգամ հայկական անցակետ չի նշմարվում։

Արմեն Խաչատրյան
Արմեն Խաչատրյան

«Ոստիկանական կետ Տեղ համայնքի տարածքում կա, հայկական տարածքում», - շեշտում է պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը. - «Եվ եթե ունենք էդ անցակետը, դա մեր սահմաններում է տեղադրված, բնականաբար՝ մի շարք անվտանգային միջոցառումների համար։ Որևէ անցակետ պայմանավորվածությունների խախտմամբ, Հայաստանի Հանրապետությունը չի տեղադրել»։

Ադրբեջանում ասում են, թե Հակարիի կամրջի վրա, Լաչինի միջանցքում սահմանային հսկիչ կետն իրենց պետք է երթևեկը օրինական ու անվտանգ դարձնելու համար։ Դիվանագիտությամբ ու աշխարհաքաղաքական խաղերով չզբաղվող կոռնիձորցիներն էլ գիտեն, թե ինչ է ասում Բաքուն։

«Լսեք, տեսեք հինչ են ասում։ Ձեր ցավը տանեմ ես, խի՞ չեք ուզում որ հասկանաք։ Հայու էրեխան կյալու ա պասպորտը հանի կամ ծննդականը թուրքին ցույց տա, անցնի՞...» - զարմանում է Վաղինակ Արզումանյանը։

Եթե արցախ գնացող-եկողին ադրբեջանցի սահմանապահն ստուգի, կոռնիձորցի Արկադի Հասրաթյանի բառով՝ զզվացնի, Արցախում հող մշակողի վրա էլ կրակի, պարզ է, թե ինչ է լինելու շուտով. - «Ժողովուրդը արդեն ամեն ինչից զրկվելու են, ստիպված կամաց-կամաց պիտի դուրս գան»։

«Արցախում արդեն իսկ հնար չկա», - ասում է Էլվիրա Սուքիասյանը։ Ստեփանակերտցի ծանոթից մի քանի օր առաջ զանգ ստացավ, թե ուտելիք չկա։ Սա մինչև կամրջի փակումն էր, տիկին Էլվիրան շատ է ուզում իմանալ, թե ինչ են մտածում Հայաստանի մեծերը այս ամենի մասին. - «Մեծերը պիտի մտածեն, Փաշինյանը պիտի մտածի, մենք հի՞նչ պիտի մտածենք։ Մի դոնգլի գյուղացին հի՞նչ պիտի մտածի, գյուղացուն ձեռից հի՞նչ ա եկալ, ոչ մի պյան»։

Արցախը, Սյունիքի սահմանի գյուղերը խեղդվում են ադրբեջանական հենակետերի մեջ։ Էլվիրա Սուքիասյանի լսողութունը թուլացել է, ողջ գիշեր անհանգիստ պատուհանից հետևում է, չլինի այնպես, որ իրադրությունը սրվի, հարևանները հեռանան՝ ինքը մնա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG