Մատչելիության հղումներ

Արցախից 16 բուժառու այսօր տեղափոխվել է Հայաստան


Արցախից16 անձ այսօր, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 11 բուժառուներ էլ իրենց ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։

Նախարարությունը նշում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Երեկ Արցախի առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական անցակետի տեղադրման պատճառով վերջին օրերին չեղարկվել է 28 ուղեգրված բուժառուների տեղափոխումը Հայաստանի մասնագիտացված բուժհաստատություններ։ Չկայացած ուղերթում, ըստ նախարարության, նաև հղիության վերջին փուլում գտնվող ապագա մայրիկ էր, ում սպասվող փոքրիկին ծննդալուծումից անմիջապես հետո անհապաղ սրտաբանական վիրահատական միջամտություն է սպասվում, որը անհնար է անցկացնել Արցախում:

Ադրբեջանցիները կիրակի օրվանից փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին ծանուցել է Ադրբեջանի կողմից հերթական խախտման՝ Հակարիի կամրջի փակման և Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման մասին։

XS
SM
MD
LG