Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ առանց ռուսական և հայկական կողմերի համաձայնության, տեղակայած անցակետում այսօր պետական դրոշի բարձրացման արարողություն է կազմակերպել:
«Տեղի է ունեցել դրոշի բարձրացում, ինչի մասին զեկուցվել է Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին», - ասվում է ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
Տեղի ունեցած արարողության մասին հայտնել է «Ինտեֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությունը, որը նշում է, որ ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայությունը ճանապարհին նոր անցակետ է տեղակայել:
Այդ անցակետի՝ եռակողմ համաձայնությունների խախտմամբ տեղադրման հետևանքով Շուշիի շրջանի հայկական չորս գյուղեր հայտնվել են փաստացի շրջափակման մեջ:
Ռուսաստանը «միակողմանի քայլ» է անվանել Ադրբեջանի գործողությունը, մի շարք երկրներ այն միանշանակ և խստորեն դատապարտել են:
Ռուս խաղաղապահները հայտնել են, որ վիճահարույց անցակետի շուրջ բանակցում են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: