Մատչելիության հղումներ

Որևէ արցախցի չի անցնի Ադրբեջանի անցակետով. Արցախի ՄԻՊ


Արդեն երրորդ օրն է, որ Կարմիր խաչը որևէ ձևով տեղաշարժ չի իրականացնում ճանապարհով ոչ անձանց, ոչ էլ հումանիտար բեռների փոխադրման առումով, իսկ ռուսական խաղաղապահների միջոցով անցակետի տեղադրումից հետո խնդիրներ կային, բայց երեկ երեկոյից սկսած հնարավորություն է ստեղծվել հումանիտար բեռներ ներմուծել, բերել Արցախ, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ, ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։

Ստորև ներկայացնում ենք հատված Գեղամ Ստեփանյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Ստեփանյան, Բաքվի փաստարկն է դա նաև, և անցած չորս ամիսներին էլ հայտնի է, որ Կարմիր խաչի միջնորդությամբ սահմանափակ մարդիկ, հիվանդներ տեղափոխվել են Երևան, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ էլի սահմանափակ սնունդ է տեղափոխվել Արցախ։ Հիմա դա էլ չկա։

Գեղամ Ստեփանյան. - Հիմա այսօր արդեն երրորդ օրն է, որ Կարմիր խաչը որևէ ձևով տեղաշարժ չի իրականացնում ճանապարհով ոչ անձանց, ոչ էլ հումանիտար բեռների փոխադրման առումով, իսկ ռուսական խաղաղապահների միջոցով անցակետի տեղադրումից հետո խնդիրներ կային, բայց երեկ երեկոյից սկսած հնարավորություն է ստեղծվել հումանիտար բեռներ ներմուծել, բերել Արցախ, այսինքն՝ այս խնդիրը, կարծես թե, ինչ-որ առումով այս պահին իր լուծումն ստացել է։

Բայց անգամ ռուսական խաղաղապահների կամ անձամբ նրանց կողմից հումանիտար բեռներ Արցախ բերելու հարցում ևս Ադրբեջանը լրջագույն և արհեստական խոչընդոտներ է հարուցում՝ ուղղակի նաև խոչընդոտելով խաղաղապահ զորակազմի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սա այն դեպքում, երբ եռակողմ հայտարարության համաձայն՝ միջանցքի վերահսկողությունը գտնվում է ռուսական խաղաղապահների անմիջական հսկողության ներքո։

«Ազատություն». - Հայտնի է նաև, որ այս անցակետի տեղադրման հետևանքով Արցախի մի քանի համայնքներ հիմա նաև կտրվեցին Լեռնային Ղարաբաղից, այսինքն՝ ընդհանրապես շրջափակման մեջ հայտնվեցին՝ Հայաստանի հետ կապը կորցնելով։ Այնտեղ ի՞նչ վիճակ է, արդյոք բեռներ տեղափոխվո՞ւմ են այնտեղ։

Գեղամ Ստեփանյան. - Իմ աշխատակազմը ամենօրյա կապի մեջ է համայնքների ղեկավարների հետ։ Խոսքը չորս համայնքների մասին է՝ Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող և Լիսագոր, որոնք տևական ժամանակ՝ շրջափակման առաջին իսկ օրից, կտրված էին մայրաքաղաքից, և այո, անցակետի տեղադրմամբ նաև կորցրել են կապը ՀՀ հետ։ Եվ այս համայնքներում ևս հումանիտար իրավիճակը, առկա սննդի, դեղորայքի պաշարները և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների պաշարները գտնվում են շատ սուղ վիճակում, և ամենակարճ ժամկետներում այս խնդրին պետք է իր հասցեական լուծումը տրվի, որովհետև հակառակ պարագայում մենք գործ ենք ունենալու նշված չորս համայնքներում ուղղակի հումանիտար աղետի հետ։

«Ազատություն». - Պարոն Ստեփանյան, դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից՝ այդ անցակետն արտառոց մի բան չէ, ընդհակառակը՝ «ապահովելու է անվտանգություն, լրացուցիչ երաշխիքներ է ստեղծելու», սակայն Դուք դա էթնիկ զտման գործիք եք անվանում։ Ինչպե՞ս է դա լինելու, ի՞նչ մտավախություն ունեք այս իմաստով։

Գեղամ Ստեփանյան. - Շատ ուղիղ. Արցախում որևէ մեկը չի պատրաստվում Լաչինի միջանցքով անցնելիս ստուգման անցնել ադրբեջանական ծառայությունների կողմից կամ հաշվետվություն տալ ադրբեջանական ծառայողներին, թե ուր է գնում և ինչ նպատակով է գնում, կամ Արցախ վերադառնալու պարագայում նման գործընթացներ անցնել։ Արցախում որևէ մեկը չի պատրաստվում հանդուրժել, որ Լաչինի միջանցքը, որը եռակողմ հայտարարությամբ պետք է ազատ տեղաշարժ ապահովի, անցնել ադրբեջանական դրոշի ներքո կամ ադրբեջանական ծառայողների վերահսկողության ներքո։ Եվ շատ պարզ է, որ այս իրավիճակը մի կողմից խթան է լինելու, մի կողմից մարդիկ, ովքեր չեն ընդունում սա, ովքեր դեմ են, իսկ նրանք մեծամասնություն են, մտածելու են Արցախը լքելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG