Մատչելիության հղումներ

Գեներալ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները


Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, շարունակվում են Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Արդեն 3-րդ օրը շարունակվող բանակցությունները, սակայն, ըստ նրա, դեռևս արդյունք չեն տվել։

Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։

Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս գործողությունները 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտում է համարել՝ նշելով՝ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրներն առանձին-առանձին մտահոգություն են հայտնել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG